«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2011-06-15 | #110, 2011-06-16 | #111, 2011-06-17


ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԿԵՏԱՆՑ Է ՈՒ ԱՆԲԱՐՎՈՔ ՎԻՃԱԿՈՒՄ

Որ հանրապետությունում վերելակներն անսարք վիճակում են, բնավ նորություն չէ: Միայն Աստված գիտի, թե Հայաստանի ո՞ր քաղաքացու համար ո՞ր վերելակը ի՞նչ անակնկալ է պատրաստել: Առհասարակ, վերելակները վտանգավոր օբյեկտներ են, ու որեւէ վերելակից օգտվելիս մենք ենթագիտակցորեն վախենում ենք: Սակայն վերելակների անվտանգության խնդիրները մեզանում քիչ են բարձրաձայնվում: Բնակիչները եւ այդ վտանգավոր օբյեկտների անվտանգության համար պատասխանատուները սթափվում են միայն այն պահերին, երբ դժբախտ պատահարներ են լինում: Վառ ապացույցը հենց երեկ կազմակերպված ասուլիսն էր, որը բառացիորեն հաջորդեց հունիսի 6-ին Ե. Կողբացի 3 ա շենքում տեղի ունեցած դժբախտ պատահարին: Հիշեցնենք, որ վերոնշյալ հասցեում տեղակայված շենքում 2003 թվականին ծնված Էդգար Հարությունյանը վերելակի հորն էր ընկել, ապա կոտրվածքներով տեղափոփվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեկ հիվանդանոցից «Ազգը» տեղեկացավ, որ երեխան ապաքինվում է, նրա վիճակն արդեն մոտ է բավարարին: «Հենարան» ակումբի բանախոսներն այս պատահարին եւս անդրադարձան, բայց մինչ այդ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը տեղեկացրեց, որ հանրապետությունում գրանցված վերելակների թիվը կազմում է 5645, որից 1190-ը վարչական կառույցների վերելակներն են, իսկ 4455-ը` բնակելի ֆոնդինը: Ըստ Աշոտ Պետրոսյանի` թեեւ տարիների ընթացքում կատարվել են փոփոխություններ ու ոլորտում առաջընթաց կա. «Սակայն փորձը ցույց է տալիս, որ վերելակների մեծամասնությունը բարվոք վիճակում չէ ու ժամկետանց է»: Նախարարության ներկայացուցչի խոսքով` տեխանվտանգության ազգային կենտրոնը վերահսկողություն իրականացնող կառույց չէ: Վերահսկողությունը կատարում են տնտեսվարող սուբյեկտները, որոնք պետք է պայմանագիր կնքեն տեխանվտանգության ազգային կենտրոնի հետ, որպեսզի վերջինս իրականացնի փորձաքննություն: Անցյալ տարի կատարված փորձաքննությունից հետո, ըստ Աշոտ Պետրոսյանի, միայն Երեւանում 361 վերելակ ստացել է բացասական եզրակացություն, որից 312-ը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված վերելակներն են: Մի վերելակի փորձաքննության իրական արժեքը 2930 դրամ է: Պարոն Պետրոսյանի փոխանցմամբ` նույնիսկ հօգուտ բնակիչների ու համայնատիրությունների` տեխանվտանգության կենտրոնը պայմանագիրը կնքում է 2500 դրամով. «Արդեն կարգադրություն եմ տվել, որ փորձաքննություն անցած վերելակների դրական կամ բացասական եզրակացությունը փակցնեն վերելակների վրա»:

Այնուհետեւ անդրադառնալով Կողբացի 3 ա հասցեում տեղի ունեցած դժբախտ պատահարին` փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ տվյալ վերելակը փորձաքննություն է անցել անցյալ տարի ու դրական եզրակացություն է ստացել, բայց այս պահին վերելակը չի շահագործվում ու ենթարկվելու է արտահերթ փորձաքննության: Փորձագետի փոխանցմամբ` երեխան վերելակում մի քանի անգամ տարբեր կոճակներ է սեղմել, մնալով 5-րդ ու 6-րդ հարկերի միջեւ` փորձել է ինքնաէվակուացիա կատարել, փորձել է բացել հորանի ու խցիկի դռները, այսինքն` ներսի ու դրսի դռները եւ ընկել է հորանը: Լուսինե Հովհաննիսյանի խոսքով` երեխան ինքն է պատմել, թե ինչպես է վարվել վերելակի հետ, որպեսզի կարողանա դուրս գալ: Ապա փորձագետը զգուշացրեց բնակիչներին, որ մինչեւ 12 տարեկան երեխաները վերելակից ինքնուրույն օգտվելու իրավունք չունեն: Այս զգուշացումը, ըստ Լ. Հովհաննիսյանի, նշված է եղել խորհրդային տարիներին վերելակ արտադրող բոլոր գործարանների պահանջներում: Իսկապես, լավ կլինի, որ մինչեւ 12 տարեկան երեխաները միայնակ վերելակ չնստեն, իսկ վերելակի հետ խաղալու վատ սովորությանն էլ վերջ տան: Վերելակների անվտանգության համար, իրոք, առաջինը պետք է անհանգստանան բնակիչները, սակայն ամեն ինչ միայն բնակիչների վրա բարդելն էլ ճիշտ չի լինի: Ստեղծված իրավիճակում Աշոտ Պետրոսյանը բնակիչներին հետեւյալ խորհուրդը տվեց. «Որ ամեն ամիս փող եք տալիս համատիրությունների ղեկավարներին, պահանջեք նրանցից, որ հոգան նաեւ վերելակների անվտանգության մասին»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4