«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2011-06-15 | #110, 2011-06-16 | #111, 2011-06-17


ԱՄԻՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ «ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ»

Նրանք բաց նամակ են հղել երկրի նախագահին

2004 թվականից իրացման տարածք համարվող Ամիրյան փողոցի 4/16, 4/18, 4/20, 4/22, 4/24 հասցեներում գրանցված բնակիչները բաց նամակով դիմել են երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Նշելով, որ 2005-ի գարնանը իրենք ստիպված են եղել կնքել անշարժ գույքի իրացման եւ փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որոնցՙ 30 ամիս հետո իրենց տների տեղում կառուցվող շենքից պետք է ստանային բնակարաններ, նրանք հայտնում են, որ դա տեղի չի ունեցել: «Անցել է 75 ամիս, բայց մենք չենք ստացել ո՛չ պայմանագրերով նախատեսված բնակարանները, ո՛չ բնակության վարձակալության գումարները, ո՛չ շինարարության ձգձգման տուգանքները: Մեզ մինչ այժմ չեն հատկացվել սեփականության վկայականները, եւ մենք չենք կարող ոչ մի իրավական գործողություն կատարել կիսակառույց տարածքների նկատմամբՙ վաճառք, նվիրատվություն, կտակ: Զրկվելով ապրուստի միջոցներիցՙ մենք հայտնվել ենք աղետալի վիճակում, քանի որ վարձակալած բնակարաններից մեզ հանել են», նշված է նրանց բաց նամակում:

Ըստ Ամիրյան փողոցի 24 ընտանիքների, տարածքը ձեռք բերած Մելիք Գասպարյանի ժառանգները հայտարարում են, որ իրենց ընկերության բաժնետերերն են բարձրաստիճան անձիք, եւ տալիս են կոնկրետ անուններ, ավելացնելով, որ «մեր դեմ խաղ չկա»:

Բնակիչներն էլ բաց նամակով հայտարարում են, որ դիմելու են Եվրոպական դատարան իրենց խախտված իրավունքների վերականգման համար, որի դիմաց «վճարելու է պետությունը, այսինքնՙ Հայաստանի Հանրապետության ոչ մի մեղք չունեցող հարկատուները»:

Երկրի նախագահից բնակիչները խնդրում են Հայաստանի Հանրապետության անունից կնքված պայմանագրերի պարտավորությունների կատարում, շինարարության ժամկետների խախտման տուգանքների վճարում, բնակարանների սեփականության վկայականների տրամադրում, ժամանակավոր բնակարանների վարձակալության գումարների հատկացում, շինարարության ավարտի կոնկրետ եւ ռեալ ժամկետներ:

Մեր կողմից ավելացնենք, որ համանման խնդրի առջեւ են կանգնել նաեւ այլ տարածքների (Ֆիրդուսի եւ այլն) բնակիչներ, որոնք կնքել են պայմանագրեր եւ վարձով ապրելովՙ սպասում են մինչ բնակարան ստանան, բայց պայմանագրային ժամկետներն ավարտվում են, իսկ բնակարանները դեռ չեն ստացել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4