Չորս ամիս տեւած խորհրդակցություններից ու բանակցություններից հետո Լիբանանում ձեւավորվեց կառավարություն` 30 նախարարներով: Հայկական համայնքը, որն ավանդաբար պարտադիր ներկայացված է լինում Լիբանանի ընդլայնված կառավարությունում, ներկայացված է երկու նախարարներով` Վրեժ Սապունճյան եւ գնդապետ Փանոս Մանճյան: Հունիսի 15-ին վերջիններիս ընդունել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Շնորհավորելով երկու նախարարներին` կաթողիկոսը նշել է, որ չնայած Սապունճյանի եւ Մանճյանի թեկնածությունները առաջարկել է ՀՅԴ-ն, սակայն նրանք պետք է իրենց գործունեությունն ուղղեն Լիբանանի ողջ հայությանը նպաստելուն եւ նրանց շահերը պաշտպանելուն: Կաթողիկոսը նաեւ նշել է, որ չնայած Լիբանանի ներկայիս կառավարությունը քաղաքական մեկ ուղղություն ունի, սակայն հայ համայնքը չպետք է կենտրոնանա մեկ կողմի հետ հարաբերություններում, այլ պետք է գործակցի բոլոր կողմերի հետ` ամբողջական Լիբանանի շահերը վեր դասելով: Իրենց հերթին` երկու նախարարները հավաստիացրել են, որ նվիրումով են ծառայելու Լիբանանի հայությանը եւ պաշտպանելու են հայ համայնքի իրավունքները:
Հ. Ա.