Երեւանի քաղաքապետարանը գիտի՞, թե ինչպես են ծախսվել տրամադրված միջոցները
Մոտ մեկ տարի առաջ «Ազգն» անդրադարձել էր Երեւանի Սեբաստիայի փողոցի 24/1 շենքի 4-րդ մուտքի բնակիչների բողոքինՙ շենքի տանիքի իրենց հատվածի փլվելու մասին: Մեր թերթի 2010-ի մայիսի 13-ին հրապարակված «Սպասել մինչեւ շենքը փլվի՞» հոդվածում նշել էինք, որ մուտքի բնակիչները շենքի տանիքի իրենց հատվածի վիճակի մասին բազմիցս ահազանգել եւ դիմել են համապատասխան մարմիններինՙ տարածքը սպասարկող համատիրությանը, Մալաթիա-Սեբաստիա համայնքապետարանին, Երեւանի քաղաքապետարանին, բայց ապարդյուն: Տանիքի գրեթե բացակայությունն այդ հատվածում բերել էր նրան, որ վնասված պանելն ու նրան պահող պատերը հեղեղվում են ձմռանը հալվող ձյան եւ գարնանն ու աշնանը անձրեւների ջրերով, որի հետեւանքով դրանք կարող են փլուզվել ցանկացած պահի:
Նշելով այս մասին, հարց էինք բարձրացրել, թե ավելի ճիշտ չէ՞ր լինի անհամեմատ ավելի քիչ ծախսերով տանիք վերանորոգել, քան թե շենքը վթարային դարձնել, ապա վերականգնել կամ նորը կառուցել:
Մեր հրապարակմանն այն ժամանակ օպերատիվ արձագանքեց Երեւանի քաղաքապետարանը: Թերթին ուղարկած հաղորդագրության մեջ Երեւանի քաղաքապետարանից ստացել էինք հետեւյալ պատասխանը. «Հարգելի խմբագրություն, «Ազգ» օրաթերթի մայիսի 13-ի համարում տպագրված «Սպասել մինչեւ շենքը փլվի՞» վերնագրված հոդվածի առնչությամբ տեղեկացնում ենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ Սեբաստիա փողոցի հ 24/1 շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ: «Սեբաստիա-2» համատիրությանը տրամադրվել են վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութերը»: Պատասխանին կից ներկայացվել էին համապատասխան շինանյութերի տրամադրման մասին որոշման պատճեները:
Մեր գոհունակությունը հայտնելով քաղաքապետարանի օպերատիվ պատասխանից, հույս հայտնեցինք, որ նույն օպերատիվությամբ էլ կկատարվեն տվյալ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները: Սակայն անցել է ուղիղ մեկ տարի, եւ շենքի տանիքի այդ նույն հատվածը մնացել է չվերանորոգված: Մուտքի վերեւում գազի համար բացված օդանցքից երեւում է բաց երկինքը, իսկ մուտքի պատերն ավելի են քայքայվել այս մեկ տարվա ընթացքում:
Այս իրավիճակում մեզ մի քանի հարց է հետաքրքրում:
Առաջին հարցՙ ի՞նչ է տեղի ունեցել Երեւանի քաղաքապետարանի կողմից «Սեբաստիա-2» համատիրությանը տրամադրված շինանյութերի հետ, եթե տանիքը մինչ օրս էլ մնում է նույն վիճակում:
Հարց երկրորդՙ բնակիչներից սպասարկման վարձ պահանջող, բայց որեւէ սպասարկում չիրականացրած նույն համատիրությունը ինչո՞ւ հաշվետվություն չի ներկայացնում բնակիչներին, թե ի՞նչ աշխատանքներ է կատարել ընդհանրապես եւ մասնավորապես տանիքի նորոգման ուղղությամբ:
Հարց երրորդՙ Երեւանի քաղաքապետարանը իր տրամադրած միջոցների համար կատարված աշխատանքի հաշվետվություն պահանջո՞ւմ է, թե՞ ոչ:
Հարց չորրորդՙ Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանին երեւանցիների ամենօրյա կյանքին առնչվող նման «մանր» հարցեր հետաքրքրո՞ւմ են, թե՞ նա միայն սահմանափակվում է համաքաղաքային հարցերի շուրջը տեսական դատողություններ անելով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ