«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2011-06-15 | #110, 2011-06-16 | #111, 2011-06-17


ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՆ ՈՒՆԻ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ

Ի պաշտպանություն Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի, գրադարանի աշխատակիցներն ու ընթերցողները «ակցիա» են սկսել: Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ մշակույթի նախարարը գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանին փոխանցել է ծանուցագիր, որի համաձայն` տնօրենի ծառայության ժամկետը լրացել է, ու պայմանագիրն էլ ենթակա չէ երկարացման: Երեկ «Արմատ» ակումբում փոխգնդապետ Ռաֆիկ Թադեւոսյանը , որը նաեւ ներկայացավ որպես Ազգային գրադարանի 40 տարվա ընթերցող, նշեց. «Վստահ չեմ, որ Դավիթ Սարգսյանին հաջորդող տնօրենը բանան ծախող չի լինի»: Ռաֆիկ Թադեւոսյանը գովաբանեց ներկայիս տնօրենին ու հայտարարեց, որ նրան աշխատանքից հեռացնելը սխալ քայլ է: Տնօրենի կողմնակիցները դիմում-բողոքներ են ուղարկել հանրապետության նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին եւ, բնականաբար, դրանցում հանդես են եկել ընդդեմ Հասմիկ Պողոսյանի որոշման: Ի դեպ, երեկվա ասուլիսին նաեւ պետք է ներկա լիներ Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, սակայն չէր եկել: Ռաֆիկ Թադեւոսյանը տեղեկացրեց, որ փոխտնօրենն առավոտյան ժամը 10.00-ին գնացել է մշակույթի նախարարություն. հավանաբար չի հասցրել գալ ասուլիսին: Թե ի՞նչ արդյունքի կհասնեն Դավիթ Սարգսյանի կողմնակիցները, ցույց կտա ժամանակը: Նրա կողմնակիցները շարունակ նշում են տնօրենի կատարած բարի գործերի մասին, բայց եւ կան կարծիքներ, որ Դավիթ Սարգսյանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը: Սրան «Ազգը» արդեն անդրադարձել է հունիսի 15-ի համարում: Իսկ Դավիթ Սարգսյանի կողմնակիցներն ունե՞ն տվյալներ, թե ո՞վ է հաջորդելու ներկայիս տնօրենին, եւ նրան պաշտոնից հեռացնելն արդյոք ունի՞ քաղաքական ենթատեքստ: Անդրադառնալով այս հարցերին` Ռաֆիկ Թադեւոսյանը նշեց. «Չեմ բացառում, որ այս ամենն ունի քաղաքական ենթատեքստ. մեր երկրում ամեն ինչ հնարավոր է: Նաեւ չեմ բացառում, որ տնօրենի պաշտոնի համար մշակույթի նախարարն արդեն թեկնածու ունի, բայց դեռ տեղյակ չեմ` ով է լինելու»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4