«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2011-06-15 | #110, 2011-06-16 | #111, 2011-06-17


ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 32 ԴԵՊՔՈՎ

Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանը , նույն վարչության պետի տեղակալ, 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը եւ հոգեբան Մարինե Պետրոսյանը : Տկն Դուրյանը ներկայացրեց հանրապետությունում անչափահասների կատարած հանցագործությունների հինգ ամսվա տվյալները: Նախորդ տարվա հետ համեմատած անչափահասների կատարած հանցագործությունները նվազել են 32 դեպքով, հինգ ամսում գրանցվել է 169 դեպք:

Իսկ թե որո՞նք են հանցագործություններ ծնող դրդապատճառները, հոգեբանը ներկայացրեց իրենց հետազոտությունների արդյունքները. գերակշռում են երկու տեսակի հանցագործություններ: Գերակշռում են հոգեբանական գործոնները, բռնի-ագրեսիվ եւ շահադիտական դրդապատճառներով կատարված հանցագործությունները: Իսկ պատճառներից են անչափահասների շրջանում ցածր ինքնահսկումը, ոչ բավարար դաստիարակությունը եւ այլն: Ուրախալի է, որ նվազել է կրկնահանցագործների թիվը, եւ համաներումը կիրառվել է նաեւ անչափահասների նկատմամբ:

«Ազգի» հարցին պատասխանելով, տկն Դուրյանն ասաց, որ անչափահասների վարչությունում հաշվառված են 20 մուրացիկներ ու նրանց հետ մշտապես տարվում են բացատրական աշխատանքներ: Հիմնականում մուրացիկությամբ զբաղվում են առանց հոր, սոցիալապես վատ վիճակում գտնվող ընտանիքների երեխաները: Նա չբացառեց, որ կան դեռ դեպքեր, որ չափահասների դրդմամբ մուրացիկություն են անում անչափահասները, եւ այդ դեպքերը մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են գտնվում: Գրանցվել է անչափահաս աղջիկների մարմնավաճառությամբ զբաղվելու 4 դեպք: Սակայն սեռական շեղվածության ու նրանց խնդիրներով զբաղվող որեւէ կառույց առայժմ չի գործում, եւ դրա պահանջն առաջնային ու լուրջ խնդիր է: Գրանցվել է նաեւ անչափահասներին հանցագործությունների մեջ ներքաշելու 6 դեպք:

Աշտարակում անչափահասին բռնաբարելու գործով պրն Վաթյանը տվեց բացատրություններ. «Աշտարակի բնակիչ Լուսինե Թովմասյանից ստացվել է հաղորդում եւ մայիսի 31-ին բերման է ենթարկվել Աշտարակ քաղաքի բնակիչ Ռուբիկ Հովհաննեսի Պողոսյանը: Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 139 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատահետքաբանական, դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք: Ներկայումս դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները սակավ են, ապացույցները դեռեւս բավարար չեն մեղադրանք առաջադրելու համար, քանի որ տուժողը 2007 թ. է ծնվել եւ փաստի առթիվ չի կարող համապատասխան ցուցմունքներ տալ: Ծնողի հաղորդման հիման վրա հարուցվել է քր. գործ: Երբ կստացվեն դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունները, դրանով էլ կշարժվենք»: Այժմ երեխայի առողջական վիճակը բավարար է»:

Զարմանալի է, որ դեպքից անցել է 17 օր, դեռ դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունը չկա: Այս փաստը մտորելու առիթ է տալիս:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4