«Ազգը» իր նախորդ համարներում առիթ ունեցել է պարզաբանելու, թե ի՞նչ է նշանակում «ագրեսոր» տերմինը: Եվ քանի հարեւան Ադրբեջանի որոշ քաղաքական շրջանակներում այն տրամադրվածությունը, որը կա հիմա, պահպանվի, մենք դեռ երկար պետք է հիշեցնենք «ագրեսոր»-ի մեկնաբանումը: Տրամաբանական է, որ ագրեսոր կողմ չի կարող լինել պաշտպանվող կողմը. ագրեսորությունը ենթադրում է անպայման նախահարձակ լինել, հետեւաբար նա, ով դրդում է պատերազմի, առավել եւս սկսում է այն, հենց ագրեսոր է, եւ ոչ թե այն կողմը, որն ընդամենը պաշտպանվում է: Հարեւան երկրում կամ չգիտեն այս սահմանումների մասին, կամ էլ «չեն հիշում», որ Ղարաբաղն ու Հայաստանը իրենք են սկսել պատերազմը Ադրբեջանի դեմ: Եթե մի պահ ընդունենք, որ այդպես է, ապա առաջանում է բավական տրամաբանական մի հարց` ինչո՞ւ: Չէ՞ որ ԽՍՀՄ ԼՂԻՄ երկրամասի բնակիչների ճնշող մեծամասնության` Ղարաբաղի հայերի միակ ցանկությունը Ադրբեջանական սոցիալիստական հանրապետության կազմից խաղաղ դուրս գալն էր, ինչի իրավունքը, համաձայն ԽՍՀՄ «նորոգված սահմանադրության», ղարաբաղցիներն ունեին: Այս իրավունքի իրականացումը, հետեւաբար, ամենեւին էլ չի կարող դիտարկվել որպես ագրեսիա: Մինչդեռ ի՞նչ է անում Ադրբեջանը. սկսում է բռնաճնշումներ իր տարածքում ապրող ազգությամբ հայերի նկատմամբ եւ փորձում դրանք հասցնել նաեւ Ղարաբաղ ու բռնի ուժով թույլ չտալ ղարաբաղցիների ինքնորոշման հիմնարար իրավունքի իրացումը: Սա` ագրեսիայի եւ ագրեսորի մասով: Իսկ այժմ «տեղափոխվենք» ադրբեջանական Միլի մեջլիս, որտեղ երեկ, ըստ 1news.az կամ «առաջին ազերպրոմ» կայքի, բավական բոցաշունչ ելույթ է ունեցել շատ հարգված ազգանունով պատգամավոր տիկին Հանիրա Փաշաեւան: Վերջինս իր վրդովմունքն է հայտնել, թե ինչո՞ւ մինչեւ հիմա «ագրեսոր Հայաստանը» չի պատժվում «այնպիսի հեղինակավոր կազմակերպության կողմից, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը»: Անշուշտ, հասկանալի է, թե ինչո՞ւ «մի շարք հեղինակավոր կազմակերպություններից» տիկին Փաշաեւան ընտրել է հենց ԵԽ-ին` «Հայաստանին պատժելու» համար: Բանն այն է, որ հենց այս կազմակերպությունը վերջերս բավական խիստ բանաձեւ ընդունեց Ադրբեջանում մարդու իրավունքների մասին, հետեւաբար Բաքուն «պետք է որեւէ կերպ վերականգնի հեղինակությունը», իսկ դրա համար Ադրբեջանում լավագույն միջոց համարվում է հակահայկական որեւէ գործողությունը, առնվազն` աղմուկը: Ինչեւէ, շարունակելով Փաշաեւան նշել է. «Նոնսենս է ստացվում, որ 21-րդ դարում ԵԽ-ի անդամ պետությունը շրջափակում է կազմակերպության անդամ մեկ այլ պետության հողերը, իրենց բնակավայրերից քշում է 1 մլն փախստականների: ԵԽ-ն պետք է հստակ եւ խիստ գնահատական տա Հայաստանի քայլերին»: Տիկին Փաշաեւան նաեւ նշել է, որ «ագրեսոր Հայաստանի» նախագահ Սերժ Սարգսյանին իրենք հարցեր են պատրաստել, որոնք պետք է տան ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանի ընթացքում, որտեղ, հիշեցնենք, ՀՀ նախագահը ելույթ պետք է ունենա: «Ագրեսորը պետք է արժանի պատժի ենթարկվի, որպեսզի այլ հանցագործությունների չդիմի: Եթե ԵԽ-ն ցանկանում է իրոք կայունություն եւ անվտանգություն այս տարածաշրջանում, ապա պետք է խիստ գնահատականներ տա Հայաստանի գործողություններին», եզրափակել է տիկին Փաշաեւան` հավանաբար միլիմեջլիսականների բուռն ծափահարություններին արժանանալով:
Այժմ, մինչ ադրբեջանցի պատգամավորները իրենց «կտրուկ հարցերն» են նախապատրաստում ՀՀ նախագահին ուղղվելիք, «տեղափոխվենք» Մոսկվա, որտեղ հունիսի 16-ին լրագրողներին հանդիպեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: Երեկվա համարում «Ազգ»-ն արդեն տեղեկացրել է Լուկաշեւիչի հայտարարությունների մասին: Սակայն, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջի, մի ադրբեջանցի լրագրող հարց է ուղղել Լուկաշեւիչին, որը մեջբերենք. «Կազանում եռակողմ հանդիպման ժամանակ հնարավո՞ր են պրակտիկ քայլեր, թե հերթական անգամ պետք է դայակություն անենք ագրեսոր եւ օկուպանտ Հայաստանին»: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է. «Նախ` կցանկանայի խնդրել մեր գործընկերներին, հետեւել իրենց բառապաշարին: Օգտագործված ձեւակերպումները կոռեկտ չեն, ավելինՙ գործընթացի զգայունության պարագայում միանգամայն անընդունելի են»: Առանց մեկնաբանությունների: Միայն նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն, ինչ խոսք, ի պաշտոնե չէր կարող հանդես գալ դասախոսությամբ` հատուկ ադրբեջանցի լրագրողի համար, թե ի՞նչ է նշանակում ագրեսոր, ո՞ւմ պետք է պատժել ու ինչի՞ համար:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ