«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2011-06-16 | #111, 2011-06-17 | #112, 2011-06-18


ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ՇՔԱՆՇԱՆ Է ՇՆՈՐՀԵԼ

Շիշլիի քաղաքապետին եւ դոկտ. Զավեն Եկավյանին

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքարանը առաջին անգամ մի մահմեդականի շնորհել է իր բարձրագույն պարգեւըՙ պատրիարք Հովհաննես Կոլոտի անվան շքանշանը: Պատրիարքարանի հիմնադրման 550-ամյակի տոնակատարության նախաշեմին ոսկե շքանշանը հանձնվել է Կ. Պոլսի շրջաններից մեկիՙ Շիշլիի քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլին:

Նույն բարձրագույն պարգեւին արժանացել է նաեւ Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հայ համայնքների բաժանմունքի տնօրեն դոկտ. Զավեն Եկավյանը:

Պարգեւները հանձնվել են Սուրբ Մարիամ Աստվածածին մայր տաճարում պաշտոնական պատարագի ավարտից հետո, հաղորդում է Բլագովեստ-ինֆո գործակալությունը: Թուրք քաղաքապետին պարգեւը շնորհվել է «Ստամբուլի հայ համայնքի զարգացման գործում ներդրած զգալի ավանդի, սոցիալական, կրթական նախագծերին աջակցելու եւ հայկական տաճարների վերականգնման նախագծերին օժանդակելու համար»:

Շքանշանը հանձնելիս պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ընդգծել է, որ «քաղաքապետի օգնությունը եղել է ոչ միայն նյութական, այլեւ բարոյական, որի շնորհիվ հայերը, իբրեւ կրոնական փոքրամասնություն, մոռացան խտրականության մասին»: Ի պատասխանՙ Մուստաֆա Սարըգյուլն ասել է. «Քեզի շատ կը սիրեմ»:

Ինչ վերաբերում է դոկտ. Զ. Եկավյանին, ապա Արամ սրբազանն իր խոսքում ընդգծել է նրա մեծ հոգատարությունը ստամբուլահայ ազգային-կրոնական հաստատությունների, պատրիարքության ազգային-եկեղեցական առաքելության նկատմամբ:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4