«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2011-06-16 | #111, 2011-06-17 | #112, 2011-06-18


ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔ ՀՈԲԵԼՅԱՐԻՆ

Լրագրող Տիգրան Լիլոյանին` իր 50-ամյակի առթիվ

Այսօր լրանում է լրագրող Տիգրան Լիլոյանի ծննդյան հիսունամյակը:

...Տիգրան Հենրիկի, Ձեր կյանքի ուսումնական, կրթական, զարգացման ճանապարհներն անցել են անվանի ու հին երեք մայրաքաղաքներ` իրար կապող ուղիներով` Փարիզ, Մոսկվա, Երեւան...

Փարիզ, Մոսկվա եւ Երեւան: Առաջինում Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանությանն առընթեր ութամյա դպրոցի աշակերտ էիք (ուր Ձեր դիվանագետ հոր հետ անց եք կացրել մանկության հինգ տարին), հետագայում` Փարիզում ՏԱՍՍ-ի բաժանմունքի ստաժոր, ապա` լրագրողների պատրաստման ու կատարելագործման կենտրոնի միջազգային դասընթացների ունկնդիր, այնուհետեւ` կրկին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակից (ի դեպ, երբ 1987 թ. Եվրոխորհրդարանն ընդունում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, Լիլոյանը դահլիճում եղած միակ հայաստանցին էր), իսկ այժմ, արդեն Երեւանում, «Հայաստանի Ալյանս ֆրանսէզ» հասարակական կազմակերպության վարչության անդամ:

1986-88 թթ. Մոսկվայում հմտացաք միջազգային լրագրության մեջ, եղաք ՏԱՍՍ-ի օտարերկրյա լրատվության գլխավոր խմբագրության Եվրոպայի երկրների խմբագրության խմբագիր, ավագ խմբագիր:

Իսկ Երեւանը Ձեր տունն է: Այստեղ ծնվեցիք, ավարտեցիք միջնակարգն ու պետական համալսարանը, բռնեցիք լրագրողական աշխատանքի հետաքրքրական ուղին, թղթակցեցիք Արմենպրես պետական լրատվական գործակալությանը, անդամակցեցիք Հայաստանի ժուռնալիստների միությանը, պաշտոնավարեցիք ՀԿԿ Կենտկոմում ու շարունակում եք Ձեր բեղմնավոր լրագրողական գործունեությունը` արդեն քսան տարի անընդմեջ լինելով Հայաստանում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի սեփական թղթակից: Փաստենք, որ աշխարհում հինգ առաջատար լրատվական գործակալություններից մեկի երեւանյան գրասենյակը մեր նորանկախ պետականության ծնունդ է (այն ստեղծվել է 1991 թ.), իսկ նրա անփոփոխ թղթակիցը Երրորդ հանրապետության փաստացի տարեգիրն է: Երկու տասնամյակից ավելի է, ինչ ամեն օր, օրական քանի-քանի անգամ «Երեւան, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակից Տիգրան Լիլոյան» ստորագրությամբ տեղեկատվություն է հղվում` երկրիս կյանքի բոլոր ոլորտներում կարեւոր իրադարձությունների, երեւույթների, զարգացումների մասին:

Տիգրան Հենրիկի, ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն ու հասարակական տարաբնույթ հանձնառությունները խոսում են Ձեր մարդկային, գաղափարական ու բարոյական նկարագրի օգտին. ՀՀ նախագահի մրցանակների շնորհման հանձնախմբի, ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՀՀ մշակույթի նախարարության կոլեգիաների, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ, ՀՀ կառավարությանն առընթեր, ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի պատասխանատու քարտուղար, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության փոստային վճարման պետական նիշերի հարցերով խորհրդի անդամ, Հայաստանի ֆիլատելիստների միության 2003-06 թթ. նախագահ, Երեւանի պետական եւ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանների գիտական խորհուրդների, Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի ու համագործակցության հայկական ընկերության վարչության, Երեւանի պատմության թանգարանի մասնաճյուղՙ Կարեն Դեմիրճյանի թանգարանի գիտական խորհրդի անդամ:

Այս ամենին հավելենք հոբելյարիդ անսահման նվիրվածությունը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն եւ նրա Մայր աթոռին: Փաստենք նաեւ հարգանքն ու հեղինակությունը, որ Դուք վայելում եք գործընկերների եւ բարեկամների, հասարակայնության շրջանում:

Մասնագիտական անուրանալի վաստակը ուսերիդ, գնահատվեցիք իբրեւ գործի արժանի նվիրյալ, զինվոր ու ծառայող. 2001 թ. պարգեւատրվեցիք Մովսես Խորենացու մեդալով, իսկ 2008 թ. ՀՀ նախագահի կողմից Ձեզ շնորհվեց ՀՀ վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում, արժանացել եք բազմաթիվ գերատեսչական ու հասարակական պարգեւների:

Եվ որտեղի՞ց այդքան ուժ ու կորով, անմնացորդ նվիրում մասնագիտությանը, մարդկանց ու հայրենիքին: Համոզված եմ, այստեղ խոսում է հավատարմությունը լուսահոգի ծնողների` լրագրող, դիվանագետ, պատմաբան ու պետական գործիչ Հենրիկ Լիլոյանի եւ ԵՊՀ երկարամյա գիտաշխատող, կենսաբան Սեդա Դանիելյան-Լիլոյանի դաստիարակությանն ու պատգամներին: Այդ նվիրումի եւ սիրո ապացույց հանդիսացող կյանքի բեռով էլ այսօր թեւակոխում եք Ձեր հիսնամյա տարեդարձը: Իսկ հետագան թող նոր սկիզբ դառնա առավել լավ գործերի եւ մտահղացումների համար:

Հոբելյանական այս հիշարժան օրը մաղթում ենք Ձեզ, իմ թանկագի՛ն բարեկամ, նոր ոգեշնչում ու կորով, նվիրական իղձերի կատարում եւ մեծագույն հաջողություններ:

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Ազգ»-ի խմբագրությունը 50-ամյակի առիթով ջերմորեն շնորհավորում է իր գործընկեր եւ հեղինակ, դիվանագիտական եւ արարողակարգային հարցերում իր անփոխարինելի խորհրդական, ազգային ու եկեղեցական շատ հարցերում իր համախոհ Տիգրան Հենրիկի Լիլոյանինՙ բարեմաղթելով նրան ստեղծագործական նոր լիցքեր եւ անձնական-ընտանեկան կյանքի բերկրանք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4