«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2011-06-16 | #111, 2011-06-17 | #112, 2011-06-18


ԼԵՀԱՀԱՅԵՐԸ ԿԱՐՈՏ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԻ, ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ

Լեհաստանում բնակվում է 40.000 հայ, սակայն հայկական համայնք գոյություն չունի

Լեհաստանում բնակվող հայերի թիվը չի գերազանցում 40.000-ը: Մայրաքաղաք Վարշավայում բնակվում է շուրջ 30.000 հայ: Լեհահայերը առանձնահատուկ են ոչ միայն գործունեությամբ, այլեւ կենսակերպով ու մտածելակերպով:

Հայերը Լեհաստանում բնակվում են ավելի քան 600 տարի: Զարմանալի ու ցավալի է, սակայն վեցդարյա կենսագրություն ունեցող հայերը վերջին շուրջ 200 տարիներին Լեհաստանում համայնք չեն ձեւավորել: Մինչեւ վերջին տարիները Լեհաստանում չէին գործում հայկական դպրոցներ: Ի տարբերություն այլ երկրներիՙ Հայ առաքելական եկեղեցին այստեղ չի գործում:

Հայերի կարգավիճակն ու գործունեությունը մեկ բառով նկարագրել անհնար է` անկազմակերպ, ցաքուցրիվ, միմյանցից հեռու:

Լեհաստանում ապրող հայերին կարելի է բաժանել 3 տարբեր խմբերի:

Մի խումբը Լեհաստանում 600 տարվա պատմություն ունեցող հայերն են, ովքեր իրենց անվանում են հայկական ծագմամբ լեհեր: Նրանք ժամանակի ընթացքում ձուլվել են, ընդունել կաթոլիկություն, խոսում են բացառապես լեհերեն եւ միայն Լեհաստանի անկախության հռչակումից հետո են սկսել արմատները զննել, քննել, պարզել ծագումը:

Երկրորդ խումբը 90-ականների ցուրտ ու մութ տարիներին Լեհաստան արտագաղթած հայերն են: Նրանք խոսում են հայերեն, կոչվում նոր լեհահայեր, հայ առաքելականներ են: Տարիներ շարունակ վերոնշյալ երկու խմբերի միջեւ ընդհանուր ոչինչ չի եղել: Գործել են առանձին, ընդհանուր հետաքրքրությունների շրջանակն էլ, ցավոք, նեղ է եղել:

Լեհաստանում գործող հայկական կազմակերպությունների թիվը գերազանցում է մի քանի տասնյակը: Նրանք տարբեր գաղափարախոսությունների կրողն են ու տարբեր խնդիրների լուծմանն են ծառայում:

Հայկական ծագմամբ լեհերի հիմնադրած կազմակերպությունների հիմնական առաքելությունը հիշողությունների պահպանումն է` Լվովում թողած իրենց տունը, եկեղեցիներն ու գերեզմանները: Հայաստանը նրանց քիչ է հետաքրքրում:

Նոր լեհահայերի հիմնադրած կազմակերպությունները հիմնականում զբաղվում են հայկական մշակույթի տարածմամբ: Այդ կազմակերպությունները փորձում են Լեհաստանում ծնված հայ երեխաներին կապել հայկական արմատներին:

Վերոնշյալ երկու խմբի հայերը տարիներ շարունակ ապրել են կողք կողքի, սակայն օտարացած: Հենց այդ օտարումն էր պատճառը, որ լիարժեք հայկական համայնք Լեհաստանում չէր ձեւավորվել: Բացը լրացնելու համար անցյալ տարի ստեղծվել է Լեհաստանի հայերի կոնգրես` նպատակ հետապնդելով միավորել բոլոր հայերին: Կոնգրեսի առաջին նիստին մասնակցել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` կարեւորելով լեհահայերի միասնականությունն ու համախմբվածությունը:

Վարշավայում կարելի է լսել շարականի ձայնը

Մարգարիտա Երեմյանը Վարշավայում ապրում է 1997-ից: Վարշավայի համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում դասավանդում է հայերեն լեհ ուսանողների համար:

Մի քանի տարվա համառ ջանքերից հետո 2003-ին նրան հաջողվեց հիմնադրել առաջին կիրակնօրյա հայկական դպրոցը, որտեղ հայ մանուկներին սովորեցնում են հայոց լեզու, գրականություն, պատմություն:

Այսօր դպրոցի աշակերտների թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:

«Այդ մի քանի դասաժամն էլ օգնում է երեխային, որ նա չձուլվի, ճանաչի իր պատմությունը, երկիրն ու ժողովրդին», ասում է Երեմյանը:

Շաբաթական մեկ անգամ www.radio.net ինտերնետային ռադիոյով «Հայկական ռադիոհաղորդում» ծրագրի շրջանակներում Երեմյանը հայերեն լեզվով հաղորդումներ է վարում: «Այդ հաղորդումները նույնպես օգնում են, որ հայերենը չմոռացվի»:

2010 տարին նոր լեհահայերը համարում են հաջողված:

«Բազմաթիվ խնդրանքներն ու նամակները` ուղղված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, արդյունք տվեցին, եւ այժմ Վարշավայում ունենք հոգեւոր հովիվ` հայր Տաճատը, որը պատարագ է մատուցում: Առաջին պատարագը մատուցվել է սեպտեմբերին: Այժմ եկեղեցական բոլոր տոները նշում ենք եկեղեցում: Կնունքներ են անցկացնում, հարսանիքներ, ինչը չձեւավորված համայնքի համար հսկայական նշանակություն ունի: Եկեղեցին, հավատքը այն մեծ ուժն է, որ օտարության մեջ միավորում է հայերին», ասում է Մարգարիտա Երեմյանը:

Վարշավայում առաքելական եկեղեցու բացակայության պատճառով հայր Տաճատը պատարագները մատուցում է ուկրաինական կաթոլիկ եկեղեցում, սակայն նոր լեհահայերը ցանկություն են հայտնել` ուկրաինական եկեղեցու տարածքի վարձակալությունից հետո, մինչ սեփական եկեղեցին ունենալը, պատարագ մատուցել եւ աղոթել ուղղափառ եկեղեցում. պահանջն ու ցանկությունը հստակ է եւ արդարացված. լեհահայերը մոմ վառելու մեծագույն պահանջ են զգում:

Վարշավայում Հայաստանի ու հայերի մասին պատմող հուշարձան դժվար թե գտնեք: Միակ խաչքարը Լեհաստանում Հայաստանի դեսպանատան բակում է:

Արդեն մի քանի տարի ապրիլի 24-ին եւ դեկտեմբերի 7-ին հայերը հավաքվում են խաչքարի մոտ, հարգում զոհերի հիշատակը, երգում Կոմիտաս:

Լեհաստանում ապրող հայերը պատմում են, որ Հայաստանի հետ կապ գրեթե չկա: Հայկական որեւէ պարախումբ, թատերախումբ կամ երգչախումբ շրջագայությամբ Լեհաստան չի եկել: Եթե գալիս են` միայն լեհական կողմի նախաձեռնությամբ, եւ քանի որ կազմակերպված համայնք չկա, միջոցառումների մասին հայերը չեն իմանում: Մարգարիտա Երեմյանը հիշում է, որ ինտերնետից են իմացել, որ Ջիվան Գասպարյանը մասնակցել է ազգային նվագարաններին նվիրված փառատոնին: «Կազմակերպված համայնք չկա, որպեսզի գումար տրամադրի եւ որեւէ երգչի կամ խմբի մենահամերգ կազմակերպվի: Հայկական երգի, երաժշտության ու խոսքի կարոտ ենք մնացել: Բացը լրացնելու համար հաճախ լեհահայերը մեկնում են Չեխիա կամ Գերմանիա` հայկական որեւէ միջոցառման մասնակցելու: Վարշավայում որեւէ պարային խումբ կամ թատրոն նույնպես չունենք եւ մեզ հաճախ անզոր ենք զգում, որ չենք կարողանում Հայաստանն իրական գույներով ու պատկերով ներկայացնել օտարներին», ասում է Երեմյանը:

Նա հույս ունի, որ կոնգրեսի աշխատանքներով ժամանակի ընթացքում համայնքի խնդիրները կլուծվեն: Առայժմ գլխավորը համախմբվելն է:

Լեհաստանում անլեգալ բնակվող հայերի թիվը նույնպես շատ է: Նրանց վիճակը սարսափելի է` ապրում են վախի մթնոլորտում, սարսափահար, անհանգիստ: Շատերն անգամ հայկական անձնագիր չունեն եւ օգտագործում են Սովետական Միության անձնագիր:

Անլեգալ բնակվող հայերը հիմնականում աշխատում են շուկաներում, ի տարբերություն Հայաստանիՙ Լեհաստանում բացօթյա առեւտուրն արգելված չէ:

Նրանց ապագան սեւ գույներով է ներկայացնում: Ապագան Լեհաստանում չեն տեսնում, սակայն չեն էլ պատկերացնում իրենց կյանքը Հայաստանում:

Նրանք հույսով սպասում են, որ կլինի համաներում, կստանան փաստաթղթեր ու կապրեն օրինական կյանքով` առանց վախի եւ անհանգստության:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Վարշավա-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4