«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2011-06-16 | #111, 2011-06-17 | #112, 2011-06-18


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊՐԱՀԱՅԻ ՔՎԱԴՐԻՆԱԼԵՈՒՄ

Հունիսի 18-ը նաեւ հայկական տաղավարի օրն է

Հունիսի 15-ին Պրահայի Ազգային պատկերասրահի Ժամանակակից արվեստի թանգարանում բացված 12-րդ Քվադրինալեն, որը Եվրոպայի ամենահայտնի միջազգային թատերական փառատոնն էՙ նվիրված բեմական ձեւավորմանը, առաջին անգամ մասնակցեց Հայաստանը: Հունիսի 18-ին կեսօրից հետո պաշտոնապես կներկայացվի նաեւ հայկական տաղավարը, որի 20 քմ տարածքում տեղ են գտել Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի եւ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի չորս ներկայացումների բեմանկարչական հենքերը: Ինչպես նշեց Պրահայի Քվադրինալեի հայաստանյան ազգային համադրող Նելլի Բարսեղյանը , իրենք սուղ ֆինանսական միջոցներով աշխատել են ներկայացնել «Թատրոնը հավերժ ընթացք է» սկզբունքը, եւ գլանափաթեթով պարուրելով տաղավարը, այն վերածել են մի ենթադրյալ ճանապարհիՙ իրար կարված լուսանկարների միջոցով: Այդպես էլ արտահայտվել է տաղավարի հիմնական թեմանՙ «Մաքրելով հիշողության փոշին»: Հայկական տաղավարի մասնակցությանը աջակցել է Հայաստանի մշակույթի նախարարությունը: Իհարկե, եթե ֆինանսական օգնությունը մեծ լիներ, հնարավոր է հայկական ներկայությունն ավելի մեծ տարածք եւ հետաքրքիր ցուցադրություն ընդգրկեր: Ամեն դեպքում, հաճելի է, որ Հայաստանն առաջին անգամ հնարավորություն ունի ներկայանալու Չեխիայի այս տարվա ամենամեծ մշակութային իրադարձությանը, որն իր մասշտաբներով գերազանցում է նույնիսկ ամիսներ առաջ կազմակերպված գրքի միջազգային ցուցահանդեսին: Մեր տաղավարը ճաշակով ձեւավորել են բեմանկարիչներ Նելլի Բարսեղյանն ու Լիլիթ Ստեփանյանը: Հայկական տաղավարի ներկայացմանը ներկա կգտնվի նաեւ Չեխիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Ղուկասյանը: Ու քանի որ նման միջոցառումները նաեւ լավ միջոց են մեր երկրի խոհանոցն ու զբոսաշրջային հնարավորությունները ցույց տալու համար, վերջում կտրվի նաեւ փոքրիկ հյուրասիրություն Հայաստանից բերված գինիներով, անուշահամ չրերով, հայկական «Արարատ» կոնյակով եւ Չեխիայում արտադրվող հայկական «Մառլենկա» թխվածքով, ներկաներին կբաժանվեն Հայաստանի մասին պատմող լրատվական գրքույկներ:

Նշենք, որ Քվադրինալեին այս տարի մասնակցում է 62 երկիր, իսկ այցելուների թիվը ակնկալվում է, որ կանցնի 40 հազարը: Մեր հարեւան երկրներից Քվադրինալեին մասնակցում են Վրաստանը եւ Թուրքիան:

Քվադրինալեն ներառում է բեմական ձեւավորման բոլոր ոլորտներըՙ բեմանկարչություն, զգեստների, լուսային եւ երաժշտական ձեւավորում: Այս փառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաեւ բազմաթիվ ներկայացումներ, սիմպոզիումներ, կլոր սեղաններ եւ վարպետության դասեր: Այն տեղի է ունենում Պրահայի մի քանի մշակութային օջախներում եւ ներառում է հագեցած ծրագիր: Ի դեպ, Հայաստանի տաղավարի հարեւանությամբ Լիտվայի ցուցադրությունն է, ուր դրված է «Լիտվական բեմական ձեւավորման ցեղասպանությունը» պաստառը: Լիտվացի նկարիչներն այդպես են արտահայտում իրենց բողոքը սեփական կառավարության եւ մշակույթի նախարարության հանդեպ: Իսկ ընդհանրապես զարմանալու եւ հիանալու շատ տաղավարներ կան: Հնարավորության դեպքում, մինչեւ հունիսի 26-ը այցելեք Պրահայի Քվադրինալե:

Հ.Ա., Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4