Արտաքին առեւտրի բացասական տարբերությունը խորանում է
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2011-ի մայիս ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա մայիսի համեմատ գրանցել է 7,7 տոկոս աճ: Հիշեցնենք, որ սկսած այս տարվանից, Ազգային վիճակագրական ծառայությունն անցնում է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի: Մասնավորապես, դադարեցվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը, իսկ որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ ներկայացվելու է տնտեսական ակտիվության ցուցանիշը:
Տնտեսության ճյուղերից ամենամեծ աճն ունեցել է արդյունաբերությունը: Նախորդ տարվա մայիսի համեմատ արդյունաբերությունն աճել է 25,1 տոկոսով, ինչն այս ճյուղի համար աննախադեպ է: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է ընդամենը 0,1 տոկոսով, իսկ ապրիլի նկատմամբՙ 49,2 տոկոսով: Շինարարությունը մայիսին արձանագրել է 5,1 տոկոս անկում նախորդ տարվա մայիսի համեմատ, իսկ այս տարվա ապրիլի համեմատՙ 70,3 տոկոս աճ:
Մանրածախ առեւտրում արձանագրվել է 2 տոկոս աճ անցյալ տարվա մայիսի համեմատ, իսկ այս տարվա ապրիլի նկատմամբՙ 6,9 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա մայիսի նկատմամբ աճը կազմել է 5,6 տոկոս, իսկ այս տարվա ապրիլի նկատմամբՙ 0,2 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 26,8 տոկոսով, իսկ ապրիլի նկատմամբՙ 11,5 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2011-ի մայիսին 2010-ի մայիսի նկատմամբ ավելացել է 23 տոկոսով եւ կազմել 474 մլն դոլար: Արտահանումը կազմել է 114 մլն դոլար, արձանագրելով 39,7 տոկոս աճ, իսկ մայիսին ապրիլի նկատմամբՙ 3,1 տոկոս աճ: Ներմուծումը կազմել է 360 մլն դոլար, նախորդ տարվա մայիսի համեմատ աճելով 18,5 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլի համեմատՙ 6,5 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, որն ապրիլի արդյունքներով փոքր-ինչ բարելավվել էր, կրկին վատթարացել է, կազմելով 246 մլն դոլար:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում մարտին կազմել է գրեթե 112 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ 139 հազար դրամ, պետականումՙ 89 հազար դրամ:
Այսպիսով, տնտեսական ակտիվության աճը մայիսին մոտեցավ երկնիշ ցուցանիշին, ընդ որումՙ հիմնականում արդյունաբերական արտադրանքի աճի շնորհիվ: Ամռան ամիսներին գյուղատնտեսության արտադրանքի ցուցանիշը կսկսի ավելի մեծ ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշի վրա: Մյուս կողմից, սակայն տնտեսության մյուս ճյուղերի ցուցանիշները բավականին համեստ են, իսկ շինարարությունը դեռ գտնվում է տեղապտույտի մեջ: Մտահոգիչ է նաեւ արտաքին առեւտրի խորացող բացասական տարբերությունը, ինչը նշանակում է, որ արտահանման խթանման ուղղությամբ տեսանելի արդյունքներ դեռ չունենք:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ