«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2011-06-17 | #112, 2011-06-18 | #113, 2011-06-21


ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Հանդիպում Շիրակի մարզի համայնքների ղեկավարների հետ

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի ներկայացուցիչները Շիրակի մարզպետարանի աջակցությամբ Գյումրիում ճանաչողական հանդիպում էին կազմակերպել մարզի համայնքների ղեկավարների հետ, նպատակ ունենալով կիսել ոլորտում իրենց կուտակած փորձը եւ հետագա համագործակցության հիմք դնել: 2005 թվականից գործող այս կառույցն իրականացնում է վարկային եւ դրամաշնորհային ծրագրեր` ուղղված Հայաստանում նույնանուն ոլորտների զարգացմանը:

Մեր երկիրն ունի սեփական վերականգնվող էներգիայի մեծ պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա ապագայում բավարարել, հիմնադրամի մասնագետների գնահատմամբ, էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչեւ 30 տոկոսը: Հիդրոէներգիայի, հողմաէներգիայի, կենսազանգվածի, արեւային եւ երկրաջերմային էներգիայի պաշարներով հարուստ են հանրապետության մարզերը, որոնցում անցած տարիներին հիմնադրամի մասնակցությամբ որոշակի աշխատանք է կատարվել: Մասնավորապես, քաղաքային ջեռուցման ծրագրով 2005 թվականից ի վեր Շիրակի մարզում 13 դպրոցների ջերմամատակարարման վերականգնման աշխատանքներ են իրականացվել: Վերջին 4 տարիների ընթացքում հանրապետությունում ֆինանսավորված 26 ՀԷԿ-երից 1-ը եղել է այստեղ: Ըստ հիմնադրամի ներկայացրած տեղեկանքի` Շիրակում ուսումնասիրված է Ախուրյան գետի հիդրոէներգետիկ ներուժը: Գետի ավազանում նախատեսված է կառուցել 14 փոքր ՀԷԿ. երկուսը` Կապս եւ Ախուրյան ջրամբարներին կից, երեքը` Ախուրյան (Ջրաձոր) եւ Թալին ջրանցքների վրա եւ 9 փոքր ՀԷԿ` դերիվացիոն տիպի: Մարզում առկա է նաեւ հողմաէներգետիկ լուրջ ներուժ, որն արդեն իսկ ուսումնասիրվել է միջազգային մի քանի ծրագրերով: Այդ ուսումնասիրությունների համաձայն` Քարախաչի լեռնանցքում առկա է 250-300 մվտ հզորության քամու ներուժ, որը յուրացնելու նպատակով արդեն գործնական քայլեր են անում հայկական «Արէներջի» եւ իտալական «Գերեթ» ընկերությունները: Հնարավոր է, որ շուտով մարզում շահագործման հանձնվի Հայաստանի խոշորագույն հողմաէլեկտրակայանը:

Գյումրիում կազմակերպված հանդիպմանը կառույցի կողմից իրականացվող ծրագրերը համայնքների ղեկավարներին ներկայացրին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի փոխտնօրեն Հայկ Եսայանը, էներգախնայողության ծրագրի ղեկավար Տիգրան Սեկոյանը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4