«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2011-06-17 | #112, 2011-06-18 | #113, 2011-06-21


ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐԻՆ ԶՐԿԵ՛Ք ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻՑ

Ստեպ-ստեպ լսում ենք, թե Կիեւյան կամրջից ինքնասպան է նետվել: Կիեւյան կամուրջը դարձել է ինքնասպանության խորհրդանիշ: Այս վերջին անգամ` 16-ամյա ոմն Ուլյան Հայկուհի, հունիսի 17-ին, զզված սիրուց ու սիրո ստրուկը լինելուց (այդպես է գրել իր թողած նամակում), նետվել է կամրջից: Համարյա ամեն օր լսում ենք տարբեր ինքնասպանությունների մասին, ընդ որում` սույն կամրջից նետվելու (այլ կամուրջներից եւս) դեպքեր հաճախ են լինում` ինքնասպանությունների մասին լուրերի մեջ: Իհարկե, ողջ աշխարհի կամուրջները ձգում են ինքնասպաններին, քանի որ ինքնասպանությունն ինքնին մարդկության մյուս հատվածին բան հասկացնելու ձեւ է եւ ոչ թե սոսկ կյանքից հրաժարվելու փաստ: Այնպես որ` կամուրջները, աշտարակների, շենքերի կտուրները ավելի բարձր են հնչեցնում բան հասկացնելու այդ ակցիաները: Եթե այդպես չլիներ, այլ ինքնասպանների համար մահը լիներ ցանկալի, մարդիկ, շների ու կատուների նման (նրանք կանխազգալով մահը` գնում եւ թաքնվում ենՙ աչքից հեռու տեղերում հոգին ավանդելու) կվարվեին եւ ոչ թե իրենց հոգեզուրկ կանեին մի ակնամոտիկ տեղում, կամրջից նետվելով:

Ինքնասպանությունների թվի վերաբերյալ այս տարվա առաջին 6 ամիսների պաշտոնական վիճակագրությունը երեւի շուտով կմատուցվի, այնպես որ` այս տարվա թվերին չենք տիրապետում, բայց լրատվական թողարկումների մակարդակով հետեւելով իսկ` հասկանալի է, որ ինքնասպանությունների թիվը Հայաստանում շատ մեծ է, իսկ անցած տարվա ինքնասպանությունների վիճակագրությունը ոչ մի լավ սպասումի տեղ այս առումով չի թողնում` 225 ինքնասպան` 592 ինքնասպանության փորձի հետ համեմատած, ընդ որում` 2009 թվականի համեմատ` 2010-ին ինքնասպանությունների թիվն աճել է մոտ 19 տոկոսով: Ինքնասպանների մոտ 40 տոկոսը երիտասարդներ են, ընդհանուր թվի մոտ 60 տոկոսը գործազուրկներ են: Պարզ է, որ ինքնասպանության պատճառները սոցիալական են, ընդ որում` ինքնասպանները մեծ մասամբ տղամարդիկ են, ովքեր գործազուրկ են, չեն կարողանում եկամտի մշտական աղբյուր գտնել եւ ընտանիք պահել, կամ ավելորդ են զգում իրենց` թոշակային տարիքում լինելով: Ընդ որում` Հայաստանի ինքնասպանների թիվը չի կարող խիստ ճշգրիտ լինել, քանի որ տարբեր գործոններով պայմանավորված` լղոզված է սպանություն-ինքնասպանություն սահմանը:

Իհարկե, մի փոքր հանգստացնենք հատկապես հայ ընթերցողին` սա զուտ ներհայաստանյան երեւույթ չէ, օրինակ` ԱՄՆ-ում տարեկան 20-25 հազար ինքնասպանություն է տեղի ունենում, իսկ ընդհանրապես` բոլոր տեսակի, հատկապես` տնտեսական ճգնաժամերի ընթացքում այդ թիվը միշտ ավելանում է, քանի որ մարդիկ կորցնում են աշխատանք, եկամուտ, բնակության վայր եւ երբեմն խուճապի մեջ ելք չգտնելով` դիմում այդ քայլին: Հայտնի փաստ է նաեւ, որ կատակլիզմների եւ պատերազմների ժամանակ ինքնասպանությունների թիվը նվազում է` մարդիկ լարում են բոլոր քնած հնարավորությունները, սա զանգվածային լարում է, իսկ հասարակության բեւեռացվածությունը հակառակ էֆեկտն է ունենում: Ամեն անգամ հոգեբանները առիթից առիթ խոսում են այն մասին, որ պետք է ուշադիր լինել մեր շրջապատի մարդկանց հանդեպ, նկատել եւ օգտագործել ամեն հնարավորություն` հետ պահելու ինքնասպանության հակված մարդկանց` այդպիսի ճակատագրական քայլ կատարելուց: Մինչդեռ հերթական լուրը, թե Կիեւյան կամրջից մարդ է նետվել, կրկնվում ու կրկնվում է, ու մի օր չես լսում, թե ասենք տեղական կամ քաղաքային իշխանությունները, չե՛ն անում, գոնե` բարձրաձայն մտորեն Կիեւյան կամուրջը ինքնասպանության համար անհարմար վայր դարձնելու ուղղությամբ: Հոգեբանների` ուշադիր լինելու հորդորը արդյոք միայն սովորական մարդկա՞նց է վերաբերում, թե նաեւ պետական ու համայնքային կառույցներին ու այդ կառույցները ներկայացնող մարդկանց: Կիեւյան կամուրջը Երեւանում կամաց-կամաց վերածվել է ինքնասպանության խորհրդանիշի: Որեւէ պոտենցիալ ինքնասպան, ինքնասպանության լուրը մտքով անցած-չանցած, նախ մտածում է Կիեւյան կամրջի մասին:

Էլի հոգեբաններին դիմենք, որոնք անպայման կբացատրեն, որ ինքնասպանին միշտ կարող է մի փոքր արգելք, կյանքին կառչելու մի վերջին հնարավորություն, մինչ այդ չառկայծած մի միտք, որ կայցելի` վերջին պահին, հետ պահել ինքնասպանությունից: Լավ, բա մեր քաղաքային կառույցներից ոչ մեկի մտքով չի՞ անցնում, որ իզուր ծախսվող միջոցների մի խումբ կարելի է ուղղել եւ կամրջի շրջակայքը անվտանգ մի համակարգով օժտելով, միաժամանակ մի այնպիսի` նոր տեխնոլոգիաների համադրություն-վահանակ տեղադրելով, որ թարթիչ-առկայծիչներով, հոգեբանի մաղիչով անցած-ընտրված առկայծող կամ փախչող տողով կհուշի կամրջի վրա հայտնված ինքնասպանին` մի վերջին անգամ ստուգիչ մտածել իր կատարելիք քայլի անդառնալիության մասին: Գոնե Կիեւյան կամրջի ինքնասպանների թիվը կնվազի, իսկ այդ մասին լրատվությունն էլ կսթափեցնի մյուսներին: Չէ, մերոնց պիտի տաս բոթես, որ մի կիսաքայլ անեն:

Այս հրապարակումը համարեք առաջին բոթելներից մեկը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4