«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2011-06-17 | #112, 2011-06-18 | #113, 2011-06-21


ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ

«Հենարան» ակումբում երեկ կրկին քննարկում էին նշանավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերականգման հարցը: Այս անգամ բանախոսներն այն մարդիկ էին, որոնց շրջանում նկարները Գյումրիից հեռացնելն առանձնակի դժգոհություն է առաջ բերել: Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշեց, որ մշակույթի նախարարությունն «անբարո քաղաքականություն է վարում. նկարները փրկելու անվան տակ դրանք դուրս է հանում իրենց բնօրրանից»:

Հիշեցնենք, որ Մինաս Ավետիսյանի «Երկանք» ու «Թել են մանում» որմնանկարները բերվել են Երեւան: Որմնանկարներն այստեղ վերականգնվելու են ու տեղադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանում: Իսկ վերականգման ծախսերը հոգալու է օդանավակայանի հավատարմագրային կառավարիչ, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:

Վերջերս որմնանկարների վերականգնման վերաբերյալ խոսել էին նաեւ մշակույթի նախարարությունից Սոնա Հարությունյանն ու Մինաս Ավետիսյանի որդին` Արման Ավետիսյանը: Վերջինս մեղադրել էր գյումրեցիներին, թե նրանք որմնանկարների հետ բարբարոսաբար են վարվել: Սակայն երեկ «Հենարանի» բանախոսները հերքեցին այդ կարծիքները` նշելով, որ գյումրեցիները որմնանկարներին նորմալ են վերաբերվել: Իսկ Գյումրու պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության քաղաքային նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մելքոնյանն էլ նշեց. «Լենինականը Մինասին տալիս էր պատվերներ, որոնց միջոցով Մինասն ընտանիք էր պահում: Հենց այդ ընտանիքում մեծանում էր Արման Ավետիսյանը, որն այժմ գործիք է դարձել մշակույթի նախարարության եւ Հասմիկ Պողոսյանի ձեռքում»:

Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրի վերադարձնելու կապակցությամբ կազմակերպվել է ստորագրահավաք: Ասուլիսի ընթացքում Հասմիկ Մելքոնյանը, Լեւոն Բարսեղյանն ու «Շիրակ կենտրոն» կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը նշեցին, որ իրենք կառավարությունից պահանջում են փոխել որոշումն ու որմնանկարները վերադարձնել Գյումրի:

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետարանն էլ օրերս տարածել էր հայտարարություն, որտեղ նշված էր. «Այսօր էլ պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ միջոցներ որմնանկարների վերականգնման համար, միայն թե դրանք չպոկեն իրենց արմատից` Գյումրիից, որտեղ ծնվել ու ապրել են»:

Ի.Պ.

Խմբ. կողմից.- Մեր կարծիքով, ՀՀ մշակույթի նախարարությունը ճիշտ է վարվել Մինասի երկու որմնանկարները «Զվարթնոցին» մշտական ցուցադրության հանձնելով: Միակ սխալն այն է, որ դրանց Գյումրիից Երեւան տեղափոխությունը, ըստ տվյալների, կատարվել է չհամաձայնեցվածՙ տեղի մտավորականության հետ: «Զվարթնոցը» մեր երկրի առաջին դարպասն է, եւ լավ է, որ այցելուն կամ ուղեւորը այնտեղից սկսած առնչվեն մեր մեծ նկարչի արվեստին: Զուգահեռը, որն այս պահին մեր միտքն է գալիս, Նյուարքի (ԱՄՆ) օդանավակայանն է, որտեղ շուրջ 70 տարուց ի վեր ցուցադրվում են մեր մեծ ազգակցիՙ Արշիլ Գորկու որմնանկարները, բոլորիս հիացմունքն ու հպարտությունը շոյելով: Միայն մեկ հավելյալ պայման պետք է դնել ազգային բարերար պրն Էռնեկյանի առաջՙ վերականգնել նաեւ մեծն Մինասի Գյումրիում գտնվող մյուս որմնանկարները եւ ապահովել դրանց ցուցադրումը տեղում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4