Երեւանի քաղաքապետը հայտնեց նաեւ, որ վերգետնյա տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ հուլիսի 1-ից մետրոյի ուղեւորափոխադրման սակագինը կդառնա 100 դրամ: Նա Երեւանի քաղաքապետարանի այդ որոշումը բացատրեց այն բանով, որ պետության կողմից մետրոյի սուբսիդավորման գումարները տարեցտարի ավելանում ենՙ 2004-ի 622 մլն դրամից 2010-ին հասնելով 1 մլրդ 840 մլն դրամի: Ըստ քաղաքապետի, մետրոպոլիտենի ծախսերի ավելացումը պայմանավորված է պահեստամասերի եւ նյութերի, էլեկտրաէներգիայի թանկացմամբ, գնաճով, աշխատակիցների վարձատրության ավելացմամբ: Այս ամենը հաշվի առնելով, 2011-ի առաջին եռամսյակում մեկ ուղեւորի փոխադրման ծախսը կազմել է 160 դրամ: Տեղեկացվեց նաեւ, որ Երեւանի մետրոպոլիտենով օրական 30 հազար ուղեւոր կատարում են 60 հազար ուղեւորություն: Տարեկան ուղեւորությունների թիվը կազմել է 20 մլն: Կարեն Կարապետյանը ավելացրեց, որ մետրոյի կանգառների զուգահեռ երթեւեկող վերգետնյա երթուղիները կպակասեն:
Խոսելով տրանսպորտի ոլորտի այլ խնդիրների մասինՙ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերին կավարտվի վերգետնյա տրանսպորտի երթուղային նոր ցանցի մշակումը: Կանցկացվեն նոր մրցույթներ, եւ, ըստ քաղաքապետի, կնվազեն միկրոավտոբուսների երթուղիները, կավելանան մեծ ու միջին տարողությամբ ավտոբուսները: Քաղաքի կենտրոնական մասի սպասարկումը հիմնականում կիրականացվի ավտոբուսներով, ինչը որոշակիորեն կթեթեւացնի կանգառների եւ փողոցների ծանրաբեռնվածությունը:
Անդրադառնալով տրանսպորտի սակագնային քաղաքականությանըՙ Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ ուղեւորների համար 100 դրամ սակագինը չի փոխվի: Պետությունը կսուբսիդավորի քաղաքային տրանսպորտը, իսկ ուղեվարձի կանխիկ գանձման համակարգից անցում կկատարվի անկանխիկՙ էլեկտրոնային քարտերով գանձման համակարգին:
Ըստ Երեւանի քաղաքապետիՙ տրոլեյբուսների ուղեվարձը կմնա անփոփոխՙ 50 դրամ: Կպահպանվի նաեւ որոշակի խավերի համար տրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնությունը: Նոր ներկրվող ավտոբուսները հնարավորություն կունենան հաշմանդամների սայլակների տեղադրման համար:
Երեւանի քաղաքապետն անդրադարձավ նաեւ քաղաքի կանաչապատման, սանմաքրման, համատիրությունների գործունեության եւ այլ հարցերի:
«Ազգի» հարցն ուղղված Կարեն Կարապետյանին առնչվում էր իրացման գոտիների բնակիչների խնդրին: «Իրացման գոտիների տարածքների բնակիչները տարիներ շարունակ գտնվում են սեփական գույքը տնօրինելու սահմանափակման մեջ, քանի որ կառուցապատողները չեն կատարում իրենց պարտավորությունները: Կամ երբ իրացման գոտու ժամկետը լրանում է, խոսվում է մոտակա ամիսներին կրկին իրացման գոտի ճանաչելու մասին (ինչպես Կոզեռնում): Ե՞րբ է կարգավորվելու այս խնդիրը» մեր հարցին Երեւանի քաղաքապետը պատասխանեց, որ կառուցապատողները ունեն ժամկետներ, որոնք լրանալու դեպքում կարող են դիմել այն երկարացման համար: Եթե չեն կատարում իրենց պարտավորությունները, քաղաքապետարանը կարող է նաեւ հետ վերցնել նրանց տրված իրավունքը: Ըստ Կարեն Կարապետյանի, իրենք չեն ցանականում դա անել, ինչը սակայն չի նշանակում, որ պետք է կառուցապատողների կողմից ամենաթողություն լինի բնակիչների նկատմամբ: «Աշխատում ենք, որ առաջիկա մեկ-երկու տարիներին այդ հարցն ամբողջությամբ կարգավորվի», եզրափակեց քաղաքապետը: Ինչը նշանակում է, որ վերոնշյալ տարածքների բնակիչները եւս 1-2 տարի պետք է զրկված լինեն տուն վաճառելու կամ կառուցելու հնարավորությունից, սպասելով կառուցապատողների ողորմածությանըՙ Երեւանի քաղաքապետարանի եւ կառավարության հովանավորությամբ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ