Հարգելի խմբագրություն,
Ձեր թերթի հունիսի 17ի համարում «Մի շենքի տանիքի ոդիսականըՙ 1 տարի անց» հոդվածի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայնՙ միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված շենքի կառուցվածքները, տարածքներն ու սարքավորումները համարվում են շինության սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն, որի սպասարկումը, պահպանումը ու վերանորոգումն իրականացվում են սեփականատերերի միջոցների հաշվին:
Երեւանի քաղաքապետարանը շենքերի կառավարման մարմիններին եւ սեփականատերերին որոշակի աջակցություն է ցուցաբերում, որի շրջանակներում էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սեբաստիա-2» համատիրությանը 2010թ. ընթացքում տրամադրել է 60 հատ ազբոշիֆեր եւ 10 հատ թիթեղ: Դրանք, ըստ անհրաժեշտության, օգտագործվել են նշված համատիրության կազմում գտնվող շենքերի թեք լանջավոր տանիքների մասնակի վերանորոգումների համար: Առկա են շենքերի բնակիչների կողմից հաստատված գրությունները, այդ թվում նաեւ Սեբաստիա 24/1 շենքի բնակիչներինը:
Նշենք, 2010թ. ընթացքում Սեբաստիա 24/1 շենքից պարտադիր նորմերի կատարման համար հաշվարկային գումարը կազմել է 726.6 հազ. դրամ, որի դիմաց շենքի բնակիչներից գանձվել է 229.0 հազ. դրամ: Հավաքագրված 229.0 հազ. դրամից 163.0 հազարը ծախսվել է պարտադիր նորմերի ապահովմանն ուղղված աշխատանքների եւ այլ վերանորոգումների, մնացածը ՙ կառավարման եւ հարկային պարտավորությունների համար:
Նշենք նաեւ, որ 01.01.2011 թվականից մինչ օրս նույն շենքի բնակիչներից գանձվել է 82.0 հազ. դրամ:
Ինչ վերաբերում է հաշվետվությանը, ապա համատիրությունը պարտավոր է մինչեւ յուրաքանչյուր ամսվա 15-ը սեփականատերերին հաշվետվություն ներկայացնել նախորդ ամսվա կատարած աշխատանքների եւ ծախսված գումարների վերաբերյալ: Սեփականատիրոջ պահանջով հաշվետվությունը պետք է տրամադրվի նաեւ իրեն:
Հեղինակի կողմից - Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացած պարզաբանումը մեր հրապարակման կապակցությամբ թեեւ չէր անդրադառնում հիմնականՙ հիշյալ շենքի տանիքի նորոգված չլինելու փաստին, այդուհանդերձ, հույս է ներշնչում, որ գոնե այս անգամ հարցը կկարգավորվի, եւ եւս մեկ տարի անց դրա մասին խոսելու կարիք չի լինի:
Ա. Մ.