«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2011-06-18 | #113, 2011-06-21 | #114, 2011-06-22


ՀՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻՆԵՐԻ` ՄԵՏՐՈՅԻ ՈՒՂԵՎԱՐՁԸ ԹԱՆԿԱՆԱԼՈՒ Է

Թանկացումների ու գնաճի համատարած մթնոլորտում մեր պաշտոնյաները, ոչ ավել, ոչ պակաս, որոշեցին թանկացնել նաեւ մետրոյի ուղեվարձը: Հուլիսի 1-ից քաղաքացիները ստիպված կլինեն 1 ժետոնի համար վճարել ոչ թե 50, այլ 100 դրամ: Այսինքն` մետրոյի ուղեվարձը թանկանալու է կրկնակի: Երբ 2003-ին մետրոյի ուղեվարձը թանկացավ ընդամենը 10 դրամով` 40 դրամից դարձավ 50 դրամ, մետրոյից օգտվողները դրան մեծ ուշադրություն չդարձրին, սակայն քաղաքապետի երեկվա հայտարարությունը, թե մետրոյի սակագինը թանկանալու է կրկնակի, քաղաքացիների համար ցնցող նորություն էր: Եթե մեր պաշտոնյաները չեն հիշում, թե վերջին անգամ երբ են նստել Երեւանի մետրոն, դա չի նշանակում, որ այն դադարել է հարմարավետ ու «պրիստիժ» տրանսպորտ լինելուց:

Այսօր, սակայն, մետրոյից ավելի շատ օգտվում են ուսանողներն ու սոցիալապես անապահով բնակիչները, որոնք ուղեվարձի թանկացումից հետո միգուցե նախընտրեն օգտվել արդեն երթուղային տաքսիներից: Թեեւ քաղաքապետարանը նախատեսում է նվազեցնել մետրոյի կանգառներին զուգահեռ երթեւեկող երթուղայինների թիվը, սակայն դրա շնորհիվ մետրոյի ուղեւորները դժվար թե ավելանան: Բացի դրանից` քաղաքապետարանը վստահություն չի ներշնչում, թե կկարողանա պայքարի մեջ մտնել «գծի տերերի» հետ: Ամեն դեպքում` եթե անգամ մի քանի երթուղային տաքսիներ գծերից դուրս հանվեն, միեւնույնն էՙ այդպես մետրոն ավելի գրավիչ դարձնել չեն կարող, որովհետեւ հազարավոր քաղաքացիներ մետրոյից օգտվում են զուտ ավելի էժան սակագնի համար: Նույնիսկ ձմռանը մարդիկ, բաց թողելով մի քանի երթուղային տաքսիներ, ժամերով կանգնում են կանգառներում ու սպասում տրոլեյբուսի, որպեսզի երթեւեկեն ոչ թե 100, այլ 50 դրամով: Հուրախություն մայրաքաղաքի բնակիչներիՙ տրոլեյբուսի ուղեվարձն առաջիկայում չի թանկանալու, սակայն այսօր մայրաքաղաքում երթեւեկող տրոլեյբուսներն այնքան քիչ են, որ կարելի է մատների վրա հաշվել:

Ինչպես տեսնում ենք, ամենամատչելի ու հասանելի տրանսպորտն առայժմ մետրոն է, որից, ի գիտություն մեր պաշտոնյաների, օգտվողները սոցիալապես անապահով, աղքատ բնակիչներն են, որոնց համար եւս 50 դրամ վճարելը ծանր է, շատերի համար` նույնիսկ անհնարին: Եթե քաղաքապետարանն իր բացատրություններում նշում է, թե ուրիշ երկրներում մետրոյի ուղեվարձն ավելի թանկ է, քան Հայաստանում, ապա նույն քաղաքապետարանը թող բարի լինի խոսելու նաեւ այդ երկրներում ապրող մարդկանց եկամուտներից ու աշխատավարձերից: Եվ միայն այդ ֆոնի վրա հնարավոր կլինի որոշել, թե իրականում որտե՞ղ է մետրոյի ամենաթանկ ուղեվարձը, եւ Հայաստանից բացի ուրիշ էլ ո՞ր երկրում են հակահիգիենիկ երթուղային տաքսիները կաթվածահար արել ոչ միայն մայրաքաղաքի երթեւեկությունը, այլեւ մարդկանց նյարդերը:

Ներկայումս մայրաքաղաքում ամենաանվտանգ ու արագ գործող տրանսպորտը մետրոպոլիտենն է: Նույնիսկ տաքսիները քաղաքի մի ծայրից մյուսը չեն կարող հասնել նույնքան արագ, որքան մետրոն: Բացի դրանից` մեզանում մետրոն ամենահիգիենիկ տրանսպորտն է: Սակայն մետրոյի բոլոր այս դրական հատկանիշները բնակչությանը չեն գրավում այնպես, ինչպես գրավում է էժան սակագինը: Հետեւաբար ուղեվարձի թանկացումից հետո, կամա թե ակամա, մետրոյի ուղեւորները նվազելու են:

Ստացվում է, որ մեր պաշտոնյաները ոչ թե պայքարում են երթուղային տաքսիների դեմ, այլ հակառակը` ապահովում են նրանց նոր ուղեւորներով:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4