«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2011-06-21 | #114, 2011-06-22 | #115, 2011-06-23


ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻՆ

Հունիսի 22-ին Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տոնական տրամադրություն էր:

2010-2011 ուստարվա` հունիսի 14-ին եւ 15-ին մագիստրոսական թեզեր պաշտպանած 97 շրջանավարտներին նվիրված հանդիսավոր արարողությունն սկսվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ եւ «Հայր մեր»-ով:

Շրջանավարտներին շնորհավորելու էր եկել ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա գերազանցության դիպլոմներ հանձնեց լավագույն 13 մագիստրոսներին, անմոռանալի ու հիշարժան պահ, որը շրջանավարտները երկար կպահեն իրենց հիշողություններում:

Շնորհավորելով շրջանավարտներին հիասքանչ օրվա կապակցությամբ` վարչապետն ասաց. «Ձեր կյանքում բացվում է մի նոր` պատասխանատու էջ: Համալսարանում ստացած գիտելիքները պետք է կարողանաք կիրառել կյանքում` ուսուցանելով մատաղ սերնդին` որպես մեր ազգի ապագայի, եւ բարձր պահելով մանկավարժական համալսարանի հեղինակությունը: Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահելու մեր շրջանավարտների կարիերան, որովհետեւ դպրոցների գործունեությունը մեծապես պայմանավորված է նրանց աշխատանքով»:

Այնուհետեւ շնորհակալական խոսք ասացին շրջանավարտներ Նելլի Բիլյանը, Լիլիա Ջալալյանը եւ չինացի Ժիաո Նան:

Միջոցառման ընթացքում համալսարանի երգչախմբի կատարմամբ հնչեցին ՀՀ, ՀՊՄՀ եւ Երիտասարդների միջազգային օրհներգերը:

Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, պաշտոնատար այլ անձինք եւ համալսարանի խորհրդի կազմը:

Արարողությունից հետո համալսարանի խորհրդի անդամների եւ ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Տիգրան Սարգսյանը:

Քննարկվեց խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, որը մասնավորապես անդրադառնալու է համալսարանի զարգացման 2011-15 թթ. ռազմավարական ծրագրին:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարվեց համալսարանի լսարանային ֆոնդի վիճակին:

Աննախադեպ էր նաեւ հունիսի 7-ը, երբ Մանկավարժական համալսարանի այս տարվա 2300 շրջանավարտները մեկ օրում ստացան իրենց ավարտական դիպլոմները, որոնցից 10 լավագույններին դիպլոմները հանձնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Այսպիսով մանկավարժական համալսարանում շրջանավարտներին ճանապարհելու մի նոր ու գեղեցիկ ավանդույթի սկիզբը դրվեց:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4