«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2011-06-21 | #114, 2011-06-22 | #115, 2011-06-23


ԻՆՉՈ՞Ւ Է ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՀԱՅՏՆՎՈՒՄ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԼՈՒՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անցած օրերին հերթական անգամ ՀՀՇ-ական լրատվամիջոցները շրջանառության մեջ դրեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի լուրը: Չնայած իշխող Հանրապետական կուսակցությունը հերքեց դա, ընդդիմության վերոնշյալ հատվածը պնդում էր իրենըՙ բնականաբար, հենվելով միայն իրեն հայտնի իրազեկ «աղբյուրների» վրա: Դրանք հավանաբար այն նույն աղբյուրներն են, որոնք, ասենք, տեղյակ են լինում, թե Կրեմլում Մեդվեդեւը ինչ տոնով է խոսել Սերժ Սարգսյանի հետ կամ ինչ հայացքով է նայել նրան: Սակայն վերադառնանք Հայաստան:

Սկսած 2008-ի ապրիլից, ինչ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը, պարբերաբար շրջանառության մեջ էր դրվում նրա պաշտոնանկության լուրը: Դժվար է արդեն հիշել, թե անցած երեք տարիների ընթացքում քանի անգամ այդ լուրը հայտնվեց վերոնշյալ քաղաքական ուժին պատկանող կայքերում կամ թերթերում: Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից ամենից շատ վարչապետի պաշտոնանկություն է երազում ՀԱԿ դարձած ՀՀՇ-ն: Տարօրինակ է, բայց, օրինակ, Հովիկ Աբրահամյանի կամ Արթուր Բաղդասարյանի եւ անգամ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին նման լուրեր գրեթե չեն շրջանառվել: Դա իհարկե չի նշանակում, որ վերջիններիս ՀՀՇ-ն խնայում է, պարզապես վարչապետի մեջ են այդ ուժն ու նրա որոշ ղեկավարները տեսնում առավել մեծ վտանգն իրենց քաղաքական շահերի իրականացման տեսանկյունից: Սրան էլ պետք է գումարել 90-ականներին երկրի տնտեսության փլուզման հեղինակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի աբիժնիկությունը: Մանրամասնենք:

Հասարակական դժգոհությունները մեր երկրում հիմնականում պայմանավորված են սոցիալական վիճակով եւ պետական կառույցների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների մակարդակովՙ ապօրինի գումարների շորթմամբ, անհարկի քաշքշուկներով, նյարդայնացնող մոտեցմամբ: Բնականաբար, հենց այս գործոններն էլ պարարտ հող են իշխանություններից մարդկանցՙ հիմնականում արդարացի դժգոհության համար: Ինչն էլ օգտագործում է նույն ընդդիմադիր քաղաքական ուժը: Դա նույնպես բնական պետք է համարել, քանի որ ամբողջ աշխարհում նույն գործընթացն է տեղի ունենում: Խնդիրն այն է, որ մեզ մոտ ՀՀՇ-ն պարզապես բարոյական իրավունք չունի խոսելու այլոց վատ լինելու մասին, քանի որ իր իշխանության տարիների դժոխքը քիչ թե շատ խելամիտ մարդիկ չեն կարող մոռանալ: Ինչեւէ:

Եվ ահա հենց վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից կատարվում են քայլեր, որոնք զրկում են ՀՀՇ-ին օգտվելու մարդկանց դժգոհությունը հարուցող գործոններից: Կարելի է թվարկել հանրային ծառայությունների ամբողջական ոլորտներ, որտեղ այս կառավարության կողմից կատարվել են ընթացակարգերի պարզեցումներ եւ հստակեցումներ: Դրանք ենՙ մեքենաների տեխզննման, պետական հաշվառման, հատուկ ծառայությունների մատուցման (գերեզմանոցներ) պարզեցումը, տարատեսակ բժշկական տեղեկանքների տրամադրման վերացումը, նոտարիատում, քաղաքացիական ակտերի գրանցման ոլորտում եւ անձնագրային բաժիններում սկսված բարեփոխումները եւ այլն: Տնտեսության ոլորտում հարկային հաշվետվությունների մի մասի վերացումը, որոշ մասի ամսականից եռամսյակային դարձնելը, վճարման էլեկտրոնային դաձնելը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատումը եւ այլն: Անելիքներ, իհարկե, դեռ շատ կան, բայց արվածն արդեն իսկ ՀՀՇ-ական շրջանակներին վախ է ներշնչում, որ այսպես շարունակվելու դեպքում մարդկանց դժգոհությունները, հետեւաբար եւ դրանք օգտագործելու իրենց հնարավորություները նվազելու լուրջ պատճառ կունենան:

Մյուս կողմից էլ, տնտեսության դիվերսիֆիկացումը եւ տեղական արտադրության զարգացման համար կառավարության կողմից որոշակի արտոնությունների տրամադրումը մեր տնտեսության մեջ ավելի է մեծացնում արդյունաբերության մասնաբաժինը: Ապացույց, մայիս ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որոնց, արդյունաբերությունը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավելի քան 25 տոկոս աճ է արձանագրել: Արդյունաբերության զարգացումը շարունակվելու դեպքում հասկանալի է, որ սոցիալական որոշակի դժգոհություններ են վերանալու: Կրկին նշենք, որ սա չի նշանակում աղքատության վերացում, բայց հաստատ նշանակում է լուրջ քայլ այդ ուղղությամբ:

Գործող վարչապետի կողմից կոնկրետ փոփոխություններ իրականացնելու հենց այս քաղաքականությունն է, որ զայրացնում եւ նրա հրաժարականը երազելու պատճառ է դարձել ՀՀՇ-ականների համար:

Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի կեցվածքին, ապա դրա պատճառն այն է, որ ոչ մի հարցում չեն իրականանում երկրի տնտեսության մոտալուտ փլուզման մասին նրա կանխատեսումները այս կառավարության եւ այս վարչապետի ժամանակ: Ձախողված գործչի համբավ ունեցող նախկին վարչապետը չի կարողանում մոռանալ նաեւ, որ իր վարչապետության տարիներին, իր իսկ նախագահը (Լեւոն Տեր-Պետրոսյանը) սովետական ռուբլուց հրաժարվելու վարչապետի անմիտ համառությանը հակառակ, ստիպված եղավ համաձայնել այն ժամանակ ընդդիմադիր Տիգրան Սարգսյանի, ինչպես նաեւ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանիՙ հայկական դրամին անցնելու առաջարկին: Հակառակ դեպքում, Հայաստանը, լինելով սովետական ռոբլին շրջանառության մեջ թողած միակ նախկին խորհրդային հանրապետությունը, դառնալու էր այդ ռուբլու աղբավայրՙ դրանից բխող սոցիալ-տնտեսական ծանր հետեւանքներով:

Ասվածը երեւի թե բավարար է հասկանալու համար, թե ինչու են պարբերաբար հայտնվում Տիգրան Սարգսյանի հրաժարականի լուրերը: Մինչ հաջորդ ընտրությունները դրանք էլի կհայտնվեն, բայց երեւի թե պարզ է, որ իմաստ չկա դրանց մեջ հավաստիություն կամ լրջություն փնտրելու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4