«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2011-06-22 | #115, 2011-06-23 | #116, 2011-06-24


ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԻ՞Ց

Կազանում կայանալիք Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման վերաբերյալ հունիսի 23-ին հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ-ն: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Այս հանդիպումը կոչված է հանգրվանային դեր խաղալու ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում: Մենք ակնկալում ենք, որ Բաքուն եւ Երեւանը կառուցողական կարձագանքեն Դովիլում Մինսկի խմբի համանախագահող եռյակի երկրների ղեկավարների` մայիսի 26-ին ընդունած հայտարարությանը, որում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արվում ցուցաբերել քաղաքական կամք ու ավարտել հիմնարար սկզբունքների նախագծի քննարկումը Կազանի հանդիպման ընթացքում, որտեղ քննարկման ներկայացված փաստաթուղթը կողմերի եւ համանախագահ երկրների համատեղ աշխատանքի կարեւոր շրջանի արդյունք է, իրական հիմք` հետագայում առաջ շարժվելու համար, եւ համապարփակ, խաղաղ պայմանագրի նախապատրաստման համար:

Ակնկալում ենք, որ դրա հիման վրա կողմերը համաձայնության կգան` հանուն խաղաղության, բարգավաճման եւ ողջ տարածաշրջանի զարգացման»:

Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ երկրից` ԱՄՆ պետքարտուղարությունից նույն օրը Կազանի հանդիպման կապակցությամբ հնչել է մեկ հայտարարություն եւս: Լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները նշել է. «Կազանում կա հնարավորություն, եւ կողմերը պետք է օգտագործեն այդ հնարավորությունը` իրենց տարակարծությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար»:

Անշուշտ, Կազանում կողմերն ունեն հնարավորություն` ստեղծելու իրական հիմք` հանուն խաղաղության, բարգավաճման եւ ամբողջ տարածաշրջանի զարգացման: Սակայն, երբ կողմերից մեկը, Կազանի հանդիպման անմիջապես հաջորդ օրը կազմակերպում է ռազմական շքերթ, դա չի խոսում այն մասին, որ տվյալ կողմն իրոք ցանկանում է օգտվել Կազանի ընձեռած հնարավորությունից: Ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթին տված հարցազրույցում Ռազմական վերլուծության հետազոտությունների կենտրոնի ղեկավար, գնդապետ Իլդիրիմ Մեմմեդովը հայտարարել է, որ Բաքվում հունիսի 26-ին կայանալիք զինվորական շքերթը քաղաքական նպատակ է հետապնդում: «Սա ոչ միայն նպատակ ունի ցուցադրել մեր երկրի ռազմական ուժը, տեխնիկական հնարավորությունները, տնտեսության կարգուկանոնը, տակտիկական գործողություններում վարպետությունն ու տեխնիկական միջոցներից օգտվելու կարողությունը: Սա առաջին հերթին քաղաքական, հոգեբանական նպատակներ ունի: Այս շքերթը անմիջական առնչություն ունի Հայաստանի հետ բանակցություններին, Կազանում Ղարաբաղի հարցով Հայաստանի հետ բանակցություններին», նշել է գնդապետ Մեմմեդովը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4