Հունիսի 25-ին Ռուսաստանի Կազան քաղաքում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Վերջին ժամանակներում նման ներկայացուցչությամբ հանդիպումները կազմակերպվում են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Սակայն Կազանի առաջիկա եռակողմը անցածներից տարբերվում է շատ ուշագրավ տարրերով: Մասնավորապես նախքան Կազանի հանդիպումը, հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակը` Մեդվեդեւը, Օբաման եւ Սարկոզին, մայիսի 25-ին ֆրանսիական Դովիլում: Դովիլյան հայտարարությունն իր հերթին էականորեն տարբերվում է անցածներից, մասնավորապես Մուսկոկայում եւ Լ՛Աքվիլայում եռանախագահների արած հայտարարություններից: Ընդհանուր եզրը, որ կա այս բոլոր հայտարարությունների մեջ, ու որը բնավ էլ հակահայկական չէ, ինքնորոշման իրավունքի հստակ ընդգծումն է: Միեւնույն ժամանակ, եթե ինչպես Լ՛Աքվիլայում, այնպես էլ Մուսկոկայում եռանախագահների հայտարարությունները բացառապես «խորհրդատվական», որոշակի «պարզաբանման» խորհուրդ ունեին, ապա Դովիլում Մինսկի խմբի համանախագահող երկրները դարձան իրավիճակը «գնահատող»: Մասնավորապես ԼՂ հիմնահարցի կարգավորման մինչ այս հնչեցրած եւ ոչ մի հայտարարության տեքստում եռանախագահները չէին նշել, որ` «...առաջարկված եւ քննարկված (կողմերի միջեւ-Հ.Ա.) հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակը արդար ու հավասարակշիռ հիմք է ապահովում համապարփակ խաղաղ կարգավորման մշակման համար»: Եթե դովիլյան հայտարարության այս մեջբերմանն ավելացնենք նաեւ նույն հայտարարության` «Այդ փաստաթուղթը (հիմնարար սկզբունքների առաջարկված վերջին տարբերակը-Հ. Ա.), որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի ու 2009-ի հուլիսին, Լ’Աքվիլայում ու 2010-ի հունիսին Մուսկոկայում մեր համատեղ հայտարարություններում ներկայացված տարրերի վրա, կողմերին հնարավորություն է տալիս հաղթահարելու իրերի ներկայիս անընդունելի դրությունը», մասը, ապա տեսանելի է նաեւ, որ Դովիլում արած հայտարարությամբ Մեդվեդեւը, Օբաման եւ Սարկոզին նաեւ ճնշում են գործադրում հակամարտ կողմերի վրա, հետեւաբարՙ բավական տրամաբանական եւ սպասելի է, որ ավելի ուշ` Ստեփանակերտում նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն պիտի հայտարարի. «Մենք հույս ունենք, որ նախագահների` Կազանում կայանալիք առաջիկա հանդիպմանը կողմերը հավանություն կտան կարգավորման համար առաջարկվող փաստաթղթի արդեն վերջնական տարբերակին: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը կողմերին է առաջարկվել մոտ երեք ամիս առաջ Սոչիում»: Ի դեպ, Դովիլի հայտարարության տեքստում նույնպես «երեք ամիս առաջ»` մարտի 5-ին Սոչիում կայացած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման ժամանակ ներկայացված հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակի մասին էր խոսվում:
Ինչեւէ` անկախ նրանից, թե կոնկրետ հիմնարար սկզբունքների վերջնական, թե «նախավերջին», թե թվով որերորդ տարբերակը կներկայացվի կողմերին հունիսի 25-ին Կազանում, փորձենք հասկանալՙ ի՞նչ հավանական սցենարներ են հնարավոր:
Կամ նախագահները ոչինչ չեն ստորագրում ու ոչինչ չեն հայտարարում, ինչը կնշանակի այսքան «գովազդված» Կազանի ու սրանից ածանցյալ` ռուսական նախաձեռնության ձախողում, ինչը պատկերացնելն անգամ դժվար է: Կամ նախագահները ստորագրում են հերթական «մարդասիրական» հայտարարությունն ու հայտարարում, որ «մեկ ու էական քայլով էլ առաջ գնացին հիմնահարցի կարգավորման ճանապարհին»: Կամ նախագահները ստորագրում են փաստաթուղթ, որտեղ փոքրիկ, բայց էական նոր տարր է ներմուծվում, օրինակ, կողմերը պարտավորվում են դիպուկահարներին հանել առաջին գծից, եւ վերջապես կամ էլ նախագահները ստորագրում են առաջարկված սկզբունքները` որպես խաղաղ բանակցություններ սկսելու հիմք: Միայն այս վերջինի անվանումը հուշում է, որ եթե անգամ նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը Կազանում սկզբունքները ստորագրեն, դա որեւէ կերպ չի կարող նշանակել որեւէ բանի ավարտ, ավելի պարզ ասած` հիմնահարցի լուծում: Բանակցությունները, դեռ պարզապես բառիս բուն իմաստով չեն էլ սկսվել. սրանք ընդամենը սկզբունքներ են, որոնք հակամարտ կողմերը, եթե ստորագրեն, ապա պարտավորվում են վերցնել որպես խաղաղ բանակցությունների համար հիմք, ընդ որում, շատ հատկանշական է, խաղաղ բանակցությունների ողջ ընթացքի համար: Այսինքն, եթե սկզբունքները ստորագրելուց հետո, երբ կողմերն արդեն կաշխատեն խաղաղության մեծ պայմանագրի մշակման շուրջը, ու, եթե, օրինակ, Բաքուն համաձայն չլինի կամ չընդունի, որ ինքը պետք է ճանաչի ԼՂ-ի ներկա կարգավիճակը ժամանակավորապես, որն ինչպես գիտենք, միջազգային հանրությունը, համաձայն նույն սկզբունքների, պետք է անի, ապա, Երեւանը, կարող է եւ պետք է իր հերթին հրաժարվի կատարել սկզբունքների իրեն ոչ այնքան «հաճելի» դրույթներից ցանկացածը: Իսկ եթե հաշվի առնենք, որ ԼՂ հիմնահարցի նման բարդ խնդրում առաջարկված սկզբունքներից թեկուզ մեկ-երկուսին չհամաձայնումը նշանակում է անհամաձայնություն սկզբունքներին ամբողջապես, ապա հասկանալի է, որ Կազանում` «համաձայն ենք սկզբունքներին» Սարգսյան-Ալիեւ ստորագրությունները դեռ ոչինչ չեն նշանակում, սկիզբ լինելուց բացի, եւ կողմերին տալիս են մանրեւելու բազմաթիվ տեղեր:
Բացի սրանից` ի՞նչ պետք է կատարվի Կազանում փոխադարձ համաձայնությամբ` սկզբունքներն ընդունելուց հետո: Սա բավական լուրջ ու բավական երկարատեւ իրավական գործընթաց է առաջին հերթին:
Տեսեք, նույն «ԼՂ-ին տրամադրել միջանկյալ կարգավիճակ, որը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից» դրույթը, որն ավելի վաղ Կասպրշիկը պարզաբանեց, թե «չի կարող ավելի նվազ լինել ԼՂ-ի ներկա կարգավիճակից», այսինքն` փաստացի ԼՂՀ-ի միջազգային ժամանակավոր ճանաչումը, Ադրբեջանի համար նշանակում է սահմանադրական փոփոխություններ` իր բոլոր ընթացակարգերով ու ժամանակատարությամբ: Ըստ Ադրբեջանի սահմանադրության` ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, հետեւաբար ԼՂ-ի «որեւէ այլ կարգավիճակ» ընդունելու եւ ճանաչելու համար Բաքուն պետք է սահմանադրության փոփոխությունների փաթեթ դնի համաժողովրդական հանրաքվեի, որի արդյունքներն ու մանավանդ հետեւանքները, թեկուզ Ադրբեջանի նման «ամեն ինչ պարզ է մինչեւ ընտրությունները» երկրի համար, բավական դժվար է կռահել, քանի որ խոսքը Բաքվի համար խիստ զգայուն Ղարաբաղի մասին է: Նույնը վերաբերում է նաեւ ԼՂՀ-ին, որի սահմանադրության համաձայն էլ` ԼՂՀ-ն նախկին ԼՂԻՄ-ն է` գումարած շրջակա, ազատագրված 7 շրջանները: Հետեւաբար` այնտեղ ադրբեջանցի փախստականների վերադարձ, մանավանդ ինչ-ինչ տարածքներում խաղաղապահ ուժերի տեղակայում, վիճելի կամ անցումային տարածքների սահմանում ապահովելու համար անհրաժեշտ է ԼՂՀ սահմանադրությունը նույնպես անհրաժեշտ փոփոխությունների ենթարկել: Սակայն, այստեղ մեկ այլ ու բավական նշանակալի յուրահատկություն կա: Ստեփանակերտից որեւէ մեկը մեկնո՞ւմ է Կազան` ոչ, հետեւաբարՙ Կազանում, եթե անգամ սկզբունքները գրավոր համաձայնեցվում են, կա՞ Ստեփանակերտի ստորագրությունը` ոչ, այս ամենից էլ հետեւաբար` Ստեփանակերտը որեւէ կերպ պարտավորվածություն ունի՞ իրականացնելու սկզբունքներով նախանշված գործողություններ, եթե անգամ նրանց տակ կան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրությունները` իհարկե եւ անշուշտ` ոչ, չունի: Հնարավո՞ր է, որ Ստեփանակերտը, սկզբունքներով նախատեսված գործողությունները չկատարելու համար, ենթարկվի միջազգային հանրության ճնշումներին, հնարավոր է: Սակայն եթե դա Ադրբեջանն է, ապա դա կարող է նշանակել միայն նոր պատերազմ, ինչի անթույլատրելիության մասին բազմիցս խոսել են համանախագահները: Եթե դա համանախագահներն են, կամ առհասարակ` միջազգային հանրությունը, ապա առաջանում է բավական տրամաբանական հարց` ճնշում են, բայց ո՞ւմ: Միջազգայնորեն ճանաչված Երեւանը` Կազանում ստորագրել է, իսկ չճանաչված Ստեփանակերտը չի ընդունում այդ սկզբունքները, ինչի իրավունքն ունի: Այսինքն` որպեսզի միջազգային հանրությունը կարողանա ճնշել Ստեփանակերտին, նախ պետք է ճանաչի, թե ում է ճնշում, իսկ եթե ճանաչի, ապա էլ ինչո՞ւ ճնշել... Հետեւաբար` բավական տրամաբանական եւ սպասելի կլինի, եթե Կազանից հետո (եթե նախագահները ստորագրեն, որ առաջարկված սկզբունքներն են հիմք ընդունում) համանախագահները հանդես գան հայտարարությամբ, որով Ստեփանակերտը կվերականգնի իր տեղը բանակցությունների` այս դեպքում արդեն իսկապես սկսված բանակցություններ սեղանի շուրջը:
Այսպիսով, ամփոփելով այս ամենըՙ նկատենք. եթե անգամ Կազանում նախագահները ստորագրում են սկզբունքների համաձայնության վերաբերյալ փաստաթուղթ, ապա դա միայն նշանակում է իրական բանակցությունների սկիզբ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կարող է մանրեւել: Հետեւաբար` սկզբունքներում ամրագրված յուրաքանչյուր դրույթ ամենեւին էլ պարտադիր չէ, որ հենց այդ տեսքն է ունենալու խաղաղության մեծ պայմանագրում, ընդ որում` ինչպես «հայանպաստ» դրույթները, այնպես էլ «կասկածելիներն» ու «ադրբեջանանպաստները»: Կոնկրետ օրինակ, եթե, ասենք, Ադրբեջանը պահանջում է իր փախստականների վերադարձ ԼՂ եւ շրջակա տարածքներ, ապա հայկական կողմերը նույնպես կարող են պահանջել հայ փախստականների վերադարձ ԼՂ-ի օկուպացված շրջաններ` Շահումյան եւ դաշտային Ղարաբաղ` Դաշքեսան, Շամխոր եւ այլն: Չէ՞ որ առաջարկված սկզբունքներում խոսվում է փախստականների վերադարձի մասին առհասարակ` հակամարտությանն առնչություն ունեցող տարածքներ ու ոչ թե կոնկրետ ադրբեջանցի փախստականների մասին: Այստեղ նույնպես բավական ուշագրավ նրբություն կա, հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում փախստականները նախկին բնակավայրեր վերադառնում են կամավորության սկզբունքով, այլ ոչ պետական ճնշումներով, ու եթե, ասենք, մեր փախստականները հրաժարվում են վերադառնալ իրենց բնակավայրեր ինչ-ինչ պատճառներով, ապա, փոխադարձության հիման վրա, ինչո՞ւ պետք է ադրբեջանցի փախստականները վերադառնալու իրավունք ու հնարավորություն ստանան: Իսկ եթե, մեր, օրինակ, շահումյանցի փախստականները հրաժարվում են վերադառնալ «Ադրբեջանի ենթակայության տակ մնացած Շահումյան» ու կվերադառնան, եթե այն անցնի ԼՂՀ-ին, ապա առաջանում է նաեւ` տարածքների վերադարձման հարց: Այսինքն` սկզբունքներով առաջարկված յուրաքանչյուր դրույթ ակնկալում է փոխադարձություն, ինչը ղարաբաղա-ադրբեջանական առկա «հարաբերությունների» պայմաններում, մեղմ ասած, տարիների աշխատանք է պահանջում: Ուրեմն սկզբունքների, թեկուզ գրավոր, համաձայնություն տալը, խաղաղության մեծ պայմանագրի տեքստում դրանք բոլորը նույնությամբ ներառելն ու հիմնահարցը` հենց այդ սկզբունքների հիման վրա լուծելը, միանգամայն տարբեր բաներ են, չնայած կարող են եւ նույնը լինել, կարող են... ընդամենը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ