Մի քանի տարի առաջ տրված «Հովազաձոր» ՍՊԸ-ին
Կառավարության երեկվա որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեցին ավելի վաղՙ 2007-ին ընդունած «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու, այդ արգելավայրը 2008 թվականին մինչեւ 60 տարի վարձակալության, մինչեւ 10 տարի գյուղատնտեսական գործունեության եւ կառուցապատման իրավունքով «Հովազաձոր» ՍՊԸ-ին տրամադրելու որոշումները:
Այս որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն ընդունելու անհրաժեշտությունն առաջացել է բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում եւ նպատակ ունի ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում էկոհամակարգերի հավասարակշռության պահպանումը:
Բանն այն է, որ «Գիլան» պետական արգելավայրի վարձակալ «Հովազաձոր» ՍՊԸ-ն այստեղ սկսել էր իրականացնել ծառահատումների եւ ռեստորանային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներ: Մինչդեռ այս ընկերությունը պետք է իրականացներ իր ներկայացրած «Կենդանական եւ բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման կազմակերպման» ծրագիրը:
«Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից կատարվող կառուցապատմանն առաջինն ահազանգեց «Ազգը» , ներկայացնելով այն վնասները, որ պատճառվում էին բնությանն ու այստեղ գտնվող մշակութային հուշարձաններին: Մեր թղթակից Հասմիկ Հարությունյանի հրապարակումներում մասնավորապես նշվում էր, որ հատվում են բազմաթիվ ծառեր, անհետացման վտանգի առջեւ են կանգնում 1000 տեսակից ավելի բույսեր, Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, «Բայբուրդ» տեղավայրում գտնվող 5-րդ դարի եկեղեցին:
«Պետք է 2007-ի կառավարության ընդունած որոշումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արգելավայր կառուցելու մասին անվավեր, ինչպես նաեւ չեղյալ համարել «Հովազաձոր» ՍՊԸ-ի հետ կնքած վարձակալության պայմանագիրը»: Սա զանգվածային լրատվության միջոցների եւ բնապահպանների հիմնական պահանջն էր: Հասարակության մտահոգություններն արտահայտող նրանց բողոքին եւ պահանջին կառավարությունն ականջալուր եղավ: Ի վերջո կայացվեց արդար որոշում:
Նախ բնապահպանության նախարարն ու նախարարության աշխատակիցները, բնապահպանների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելեցին պետական արգելավայր, ինչից հետո կառուցապատման աշխատանքերը դադարեցվեցին: Սակայն որոշ ժամանակ անց շինարարությունը վերսկսվեց, որի դեմ դարձյալ բողոքի ալիք բարձրացավ: Դրան հաջորդեցին կառավարության եւ բնապահպանական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ քննարկումները արգելոցի այս հատվածի ճակատագրի վերաբերյալ:
Եվ ահա, երեկվա որոշմամբ կառավարությունը որոշեց փոխել «Գիլան» պետական արգելավայրի կարգավիճակը, իսկ պետական արգելոցիՙ վարձակալության տրված «Բայբուրդ» կոչվող տեղամասի 118 հա տարածքում վերականգնել արգելոցային ռեժիմը:
Այս որոշման նախագիծը երեկ կառավարության նիստում ներկայացրեց բնապահպանության նախարարը: Նշվեց, որ դրա մշակմանը մասնակցել են մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ` ի դեմս «Էկոլոգիական հասարակական դաշինքի», ՀՀ ԳԱԱ-ի մի շարք գիտահետազոտական ինստիտուտների ճանաչված գիտաշխատողների:
Որոշման նպատակն, ըստ կառավարության հիմնավորման, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ողջ տարածքում պահպանության արգելոցային ռեժիմի կիրառման հնարավորությունը վերականգնելն է, ինչը կհանգեցնի նաեւ պետական արգելոցի պահպանության արդյունավետության բարձրացմանը, պետական արգելոցի տարածքում ներկայացված էկոհամակարգերի ամբողջական պահպանությունն ապահովելը:
Հուսանք, որ հետագայում էլ բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակական մտահոգությունները հաշվի կառնվեն, եւ այս կամ այն որոշումը կայացնելիս առաջնային կհամարվեն պետության եւ հասարակության շահերը, այլ ոչ թե ի վնաս վերջիններիսՙ մասնավոր անձանց շահերը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ