«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2011-06-22 | #115, 2011-06-23 | #116, 2011-06-24


ԱԱՀ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

Կառավարության երեկվա նիստում «Էկոտոմատո» ընկերությանը ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման հետաձգելու արտոնություն տրվեց: Ընկերության ներդրումային ծրագրով նախատեսվում է 300 մլն դրամից ավելի սարքավորումներ ներմուծելՙ Կոտայքի մարզի Գողթ գյուղում վարդերի ջերմոցային տնտեսություն ստեղծելու համար: Նախատեսվում է կատարել ընդհանուր առմամբ մոտ 2 մլրդ դրամ ներդրում, ստեղծել մոտ 30 աշխատատեղ: «Մենք զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը մշտապես հրավիրում ենք բոլոր այն դեպքերին, երբ կառավարությունն արտոնություն է տրամադրում ձեռնարկություններին իրենց ներդրումային ծրագրերը ներկայացնելու ժամանակ, որպեսզի հանրությունը նույնպես իր հսկողության տակ պահի, որ այս արտոնությունը ծառայելու է բուն նպատակին: Դրա համար այս անգամ եւս ցանկանում եմ զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը հրավիրել այս որոշման վրա: Սա թվով 17-րդ որոշումն է, որով մենք հավանություն ենք տալիս 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրին: Արդյունքում, հարգելի գործընկերներ, մենք ունենում ենք 61 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր: Այս պահի դրությամբ արդեն ստեղծված է շուրջ 1000 աշխատատեղ, եւ ենթադրվում է, որ այս ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի շուրջ 1700 աշխատատեղ: Այնպես որ, օրենսդրական հնարավորությունը, որ տրվեց կառավարությանը, տալիս է իր դրական արդյունքները. բավական շոշափելի են դառնում մեր տնտեսության տարբեր ճյուղերում արվող ներդրումները», նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը : Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը «Գոլդն գրեյպ Արմաս» ընկերությանը տրված նույն արտոնության վերաբերյալ իր նախկին որոշման մեջ որոշակի հստակեցումներ կատարեց: Իսկ «ՍՊՍ Սիգարոն» ընկերության համար ներմուծված եւ չվերաարտահանված ապրանքների որոշակի քանակների «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարացվեց մինչեւ 2012 թ. հունվար եւ փետրվար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4