Հավաստիացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երեկ տեղի ունեցած իր մամուլի ասուլիսը սկսեց` տեղեկացնելով նախարարության եւ նրան ենթակա գործակալություններում կատարված կառուցվածքային եւ կադրային փոփոխությունների մասին, որից հետո անդրադարձավ մակրոտնտեսական ցուցանիշներին:
Նախարարը գոհունակություն հայտնեց մայիս ամսվա տնտեսական ակտիվության 9,9 տոկոս եւ հատկապես արդյունաբերության 25 տոկոս աճից: Սակայն նա չցանկացավ «շատ ոգեւորվել» թվային ցուցանիշներով, քանի որ դրանց հաշվարկման մեթոդաբանությունն է փոխվել: Այնուամենայնիվ, Տիգրան Դավթյանը հայտնեց, որ արդյունաբերության միջին ամսական աճը կազմում է 10-11 տոկոս, ինչը նշանակում է, որ այս տարվա ընթացքում արդյունաբերությունը կլինի մեր տնտեսության «շարժիչ ուժը եւ լոկոմոտիվը»: Նման դրական դինամիկան նախարարը համարեց վերջին երկու-երեք տարիների ընթացքում կառավարության ձեռնարկած քայլերի արդյունք, ավելացնելով, որ մինչեւ տարեվերջ կունենանք նոր ձեռնարկություններ եւ արդյունաբերական արտադրանքի նոր ծավալներ:
Տիգրան Դավթյանն ընդգծեց, որ կառավարությունն ակտիվ աջակցում է ե՛ւ կոնկրետ ձեռնարկություններին, ե՛ւ ճյուղերին, որն արտահայտվում է ոչ միայն ավելացված արժեքի հարկի վճարման հնարավորություն տալով: Միայն այս արտոնության շնորհիվ տնտեսության իրական հատվածում կկատարվեն 72 մլրդ դրամի ներդրումներ եւ ի թիվս արդեն ստեղծված մոտ 10 նոր ձեռնարկությունների, որոնք թվարկեց նախարարը, կստեղծվեն այլ նոր ձեռնարկություններ եւս:
Պետական աջակցության այլ տեսակ է ազատ տնտեսական գոտիների ստեղծումը: Նախատեսվում է ստեղծել երեք այդպիսի գոտի` «Զվարթնոց» օդանավակայանում` ագրոուղղվածություն ունեցող, «Մարս» գործարանի հենքի վրա, որի բանակցությունները կավարտվեն մեկ-երկու ամսից, եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար` հավանաբար «Էյ Փի Ջի Լեփս» ընկերության բազայի վրա:
Էկոնոմիկայի նախարարն անդրադարձավ նաեւ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին (որոնց մանրամասները բազմիցս ներկայացրել ենք մեր թերթում) եւ հայտնեց, որ առաջիկայում սպասվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարել, ինչի շնորհիվ կսահմանափակվեն անհիմն ստուգումները եւ անցում կկատարվի ռիսկի վրա հիմնված ստուգումներին:
Տարեկան մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսման մասին հարցին պատասխանելովՙ Տիգրան Դավթյանն ասաց, որ առնվազն բյուջեով նախատեսված 4,6 տոկոս տնտեսական աճ կունենանք եւ «մի քիչ էլ ավելի»: Գնաճի ցուցանիշը նույնպես, նրա կարծիքով, մինչեւ տարեվերջ կնվազի:
«Արդյունաբերությունը զարգանում է միայն հանքարդյունաբերությա՞ն շնորհիվ» հարցին էկոնոմիկայի նախարարը բացասական պատասխանեց, ասելով, որ արդյունաբերության բոլոր ճյուղերում աճ կա: Նրա ներկայացմամբ, ամենամեծ աճն ունեցել է մեքենաշինությունը, թեեւ բազան այստեղ ցածր է, ապաՙ թեթեւ արդյունաբերությունը, ակնագործությունը, հանքարդյունաբերությունը, սննդարդյունաբերությունը:
Մեկ այլ հարց էլ առնչվում էր փոքր ու միջին բիզնեսի համար արտոնություններից օգտվելու հնարավորություն ստեղծելուն: Ըստ Տիգրան Դավթյանիՙ 300 մլն դրամի սարքավորումներ ներմուծողների համար ավելացված արժեքի հարկի հետաձգումը գումարային մեծ չափ չի համարվում, բայց փոքր ու միջին բիզնեսի համար էլ քննարկվում է ժամանակավոր ներմուծման ռեժիմի հետաձգման արտոնություն կիրառելու հարցը:
«Ազգի» հարցն առնչվում էր վերջերս տարածված տեսակետին, որ նոր հանքերի շահագործումը Սյունիքում կարող է խանգարել զբոսաշրջության զարգացման ծրագրին այս տարածաշրջանում, ինչի հետ են կապում նաեւ ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Բեկոր Փափազյանի հրաժարականը: Այս մասին էկոնոմիկայի նախարարը նախ ասաց, որ Բեկոր Փափազյանի հրաժարականն այդ հարցին կապված չէ, ապա նշեց, որ երկու ոլորտների զարգացումն այս տարածաշրջանում «հանգիստ կարելի է համատեղել, եթե ողջամիտ ծրագրեր իրականացնենք»:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ