Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ «Փայլ եւ շքեղություն. ձեռագործ արվեստի գանձեր Պոլսո Հայ Առաքելական եկեղեցիներում» նկարազարդ խոշորածավալ գրքի շնորհանդեսը: Այդ շատ արժեքավոր աշխատության հեղինակներիՙ ԱՄՆ արեւմտյան Միչիգանի եւ Մինեսոտայի համալսարանների պրոֆեսորներ Մարլեն Բրուի եւ Ռոնալդ Մարչեսի հետ հանդիպումը կազմակերպել էին ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտը եւ «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությունը: Շնորհանդեսը բացեց եւ նման աշխատություն իրականացնելը բարձր գնահատեց ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը , նշելով, որ գիրքն իր արժանի տեղը կգտնի հայկական ասեղնագործության պատմությունն ուսումնասիրողների շրջանում: Բազմահազար էջանոց նկարազարդ գիրքը նվիրված է բացառապես եկեղեցական ասեղնագործությանը: Այս թեման նման մասնագիտական խորությամբ առաջին անգամ է արծարծվում, եւ հեղինակները մեծապես կարեւորում են հայ ժողովրդի ներդրումը նյութական մշակույթի այս ոլորտում:
Անտիկ դարաշրջանի պատմության եւ հնէաբանության պրոֆեսոր Ռոնալդ Մարչեսը մանրամասնորեն ներկայացրեց ու ցուցապաստառի վրա ցույց տվեց Թուրքիայի Հանրապետությունում գործող 30 եկեղեցիների ծիսական զգեստները, որոնք մանրակրկիտ ուսումնասիրել են: Եվ այդ աշխատանքներում, որոնցից շատերն արված են եռակողմյան պատկերով, թանկարժեք քարերի, մետաքսե կտորների եւ արծաթ ու ոսկե թելերով, հաստատում են «Կոստանտինյան ոճը», որը գալիս է հաստատելու, որ շատ հարուստ հավաքածու կա այդ եկեղեցիներում, իր բնորոշ ազգային մանրանկարչությամբ, հայկական մակագրություններով: «Այդ հավաքածուն ունի մի հզոր էմոցիոնալ էներգետիկա, որը ֆիզիկական հիշողություն է այն նվիրատվությունների մասին, որոնք մարդիկ անում էին եկեղեցիներին: Հայկական նյութական մշակույթը Արեւմտյան Անատոլիայում նույնպես վկայում է այն մասին, որ մարդիկ սիրում էին իրենց քաղաքը, իրենց աշխատանքը եւ ծառայությունը եկեղեցուն», բացատրում էր Մինեսոտայի համալսարանի 30 տարիների ճանաչված պրոֆեսորը:
«Ազգի» հարցին պատասխանելով, ձեռագործ արվեստի եւ զգեստների հետազոտություններով զբաղվող պրոֆեսոր Մարլեն Բրուն ասաց. «Իհարկե այս արժեքավոր աշխատությունը որպես պատմական բարձրարժեք նմուշ շատ կհետաքրքրի հայագիտությամբ զբաղվողներին ու նաեւ հայագիտական ամբիոններին, որոնք Ամերիկայի համալսարաններում գործում են: Այս գիրքը յուրօրինակ հանրագիտարանային, պատմական տեղեկություններ է պարունակում»:
Ի դեպ նշենք, որ այս կարեւոր ու շատ արժեքավոր աշխատությունը լույս է տեսել անգլերեն եւ թուրքերեն լեզուներով: Այժմ բանակցություններ են ընթանում այն հայերենով տպագրելու շուրջը: Ինչպես նշում էին գրքի հեղինակները, Ստամբուլում շատ շուտով լույս կտեսնի «Հավատքի գանձեր. սուրբ մասունքներ եւ նմուշներ Ստամբուլի հայ եկեղեցիներում» իրենց մյուս աշխատությունը: Գրքի միակ օրինակը հեղինակները նվիրեցին ազգային ակադեմիային:
Մ. Մ.