«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2011-06-23 | #116, 2011-06-24 | #117, 2011-06-25


ԱԼՏԻ ԵՎ ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԿԵԶՐԱՓԱԿՎԻ ՅԱԿՈՎ ՅԱԿՈՒԼՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի եւ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան «Ալտի եւ թավջութակի» փառատոնին «Ազգը» անդրադարձել է: Եվ ահա հունիսի 26-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կկայանա փառատոնի փակման համերգըՙ հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Յակով Յակուլովի (ԱՄՆ) հեղինակային երեկոյով:

Յակով Յակուլովը ծնվել է Մոսկվայում, որտեղ սովորել է դաշնամուր եւ կոմպոզիցիա տեղի պետական կոնսերվատորիայում եւ Գնեսինների անվան ակադեմիայում: Յ. Յակուլովը հայ մեծ նկարիչ Գեորգի Յակուլովի (որի 100-ամյակը նշվեց Ազգային պատկերասրահում բացված նկարչի շուրջ 100 աշխատանքներով) թոռն է: Նա Բոստոնի համալսարանի երաժշտության դոկտոր է, պարգեւատրվել է «Կոմպոզիտորների, հեղինակների եւ հրատարակիչների ամերիկյան միության» ամենամյա 9 մրցանակներով: Հանդիսանում է ԱՄՆ-ի Ազգային երաժշտական ընկերության անդամ: Յակուլովը բազմիցս հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում եւ նրա ստեղծագործությունները մշտապես հնչում են Գերմանիայի, Շոտլանդիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի փառատոներում: Երեւանյան անդրանիկ հեղինակային երեկոյի ընթացքում Յակով Յակուլովը (ԱՄՆ) հանդես կգա փառատոնի կամերային նվագախմբի հետ, Արամ Թալալյանի ղեկավարությամբ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4