Մայիսին գները ապրիլի համեմատ գրեթե չեն փոփոխվել
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16643 գործարք, ինչը 2 տոկոսով բարձր է նախորդ ամսվաՙ ապրիլի եւ 23,1 տոկոսովՙ 2010-ի մայիսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը մայիսին ապրիլի համեմատ աճել է 1,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատՙ 21,7 տոկոսով: 4065 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 79,6 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,1 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:
Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 66,2 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի ապրիլի համեմատ, մայիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 3,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ, աճելՙ 30,4 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մայիսին ապրիլի համեմատ չնչին աճել են 0,2 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) մայիս 2010թ. | Միջին գները (դրամ) մայիս 2011թ. | Միջին գները (դրամ) ապրիլ 2011թ. |
Կենտրոն | 469500 | 443900 | 447300 |
Արաբկիր | 392200 | 342500 | 347400 |
Քանաքեռ-Զեյթուն | 289700 | 264300 | 264200 |
Նոր Նորք | 244700 | 226700 | 225700 |
Ավան | 247900 | 235500 | 232200 |
Էրեբունի | 252600 | 231900 | 235400 |
Շենգավիթ | 262100 | 231400 | 230800 |
Դավթաշեն | 280400 | 258200 | 252000 |
Աջափնյակ | 242300 | 227700 | 222000 |
Մալաթիա-Սեբաստիա | 251200 | 222900 | 221900 |
Նուբարաշեն | 145900 | 147000 | 149500 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 279900 | 257500 | 257100 |
Միաժամանակ, աղյուսակից երեւում է, որ վարչական շրջանների մի մասում ապրիլի համեմատ գներն իջել են, մյուս մասում բարձրացել:
Մարզերում, բացառությամբ Երեւանի, մայիսին վաճառվել են 315 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ աճել է 1,3 տոկոսով, իսկ 2010-ի մայիսի համեմատՙ 7,8 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները ապրիլի համեմատ աճել են ընդամենը 0,1 տոկոսով:
Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 185 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում)ՙ 1 քմ գինը 140 հազար դրամ է կազմել, Աբովյանումՙ 138 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 129 հազար դրամ, Գորիսըՙ 126 հազար դրամ, Իջեւանը 128 հազար դրամ, Մասիսը 121 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով: Բոլոր այս բնակավայրերում նախորդ տարվա մայիսի համեմատ գները զգալիորեն նվազել են:
2011-ի մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 462 գործարք, որից 125-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2011-ի ապրիլի համեմատ աճել է 3,4 տոկոսով, իսկ մարզերումՙ 2,1 տոկոսով: 2010-ի մայիսի համեմատ անհատական բնակելի տների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 35,9 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրածՙ 37,6 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2011-ի մայիսին ապրիլի համեմատ նվազել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) մայիս 2010թ. | Միջին գները (դրամ) մայիս 2011թ. | Միջին գները (դրամ) ապրիլ 2011թ. |
Կենտրոն | 487700 | 463500 | 467000 |
Արաբկիր | 399200 | 372700 | 378000 |
Քանաքեռ Զեյթուն | 294700 | 275500 | 275400 |
Նորք¬Մարաշ | 287200 | 280400 | 278000 |
Ավան | 251900 | 241600 | 238200 |
Էրեբունի | 260300 | 239000 | 236800 |
Շենգավիթ | 265900 | 241500 | 240900 |
Դավթաշեն | 286100 | 271500 | 265000 |
Աջափնյակ | 249400 | 240400 | 234400 |
Մալաթիա Սեբաստիա | 253200 | 233000 | 231900 |
Նուբարաշեն | 148400 | 148200 | 150700 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 289500 | 273400 | 272400 |
Անհատական տների դեպքում եւս, ապրիլի համեմատ, Երեւանի վարչական շրջաններիցՙ Կենտրոնում եւ Արաբկիրում աճ է արձանագրվել, մյուս շրջաններումՙ անկում:
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները մայիսին ապրիլի համեմատ նվազել են 0,2 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում ենՙ 1 քմ-նՙ 305 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է 1 քմ-նՙ 159 հազար դրամ, երրորդըՙ Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 145 հազար դրամ: Ապա գալիս են Իջեւանըՙ 137 հազար դրամ, Գորիսը 134 հազար դրամ, Աշտարակը 133 հազար դրամ, Նոր Հաճընը 131 հազար դրամ 1 քմ դիմաց: Այս բնակավայրերի մեծ մասում գների անկում է արձանագրվել նաեւ նախորդ տարվա մայիսի նկատմամբ:
Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2011-ի մայիսին 2010-ի մայիսի համեմատ, հողերի առքուվաճառքի գործարքների քանակն աճել է 11,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը նվազել 27,1 տոկոսով: Ընդ որում, Երեւանում մնացել է անփոփոխ:
2011-ի մայիսին 2011-ի ապրիլի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը աճել է 1,2 տոկոսով, իսկ 2010-ի մայիսի համեմատ նվազել` 15,7 տոկոսով:
Իրականացվել են հիպոթեկային գրավադրման 211 գործարքներ, որից 141-ը` Երեւանում: Հիպոթեկային գրավադրման գործարքներից 81,5 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 16,1 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածըՙ հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2011-ի ապրիլի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակը նվազել է 2,3 տոկոսով, ընդ որում Երեւանում` 17,5 տոկոսով, իսկ մարզերում աճել` 55,6 տոկոսով: 2010-ի մայիսի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակն աճել է 37, Երեւանում` 22,6 տոկոսով, մարզերում` 79,5:
Այսպիսով, դատելով ներկայացված տվյալներից, Հայաստանի անշարժ գույքի շուկան գտնվում է լճացման վիճակում: Այն կրկին կարող է ակտիվանալ, երբ Հայաստանում մայիսին գրանցված տնտեսական ակտիվության աճը շարունակվի եւ կայունանա:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ