Սփյուռք: Հիրավի, որքա՜ն բան կա այդ բառի մեջ... ե՛ւ վիշտ, ե՛ւ ողբերգություն, ե՛ւ կարոտախտ, ե՛ւ կամք, ե՛ւ կամազրկություն, ե՛ւ հաղթանակներ, ե՛ւ պարտություններ, ե՛ւ եկեղեցիներ, ե՛ւ դպրոցներ, ե՛ւ ծնունդներ, ե՛ւ... մահեր: Այո, սփյուռքը նաեւ մահն է: Ինչպես չկա լույս առանց խավարի, այնպես էլ կյանքՙ առանց մահի: Եվ քանզի «Արմենիա»-ն Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ծովարշավի շրջանակներում կատարում է շուրջերկրյա նավարկություն, ուրեմն երթուղի ընտրելով սփյուռքի ճամփաները, պետք է խարիսխ նետի այնտեղ, ուր ոչ միայն հայկական եկեղեցիներ, հայկական դպրոցներ, հայկական տներ կան, այլեւՙ հայկական գերեզմանոցներ: Այո, նաեւ գերեզմանոցներ: Այնպես որ, կյանքի ու օջախի կողքին կա եւ այնպիսի թեմա, ինչպիսին է մահը, գերեզմանը: Այդ թեմային ես շատ երկար եմ մոտեցել:
Առաջին անգամ սփյուռքում ես գերեզմանատուն այցելեցի Լոս Անջելեսում: Դա ավելի քան քառորդ դար առաջ էր: Ծաղիկներ դրեցի Գուրգեն Յանիկյանի գերազմանին: Սան Ֆրանցիսկոյում այցելեցի «Արարատ» անունը կրող հայկական ահռելի գերեզմանոցը, որտեղ ծաղիկներ դրեցի Սողոմոն Թեհլերյանի հիրավի վեհափառ շիրմաքարի տակ: Այնտեղ էլ, հուշասրահում խոնարհվեցի Վիլյամ Սարոյանի աճյունն ամփոփող մահասափորին: Ճիշտ է, այնտեղ նրա մոխրի կեսն է: Երկրորդ կեսը 1981 թվականին մեծ գրողի կտակով թաղվեց Երեւանում, կոմիտասյան պանթեոնում: Տեխասի Հյուստոն քաղաքում այսօր քիչ հայեր են մնացել, բայց այնտեղ մի անծայր գերեզմանոց կա հայկական շիրմաքարերով, որոնց գրություններից շատ բան կարելի է իմանալ: Նույնը կարելի է ասել Բեյրութի, Հալեպի, Կահիրեի, Բաղդադի, Թեհրանի, Սպահանի, Մարսելի եւ առանց բացառությանՙ բոլոր հինգ մայրցամաքների բազմաթիվ բնակավայրերի մասին: Վերջին հաշվով, խոսքը միլիոնավոր ու միլիոնավոր գերեզմանների ու շիրմաքարերի մասին է: Եվ ամենից շատ դրանք Թուրքիայում են, մանավանդ Արեւմտյան Հայաստանում եւ ցարական Ռուսաստանի տարածքում (ԽՍՀՄ): Համարյա ամենուր տեղական իշխանությունների կողմից պահպանվել ու պահպանվում է այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում կոչվում է սրբություն: Միայն Թուրքիայում ու նրա ճնշմամբ եւ հովանավորությամբ ստեղծված Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությունում ամեն ինչ լիովին ջնջված է երկրի երեսից:
Ահա միայն մեկ օրինակ: 1978 թվականին, աշխատելով «Օջախ» գրքի վրա, ես ճամփորդեցի ողջ Հայաստանում: Կես տարվա անընդմեջ արշավանքի ընթացքում այցելեցի Հայկական ԽՍՀ-ի բոլոր բնակավայրերըՙ առանց բացառության: Մեկնարկեցի Մեղրիից, ու գնացել էի Նախիջեւանի միջով, նախապես դրա համար պաշտոնական թույլտվություն ստանալով ՆԳՆ-ից: Այդպիսին էր օրենքը, քանզի Նախիջեւանի նորաստեղծ հայկական ինքնավար հանրապետությունը Ստալինը վերածել էր համատարած սահմանապահ գոտու: Տարիներ անց, 1988 թվականի փետրվարի 29-ին ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի նիստի ժամանակ Մ.Ս.Գորբաչովը զարմանք էր հայտնելու այն առիթով, որ սահմանապահ գոտի էր հայտարարված Նախիջեւանի ողջ տարածքը: Իսկ դա նշանակում է, որ նույնիսկ այնտեղ ծնված հայերը իրավունք չունեին առանց անցագրի մեկնելու այնտեղ եւ գոնե այցելելու իրենց նախնիների շիրիմներին: Այդ ամենը տեղի էր ունենում ԽՍՀՄ-ի տարածքում: Եվ մենք լռում էինք:
Այն ժամանակ, դեպի Մեղրի մեկնարկելուց առաջ ես այցելեցի ոչ միայն Ջուղաՙ իր հազարավոր ու հազարավոր խաչքարերով, այլեւ Զնաբերդի, բուն Նախիջեւանի, Օրդուբադի եւ իհարկե Ագուլիսի գերեզմանոցներ: Կոմունիստական տոտալիտարիզմի օրոք դեռեւս ինչ-որ բան հաջողվել էր պահպանել: Բայց կապիտալիստական «դեմոկրատիայի» ժամանակ վանդալիզմը բարձրացվեց պետական քաղաքականության աստիճանի: Ավելին, իրենց գազանությունն արդարացնելու համար ազերները աշխարհով մեկ հայտարարեցին, թե խաչքարը թուրքական երեւույթ է եւ փոքր ճարտարապետության հայկական այդ գլուխգործոցը անվանեցին խաչդաշ: Եվ մենք լռեցինք: Լռեցինք, երբ ոչ թե խորհրդային ժամանակներն էին, այլ անկախության շրջանը: Լռեցինք, երբ խորհրդային տարիներին պահպանված հազարավոր ու հազարավոր խաչքարեր բուլդոզերներով տապալվեցին ու վագոններով հեռացվեցին: Լռեցինք վախկոտաբար եւ զզվելիորեն: Իսկ մեզ մոտՙ տանը հրապարակումները հայերենով եւ ռուսերենով այնքա՜ն ստահոդ էին, մանավանդ եթե հաշվի առնենք, որ անկախ Հայաստանը ՄԱԿ-ի եւ շատ այլ միջազգային կազմակերպությունների լիիրավ անդամ է:
Փառք Աստծո, բացարձակ մեծամասնությամբ աշխարհի երկրներում գերեզմանոցների հարցի դրվածքն ուրիշ է: Ասենք, Սինգապուրում հինավուրց գերեզմանոցներն ու եկեղեցիները համարվում են պետության ազգային սեփականություն: «Արմենիա»-ն դեռ չէր կառանվել Սինգապուրի նավահանգստում, բայց իմանալով, որ հենց այդ քաղաք-պետությունում են մարդկայնորեն մոտենում անցյալին, հնությունը, պատմական հիշողությանը, ես որոշեցի վերադառնալ այս դժվարին խոսակցությանը, որին վաղուց եւ երկար պատրաստվել էի:
Ժամանակին, երբ կենսագործում էին քաղաքի գլխավոր նախագիծը, սինգապուրցիներն ստիպված էին քանդել որոշ հին շինություններ, այդ թվումՙգերեզմանոցներ: Սակայն դրանով հանդերձ, քաղաքի այրերը քանդված գերեզմանոցների շիրմաքարերը իրենց գրություններով տեղադրեցին հատուկ կառուցված պատերի մեջՙ դրանք պահպանելու համար: Թվում է, ինչո՞ւ: Ո՞ւմ համար: Այդ մեռյալների ոչ հարազատները, ոչ մերձավորները, ոչ էլ տերերը վաղուց արդեն չկան: Բայց չէ՞ որ հենց սրա մեջ է մարդասիրությունը, սրանով են դրսեւորվում գործուն քաղաքակրթվածությունը, բարոյականությունըՙ սեփական եւ օտարի դավանանքի հանդեպ: Առաջ անցնելով ասեմ, որ Բաբասը եւ Հայկը մեր ֆիլմի համար նկարահանել են հենց այդ նույն պատըՙ հայկական շիրմաքարով:
Իսկ առայժմ վերադառնամ թեմային, որով սկսեցի այս ռեպորտաժը: Այո, մենք այցելում ենք նաեւ գերեզմանոցներ: Իսկ Մելբուռնում մասնակցել ենք մեր հայրենակցի հոգեհանգստին, թաղմանը եւ ապա երկար քայլել համաքաղաքային գերեզմանոցի հայկական տեղամասերի շարքերով: Այստեղ էլ իմ հուշատետրում առանձին գրառումներ հայտնվեցին «Ողջերն ու մեռածները» վերտառության ներքո:
...Մելբուռն: Եկեղեցում հոգեհանգստի արարողություն է: Առաջին չորս շարքում ազգականներն ենՙ սգազգեստներով: Խորանի առջեւ դագաղն է: Փակ է: Կափարիչի վրա ծաղիկներ են: Հոգեհանգիստն անցկացնում են տեր հայր Կիրակոսը եւ Սիդնեյից ժամանած հոգեւորական Պարթեւը: Իմացա հանգուցյալի անունը: Վիկտոր Տեր-Պողոսյան: Ինֆարկտ: Համազգեստավոր ութ տղամարդիկ դուրս բերեցին դագաղը: Երկու լիմուզիններ: Դիակառք: Մեկում տեղավորվեցին հարազատներն ու մտերիմները:
Գերեզմանոց: Մի քանի տասնյակ հեկտար: Պարզապես հող, խոտ ու ծառ չէ, այլ արված է մտածված, զուսպ, մի խոսքովՙ հարմար: Ֆանտաստիկ չափերի հասնող այգի է գցվածՙ հավասարաչափ ներքին ճանապարհներով, համապատասխան ճանապարհային նշաններով: Կան հույների, իտալացիների, արաբների, հայերի, հրեաների, ռուսների եւ շատ այլ ազգությունների գերեզմանոցային տեղամասեր: Ուշադրություն դարձրի, որ բոլոր շիրմաքարերը, հուշարձանները, քանդակները գրեթե նույն չափերի են: Այդ կապակցությամբ կան քաղաքապետարանի որոշակի ցուցումներ: Պատվերները նունպես մեծ մասամբ կատարում են քաղաքապետարանի հովանու տակ գործող հատուկ արհեստանոցները: Հենց նրանք էլ պատասխանատու են չափսերի համար: Տարեցտարի հարցն ավելի է խստանում:
Մեր հայրենակից Տեր-Պողոսյանին չթաղեցին այնտեղ, որտեղ գրված է «հայեր», այլ ընդարձակ դաշտում, որտեղ հեռվից շիրմաքարերը չեն երեւում: Դա մեզ համար ինչ-որ նոր բան է:
...Պարզվում է, շատ մարդիկ կան, որոնք չեն ցանկանում, որ մահից հետո իրենց վրա ծանր քարեր դնեն: Այդպիսին էր Վիկտորի հայրըՙ Զոհրաբ Տեր-Պողոսյանը: Այդպիսիք Մելբուռնի գերեզմանոցում շատ-շատ են: Մոխիրը (կամ նույնիսկ աճյունը) թաղում են, իսկ գետնի վրա կարելի է տեսնել ընդամենը վարդագույն մի սալիկՙ երեսունը քսանհինգ սանտիմետրի վրա: Սալիկի հաստությունը մեկուկես սանտիմետրից չի անցնում: Քանդակված է ուռենու ճյուղ, խաչ, անուն, ազգանուն, տարեթվեր: Երբեմն կարելի է եւս մի քանի բառ կարդալ: Նման սալիկները շատ են: Հանկարծակի մահվան պատճառով որդին չէր հասցրել կտակ գրել: Որոշեցին թաղել հոր կողքին: Բայց Վիկտորի գերեզմանն առանձնահատուկ է: Մի ամբողջ մայրցամաքում, որտեղ ընդամենը մեկ պետություն կա եւ ընդամենը քսան միլիոն մարդ, ոչ թե պարզապես տնտեսում են հողը, այլ գործուն կերպով մտածում հեռավոր ապագայի մասին: Հատկապես եթե հաշվի առնենք, որ խոսքը բազմամիլիոնանոց քաղաքի մասին էՙ իր արվարձաններով, քաղաք-արբանյակներով: Եվ խնդրեմ, Վիկտոր Տեր-Պողոսյանի գերեզմանն ավելի քան երեք մետր խորություն ունի, ու դժվար չէ տեսնել, որ նրա դագաղի վերեւում դեռ ամբողջ երկու հարկ կաՙ հետագա թաղումների համար:
Եկեք չքննարկենք, եւ առավել եւսՙ չդատապարտենք: Թեման իրոք ծանր է, բարդ եւ միաժամանակՙ նրբաբնույթ: Սակայն կարծում եմ, արժե որոշ զուգահեռներ անցկացնել մեր հայրենական խնդրի հետ: Խոսքը նույնիսկ Հայաստանի մասին չէ (ավելի ճիշտՙ Հայաստանի Հանրապետության), այլ Երեւան մեգապոլիսի մասին է:
...Ես չեմ պատրաստվում բանավեճ սկսել: Բայց իրավունք ունեմ առանց որեւէ մեկին երկխոսության եւ առավելեւսՙ վեճերի մեջ ներքաշելու, մտորել, այսպես ասած, հրապարակավ: Այդ հարցով ժամանակին շատերն են զբաղվել: Անմոռանալի Սերո Խանզադյանը այդ թեմայից լավ հասկանում էր: Իր բազմահատոր «Հայրենապատում» գործում պատմում է նաեւ Հայաստանի, Արցախի, Գարդմանքի, Նախիջեւանի բազմաթիվ գերեզմանոցների մասին: Եվ հիշում եմ, որ երբ մի անգամ Գրողների միությունում Սիլվա Կապուտիկյանը փորձեց արծարծել գերեզմանոցների թեման, Սերոն աջակցեց, ասելով. «Շուտով փոքրիկ Հայաստանը վերածվելու է մեծ գերեզմանոցի»: Ի դեպ, թեման գրողների ժողովի օրակարգում էր հայտնվել այն պատճառով, որ Սիլվայիՙ հեռուստատեսությամբ ելույթ ունենալուց հետո շատերը նրան, մեղմ ասած, պարզապես չէին հասկացել: Իսկ նա խոսել էր ոչ միայն շատ շիրմաքարերի անճաշակության ու գռեհկության, այլեւ «պաշտոնյաների կողմից տարածքների զավթման» մասին: Այո, խնդիրը կա: Բայց մենք, ինչպես հաճախ է պատահում, պատրաստ չենք գոնե եղբայրաբար խոսել այդ մասին: Չէ՞ որ, ցանկանում ենք մենք դա, թեՙ ոչ, ինչ-որ ժամանակ կանգնելու ենք խնդրի լուծման անհրաժեշտության առջեւ: Այստեղ, ինչպես ասում էր մեր անկրկնելի Սերոն, կամ հարկ կլինի շտապ դիակիզարան կառուցել, կամ էլ շտապ վերադարձնել մեր կորցրած տարածքները: Կարծում եմՙ լավ կլիներ ե՛ւ այս, ե՛ւ այն:
...Զարմանալ կարելի է, թե որքան շատ անմահ մարդիկ են խոսել մահվան մասին: Նկատի ունեմ նրանց, ովքեր իրենց հանճարեղ արարումներով ոտք են դրել անմահություն: Բայց ինձ ավելի հարազատ ու հոգեհարազատ են Խրիմյան Հայրիկի խոսքերը, որը, դիմելով թեմականներին, ասել է, թե պետք է սովորել ոչ միայն ապրել, այլեւ մեռնել, նկատի ունենալովՙ մեռնել հանուն հայրենիքի: Գիտնականներն իրենց որակումներում սովորաբար շրջանցում են հույզերը: Եվ ահա այդպես չոր էլ դատում են, թե մահը օրգանիզմի կենսագործունեության դադարումն է, նրա ոչնչացումը: Սակայն այսօր ես բոլորովին այլ բանի մասին եմ խոսում: Խոսում եմ...հողի մասին, որը կոչվում է հայրենիք: Եվ այստեղ չեմ կարող չհիշել, որ իմ սիրելի փիլիսոփաների մեջ կա մեկը, որ այնքան էլ հայտնի չէ, բայց ինչպես նշել են իր ժամանակակիցները, շատ աղմկոտ էր: Նրան կոչում էին Քսենոֆան: Իսկ մականունը պարզապես եզակի էրՙ «Վերջին ձայն», «Վերջաբան», «Ավարտական»: Հունարեն հնչում է «Կոլոֆոն»: Եվ պատմության մեջ էլ մտավ որպես Կոլոֆոնցի: Քսենոֆան Կոլոֆոնցի: Պետք էր մեծ քաջություն ունենալ մեր թվարկությունից առաջ վեցերորդ-հինգերորդ դարերում բազմաստվածությունը ջախջախելու, անտրոպոմորֆիզմի դեմ հանդես գալու համար (այսինքնՙ նրանց դեմ, ովքեր զանազան առասպելական էակների եւ նույնիսկ բնության երեւույթներին գերբնական հատկություններ էին վերագրում: Մի խոսքով, մինչեւ ուղնուծուծը ռեալիստ էր: Եվ Աստվածաշնչի տեքստի հրապարակումից երկար դարեր առաջ Կոլոֆոնցին կյանքի ու մահվան մասին գրել է չափազանց հստակ. «Ամեն ինչ առաջացել է հողից եւ հող կդառնա վերջիվերջո»: Ահա թե ինչու մենք պետք է անընդհատ պնդենք, որ ոչ թե պարզապես հող ենք պահանջում թուրքերից, այլ հայրենիք, եւ որ վանդալները ոչ թե պարզապես կործանել են խաչքարերը, այլ անարգել են մեր նախնիների փոշին, որոնք հանգչում էին այդ խաչքարերի տակ հայրենիք-հողում: Եվ ահա թե ինչու այսօր պետք է հաստատակամ իմանալ, որ մեր հեռացած նախնիների կյանքի պսակը գործուն հիշողությունն է նրանց մասին: Հիշողություն, առանց որի խզվում է ժամանակների կապը, մարում է հայրենիքի զգացումը: Միաժամանակ, չի կարելի ապագա սերունդների ուսերին բեռնել հողի եւ գերեզմանոցների խնդիրը, քանզի նրանց համար, իրենց ժամանակներում շատ ավելի բարդ ու դժվար կլինի այն լուծել:
...Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա, կարծում եմ, մեզ պետք է ունենալ այնտեղի բոլոր գերեզմանոցների ատլասը (ժողովածուն, հանրագիտարանը, ժամանակի ընթացքումՙ ալմանախը): Թող բուն գաղափարը ոչ մեկին չվախեցնի, մանավանդ որ արդեն կան որոշ օրինակներ: Նման աշխատանք կարելի է կատարել նաեւ տեղերում:
Երկրների բացարձակ մեծամասնությունում մենք ունենք մեր դեսպանությունները, եկեղեցիները, հյուպատոսությունները, ակտիվիստները, կուսակցությունները, կազմակերպությունները: Չէ՞ որ այնտեղ, օտարության մեջ է հող դարձել մեր ժողովրդի աճյունների մեծ մասը: Այնտեղ կան բազմաթիվ մեծ անուններ: Այնտեղ ոչ թե պարզապես շիրմաքարեր են, այլ մի ամբողջ արվեստ, ճարտարապետական փոքր ձեւՙ խաչքար, մտքի մեծ ու հոյակապ բազմազանություն: Հապա փորագրությունները. «Այստեղ հանգչում է նա, ով երբեք չհանգստացավՙ պահպանելով լռություն»: Եվ բացի այդ, նրանք բոլորը մեր միասնական, սուրբ առաքելական եկեղեցու ուստրերն ու դուստրերն են:
...Եվ էլի մի բան. Բաբասն ու Հայկը մի ողջ ֆիլմ են նկարահանել, թե տարբեր ազգեր (մանավանդ հրեաները) ինչպես են թաղում կատարում, իմաստնաբար տնտեսելով հողը: Միաժամանակ այնտեղ պահպանվում են ննջեցյալների հանդեպ ե՛ւ սերը, ե՛ւ հարգանքը, ե՛ւ համահավասար վերաբերմունքը:
...Վերջին տողերը գրեցի արդեն Սինգապուրում: Վաղն անձնակազմը կայցելի հայկական եկեղեցի, որը երկրի ազգային հարստության կարգավիճակ է ձեռք բերել: Եվ ոչ միայն եկեղեցին: Բայց այդ մասինՙ հաջորդ ռեպորտաժում:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, «Արմենիա»