«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2011-06-24 | #117, 2011-06-25 | #118, 2011-06-28


«ԴԵՌ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ, ՏՂԵ՛ՐՔ...»

Այսպես է կոչվում երիտասարդ ռեժիսոր Աննա Բաբայանի 23 րոպե տեւողությամբ փաստավավերագրական կինոնկարը, որ նկարահանվել է «Հայկ» կինոստուդիայում, ազատամարտի նվիրյալ Ռուբեն Գեւորգյանցի աջակցությամբ:

Կինոնկարի հերոսները Արցախյան ազատամարտի վետերան երեք մտավորականներ են` Գագիկ Գինոսյան, Տարոն Տոնոյան, Դավիթ Ամալյան:

«Խոնարհվենք բոլոր նրանց առջեւ, ովքեր նահատակվեցին, բայց խոնարհվենք նաեւ նրանց առջեւ, ովքեր ողջ մնացին եւ իրենց գործով շարունակում են զոհված ընկերների կիսատ թողած գործը». սա՛ է նոր սերնդի ներկայացուցիչ Աննա Բաբայանի կինոնկարի խորհուրդը: Գագիկ Գինոսյանը, որ «Արծիվ մահապարտներ» գումարտակի x կործանիչ դասակի անդամ է, շատ կարեւոր եւ մեծ գործ է կատարում հայ ավանդական պարի պահպանման, զարգացման ու տարածման ուղղությամբ: Դավիթ Ամալյանը` որպես երգիչ եւ երգահան, ծառայում է հայ երգի անաղարտ պահպանմանն ու սերունդներին անխաթար փոխանցմանը: Տարոն Տոնոյանը` որպես Արցախյան ազատամարտի մասնակից բժիշկ, մինչեւ այսօր «Երեւան» բժշկական կենտրոնում անվճար ծառայություն է մատուցում ազատամարտիկների ընտանիքներին, իսկ յուրաքանչյուր տարվա մայիս ամիսն ամբողջովին նվիրում է այդ ընտանիքներին սպասարկելու վեհ ու շնորհակալ գործին:

...Բժիշկ Տարոնի ցավը կրկին ալիք է տալիս` պատերազմում վիրահատական սեղանին հարազատ ընկերներին փրկել չկարողանալու ծանր վերհուշով... «Պատերազմը չի ավարտվել իրականում, մենք իրավունք չունենք թուլանալու, ներքին պառակտում թույլ տալու: Հայ ազգը պետք է գործի որպես մի ամբողջական օրգանիզմ», ասում է նա:

Դավիթ Ամալյանին այսօր ամենից շատ դառնացնում է արժեքների աղավաղումը. «Նյութը դարձել է արժեք: Արժեքների վերանայման խնդիր ունենք»: Եվ երանի է տալիս զոհված ընկերներին, որոնք «ժպիտով մեռան» եւ «չհասցրին դավաճանություն տեսնել»:

Իսկ Գագիկ Գինոսյանը երանի է տալիս նրանց, «ովքեր կարժանանան տղերքի հետ հանդիպմանը` նոր հողակտոր ազատագրելով... Մարդը, որը նահատակության պատրաստ չէ, չի կարող հայրենիք ունենալ: Հենց մի քիչ երկնչենք հոգեբանորեն, նոր պատերազմ ենք ունենալու: Պատերազմը դեռ ավարտված չէ, ուստի պարտավոր ենք ունենալ ավելի հաղթական սերունդ, քան մեր սերունդն էր... Եկել է հոգեւոր ֆիդայության ժամանակը»:

«Իմ կինոնկարի հերոսները կենդանի օրինակ են մեր` երիտասարդներիս համար,- ասում է կինոնկարի հեղինակ եւ ռեժիսոր Աննա Բաբայանը :- Հիշենք բոլորին անուն առ անուն, գնահատենք նրանց գործը, սգանք, բայց չլացենք, եւ պահպանենք մեր ազգային արժեքները, Հայի մեր Տեսակը»:

«Դեռ կհանդիպենք, տղե՛րք... »,- «Եռաբլուր» պանթեոնում զոհված ընկերներին կարոտով շշնջում է Գագիկ Գինոսյանը:

Բայց մինչ հանդիպումը բոլորս պարտք ունենք մարելու ազատամարտիկների, նահատակների անմեռ հիշատակի եւ ընդհանրապես Արցախյան ազատամարտի պատմության նկատմամբ: Եվ այդ պարտքը պետք է մարվի նաեւ այսպես` նրանց հիշելով, նրանց կիսատ թողած գործը շարունակելով... Պարտքի յուրօրինակ մարում եւ խոնարհ այրում է այս կինոնկարը, յուրատեսակ խնկարկում մեր հերոս դյուցազունների անմահ հիշատակին:

ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4