«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2011-06-25 | #118, 2011-06-28 | #119, 2011-06-29


ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ՉԷ

Հենց այդ պատճառով Կազանում բեկում չգրանցվեց

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, մոսկվաբնակ Վլադիմիր Զախարովը Ռուսաստանում ապրող ադրբեջանցիներից շատերի կարծիքը փոխանցեցՙ ասելով, որ նրանք միայն խաղաղություն են ուզում եւ չեն պատրաստվում գնալ ռազմաճակատ, եթե Ղարաբաղում նոր պատերազմ սկսի իրենց երկիրը. «Այդ պատերազմը Իլհամին է պետք, ասում են նրանք», նշեց Զախարովը «Նովոստի» մամուլի ակումբում երեկ կազմակերպված Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ: Մոսկվայից, բացի Զախարովից, մասնակցում էին Կասպյան համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն, քաղաքագետ, հրապարակախոս Սերգեյ Միխեեւը եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի հետազոտման կենտրոնի գիտական աշխատող Անդրեյ Արեշեւը: Երեւանից մասնակցում էին «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանն ու ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: Տեսակամրջի թեման էր` «ԼՂ հակամարտության շուրջը Կազանում կայացած նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները»:

Ըստ Վլադիմիր Զախարովի` «Չնայած ամեն ինչ մինչեւ Կազան որոշված էր թվում, սակայն այդ ամենն ընդամենը խաբուսիկ էր: Ադրբեջանի նախագահը հենց Կազանում ներկայացրեց 10 նոր առաջարկություններ: Տպավորությունն այնպիսին է, որ Կազանի հանդիպումից առաջ ինչ-որ մեկը` հավանաբար Արեւմուտքից, Ալիեւի հետ բանակցել է, որպեսզի վերջինս Կազանում որեւէ բան չստորագրի», նկատեց ռուս քաղաքագետը: Հիշեցնելով ռուսական մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե նախագահ Մեդվեդեւը կողմերին ասել է, որ ինքը հաջորդ նման հանդիպմանը չի մասնակցի, եթե կողմերը փաստաթուղթ չստորագրեն, Զախարովը, այդուհանդերձ, կարծիք հայտնեց, թե «առաջիկայում ես չեմ տեսնում հիմքեր, որոնց վրա կարողանամ ասել, որ ԼՂ հիմնահարցը կլուծվի»:

Հրապարակախոս Միխեեւի կարծիքով` Կազանում բեկում չգրանցվեց, քանի որ «Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները սկզբունքորեն տարբերվում են եւ ոչ մի տեղ չեն հատվում»: Անդրեյ Արեշեւի համար առհասարակ «անհասկանալի էր նախքան Կազանը բարձրացված աղմուկը»: Բանախոսը հիշեցրեց, որ ԼՂ հիմնահարցը ծագել է ԽՍՀՄ-ում եւ ժառանգվել է արդեն անկախ Հայաստանին եւ Ադրբեջանին:

Արդեն Երեւանի տաղավարից վերլուծաբան Կարեն Բեքարյանը , ընդգծելով, որ «մենք բեկում ենք փնտրում այնտեղ, որտեղ պետք չէ», ներկայացրեց մի քանի պատճառներ, թե ինչու մենք այն չտեսանք Կազանում: «Չէր կարող բեկում լինել Կազանում, քանի որ Իլհամ Ալիեւը իր երկրի ներսում` ներքին լսարանի առջեւ այլ է, բանակցությունների սեղանի շուրջը` բոլորովին այլ: Այսինքնՙ եթե Ալիեւը Կազանում ստորագրեր միջնորդների առաջարկած փաստաթուղթը, որտեղ ընդգծված է ԼՂ_ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա նա պարտավորված էր լինելու բացատրություն տալ իր ժողովրդին, որին մշտապես պահում է ստի մթնոլորտում»: Երկրորդ ու թերեւս ավելի կարեւոր պատճառը, առկա բանակցությունների ոչ ճիշտ տրամաբանությունն ու ձեւաչափն են: «Միայն Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունները կապահովեն նշանակալի բեկում գործընթացում», շեշտեց Բեքարյանը: Վերլուծաբանը նաեւ հիշեցրեց Մինսկի խմբի համանախագահներից ֆրանսիացի Բեռնար Ֆասիեի ելույթից հատվածը, որը ունեցավ նախքան Կազանը` Եվրոպայի խորհրդում: Ֆասիեն հայտարարել էր, որ եթե այս անգամ էլ կողմերն իրենց գրավոր համաձայնությունը չտան առաջարկված սկզբունքներին, ապա համանախագահողները կառաջարկեն այլ տարբերակներ: Այս կապակցությամբ Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ ինչպիսի փոփոխությունների էլ ենթարկվի առաջարկված սկզբունքների փաթեթը, «հիմնված է լինելու բազմիցս բարձրաձայնված երեք հիմնական սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման վրա: Մարկարովը եւս ընդգծեց, որ բանակցությունները շատ ավելի կառուցողական կընթանան, եթե ձեւաչափը դառնա Երեւան-Ստեփանակերտ-Բաքու: Հետաքրքրական է, որ մոսկովյան տաղավարից Ալեքսանդր Զախարովը նույնպես ընդունեց այս առաջարկի իրավացիությունը. «Առանց ԼՂ-ի անհնար է խոսել ԼՂ-ում խաղաղության մասին», ընդգծեց Զախարովը:

Իսկ ի՞նչ ճանապարհ կա այժմ, երբ Կազանում մենք ունեցանք ընդամենը կողմերի հայտարարությունը, որ կողմերը պարտավորվում են շարունակել խաղաղ բանակցությունները: Ըստ Բեքարյանի` նախ պետք չէ հակամարտությունը մոնոպոլիզացնել որեւէ երկրի ձեռքերում, կլինի Ռուսաստանը, թե ԱՄՆ-ը, քանի որ «դա կարող է խիստ վտանգավոր լինել»: Բեքարյանը ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրեց նաեւ գործընթացում Թուրքիայի անուղղակի ներգրավվածության վրա: Ընդ որում, Անկարան, վերլուծաբանի խոսքերով, ամենեւին էլ շահագրգռված չէ ԼՂ հիմնահարցի վերջնական լուծմամբ: Իսկ բեկում կլինի, եթե Ստեփանակերտին Բաքվի հետ ուղիղ բանակցելու հնարավորություն եւ ժամանակ տան. «Թող նրանք բանակցեն թեկուզ 2-3 տարի: Այդ դեպքում Հայաստանը կհայտարարի, որ ինքը կընդունի Ստեփանակերտի ստորագրությամբ յուրաքանչյուր փաստաթուղթ, իսկ եթե կողմերն էլի հանգուցալուծման չգան, ուրեմն Երեւանը միանշանակ կճանաչի ԼՂՀ անկախությունը», եզրափակեց Բեքարյանը: Երեւանյան տաղավարից քաղաքագետ Մարկարովը եւ մոսկովյան տաղավարի հյուրերը կարծես թե ավելացնելու բան չունեցան այս մտքին:

Հ. Գ. - Հետաքրքրական է, որ անգամ սովորական տեսակամուրջը ադրբեջանցիները փորձում են օգտագործել միայն իրենց հայտնի նպատակներով: Մոսկովյան տաղավարարում հանկարծ հայտնվեց ոմն լրագրող Ահմեդով, որը թղթապանակով հարցեր էր նախապատրաստել բանախոսներին: Առաջին նախադասություններից հետո, երբ ադրբեջանցին նշեց, թե «Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը», մոսկովյան տաղավարում վարողը խնդրեց` «Ավելի կարճ, բուն հարցը, եթե կարելի է...»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4