Սիրիայի վերջին շրջանի իրադարձությունների առնչությամբ խմբագրությունը Հայաստանում Սիրիայի դեսպանատնից ստացել է գունավոր տպագրությամբ «Սիրիա: Կարեկցանքն ու խաղաղությունը ընդդեմ ահաբեկչության» գրքույկ-ալբոմը, որտեղ անգլերեն եւ արաբերեն հակիրճ գրություններն ու նկարների մակագրությունները փորձում են երեւան հանել Իսրայելի սանձազերծած սիոնիստական դավադրության նպատակները:
«Ահաբեկչությունը հայրենիք եւ կրոն չի ճանաչում, եւ Սիրիան տառապել է դրանից 70-ականների վերջերին եւ 80-ականների սկզբներին: ... Մեր օրերում այդ ոճրագործական խմբավորումներն իրենց քայքայիչ գործողությունները շարունակում են ծավալել, այս անգամ, սակայն, օգտագործելով զանգվածային լրատվամիջոցները եւ տեխնիկական ու ռազմական նորագույն միջոցները», ասված է ներածականում, որտեղ Իսրայելի նպատակների թվում նշված են Սիրիայի ներսում ատելություն սերմանելը, քաոսային վիճակի ստեղծումը, ազգային միասնականության թուլացումը եւ այլն:
«Լրատվական պատերազմն ընդդեմ Սիրիայի» խորագրով էջում ցույց է տրված, թե ինչպես են հրեաները ներթափանցում արաբական եւ եվրոպական հայտնի «Ալ Ջազիրա», «Ալ Արաբիա», BBC եւ France 24 լրատվամիջոցները եւ դրանց միջոցով թելադրում իրենց կամքը:
Մյուս էջերում ներկայացված են ձերբակալված ահաբեկիչների եւ նրանցից առգրավված զինամթերքի, զոհված սիրիացի ոստիկանների եւ անվտանգության մարմինների աշխատակիցների, ինչպես նաեւ վանդալիզմի դրսեւորումների լուսանկարները:
Գրքույկ-ալբոմը եզրափակվում է «Ցանկանում ենք ապրել խաղաղության մեջ» նախադասությամբ:
Գրքույկը ուղեկցվում է նաեւ փաստագրական մի տեսահոլովակով (DVD), որտեղ սիրիական բանակի քաղաքական վարչությունը ներկայացնում է ահաբեկիչ խմբավորումների իրագործած վայրագություններըՙ մասնավոր եւ հանրային սեփականությունների հրկիզում, դիակների այլանդակում, հիվանդանոցների անձնակազմի սպանություններ, շտապ օգնության մեքենաների աշխատանքների խոչընդոտում եւ այլն: Միաժամանակ ցույց են տրված այդ խմբավորումներից առգրավված զենքերը, նրանց անդամակցած ահաբեկիչների խոստովանությունները, նախագահ Ասադի պատրաստակամությունըՙ բարեփոխումներ կատարելու, եւ նրան աջակցող ժողովրդական զանգվածների պահանջըՙ բանակի միջամտությամբ երկրում կարգ ու կանոն հաստատելու վերաբերյալ: «Թողեք ապրենք խաղաղության մեջ», ասում են նրանք:
Հ. Ծ.