«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2011-06-25 | #118, 2011-06-28 | #119, 2011-06-29


ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՊԱՀԱՆՋԵԼ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի մեկնաբանությամբՙ լավագույն երկխոսությունը արդար, ազատ ընտրությունների անցկացումն է:

«Ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, որովհետեւ նախորդ ընտրությունները կեղծվել են, վարչախումբը` ձախողել: Մարդիկ չեն հավատում հերթական ընտրություններին, որովհետեւ համոզված են, որ հերթական ընտրությունները հերթական կեղծիքն են լինելու, իսկ արտահերթ ընտրությունների անցկացումը հոգեբանական առումով շատ կարեւոր է հասարակության համար»: ՀԺԿ նախագահը խոստովանում է, որ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում մերժեց արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը, սակայն միաժամանակ հույս է հայտնում, որ երկխոսությունը դեռեւս ձախողված չէ, եւ իրենք շարունակելու են պահանջել արտահերթ ընտրություններ:

Թեպետ հերթական համապետական ընտրություններին մնացել է ընդամենը 7 ամիս, սակայն, ընդդիմադիր գործչի գնահատմամբ, դեռ ժամանակ կա, որ իշխանությունը հետեւություն անի: Միաժամանակ հավելում է, թե ընդդիմությունը չի կարող երկար սպասել: Թե երբ կսպառվի ընդդիմության համբերությունը` Դեմիրճյանը կոնկրետ ժամանակ չի նշում: Թե ինչ կանեն, եթե իշխանությունն այդպես էլ չհամաձայնի արտահերթ ընտրություններ անցկացնել, Դեմիրճյանը կրկին չներկայացրեց ՀԱԿ-ի ծրագրերը:

Նրա մեկնաբանությամբ` թյուր կարծիք է ստեղծվել, որ ընդդիմությունը ինքնանպատակ է պահանջում արտահերթ ընտրություններ: «Սխալ եք կարծում, որ արտահերթ ընտրություն ենք պահանջում պահանջելու համար:

Հասարակության մեջ դժգոհությունն աճում է, եւ վերջին շրջանում հենց ՀԱԿ-ն է զսպում, որ ժողովրդական ցնցումներ չգրանցվեն», ասաց Դեմիրճյանը` հավելելով, որ ցնցումների ճանապարհով արտահերթ ընտրություններ չեն ցանկանում: «Իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների, երբ հասարակական ճնշում լինի»:

Դեմիրճյանը համամիտ է, որ ՀԱԿ-ի շատ ակտիվ հատվածը դեմ է ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, սակայն հաջորդ վայրկյանին բացառում է, որ «ազատ դեմոկրատները» ՀԱԿ-ից հեռացան երկխոսության պատճառով:

Ինչ վերաբերում է հունիսի 30-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին` Դեմիրճյանը նշեց. «սպասեք բուռն իրադարձությունների»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4