ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի փոխանցմամբ` «Ժառանգությունը» այլեւս երբեք չի կարող ՀԱԿ-ի մաս կազմել: «ՀԱԿ-ի հետ միավորման թեման մեկընդմիշտ փակված է»: Պատճառը գաղափարական տարաձայնություններն են: Սաֆարյանը չի բացառում, որ ՀԱԿ-ի հետ հնարավոր է միայն «սահմանադրական կարգը վերականգնելուն ուղղված համագործակցություն, սակայն ոչ ավելին: «ՀԱԿ-ը այդ ընթացքում կազմաքանդեց ոչ թե ավազակապետությունը, այլ կազմաքանդեց ու պառակտեց ընդդիմությունը: Դա արտահայտվեց ոչ թե ընդդիմադիր քաղաքական գործիչների չհամախմբվելով, այլ հասարակության մեջ հիասթափության առաջացմամբ»:
ՀԱԿ-իշխանություն հարաբերություններին արձագանքելովՙ Սաֆարյանն ասաց, որ իրենք որեւէ խնդիր չունեն, թե վերոնշյալ երկու ուժերն ինչ հարաբերությունների մեջ են: «Եթե պիտի միմյանց տան այնպիսի գնահատականներ, որոնք նաեւ կոծկելու են Հայաստանի իրավիճակը, մենք դա թույլ չենք տալու: Ասել, թե մարդկանց` քաղբանտարկյալներին հանցագործների անվան տակ բաց թողել են համաներմամբ եւ հայտարարել, որ քաղբանտարկյալների խնդիրը Հայաստանում մեկընդմիշտ լուծվել է, մենք չենք համաձայնի, որովհետեւ ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ ընտրություններում քաղաքական գործիչ չեն ձերբակալելու», ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ «Ժառանգություն» կուսակցությունը սատարեց ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ 2010թ. տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չկարողացան լիդեր ընտրել քաղաքապետի պաշտոնի համար, եւ «Ժառանգությունը» ավագանու ընտրությանը չմասնակցեց:
Հ. Հ.