Հայաստանի գրողների միությունում օրերս կայացավ ամերիկահայ բանաստեղծ Ավիկ Տէյիրմենճյանի թվով 3-րդ գրքիՙ «Յոյս եւ լոյս» շնորհանդեսը: Ցերեկույթին ներկա էին բանաստեղծի գրչընկերները, արվեստասերներ, հյուրեր Սփյուռքից: Հանդիսությունը բացեց եւ բանաստեղծի գրական գործունեությունը ներկայացրեց գրող-հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, հատկապես նշելով, որ Ավիկի 3-րդ գիրքը ծայրից-ծայր կարոտ է մայր հայրենիքի նկատմամբ, մայրենի լեզվի, ազգային բարքերի նկատմամբ: «Այս գրքով հեղինակը յուրահատուկ կամուրջ է ստեղծում հայրենիքի եւ Սփյուռքի արժեքների միջեւ եւ այն առաջինն է բանաստեղծներից, որ գրել է մեր հայաստանյան հայերենով, բայց գաղթական մեսրոպյան ուղղագրությամբ, որով յուրօրինակ կամուրջ է գցվում մեր երկու գրականությունների, երկու քաղաքակրթությունների միջեւ»: Այնուհետեւ բանաստեղծի գրական ուղու, գրքում զետեղված 223 բանաստեղծությունների մասին, որոնք բաժանված են վեց տարբեր բաժինների, մանրամասն խոսեց դրամատուրգ, բեմադրիչ Հրանտ Մարգարյանը (ԱՄՆ): Գրչեղբոր բանաստեղծությունների ժողովածուն մանրամասն ներկայացրեց ու ասաց «Հայաստան աշխարհին այս գրքում գրողը նվիրել է 70 բանաստեղծություն, գեղարվեստական»ՙ «Անմեկնելի աշխարհ» գլխում զետեղվել է 32, «Սիրոյ շամանդաղ» գլխումՙ 57, «Աստղազարդ հեքիաթ» գլխումՙ 24 բանաստեղծություններ «Քառյակներ»ՙ 40, եւ «Խոհեր ու խոկումներ» շարքերը: «Ավիկի բանաստեղծություններում, ինչպես նաեւ շատերի մոտ արտացոլված են երկրային դրախտ կոչված մեր սուրբ հողը, նրա նկարագիրը, բազմաթիվ ածականներով, որոնք կնույնացնեն մարդն ու Հայաստանը, կնույնացնեն մարդն ու երկինքը, մարդն ու երազը, մարդն ու կարոտը: Նրա բանաստեղծություններում կա կարոտ, կա սեր, կա հույս, կա լույս, երգ եւ շարական կա: Այսինքնՙ մի տեսակ աղոթք է այն խորանին, որի անունը Հայաստան է: Հենց այդ գեղեցիկ ձեւերով Ավիկը ներկայացնում է իր զգացումներն ու կարոտը հայրենիքի նկատմամբ: Կան նաեւ մտահոգություններ, կա պանդուխտը, որը Սփյուռքից է նայում Հայաստանին եւ սփյուռքահայի ցավը կա Ավիկի գրականության մեջ...»: «Օտարության այս ափերում, ես իմ հոգու կանչը լսեմ, շողեր շաղ տամ իմ կարօտին, դեպի երկիրՙ ճամբայ ելնեմ...» ահա այս տողերով է սկսվում «Դեպի երկիր» բանաստեղծությունը ու այդ մտայնությամբ շարունակվում հաջորդիվ:
Ավիկ Տէյիրմենճյանի գրքի մասին իր համառոտ վերլուծական էր ուղարկել Գյումրիի Նալբանդյանի անվ. պետ. մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչ, գրականագետ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Անահիտ Հակոբյանը: Ասմունքող Սիլվա Յուզբաշյանն իր գեղեցիկ ընթերցմամբ ներկայացրեց Ավիկ Տէյիրմենճյանի պոեզիան: ՀԳ միության պատվոգիրըՙ գրական վաստակի համար, պրն. Ջանիկյանը հանձնեց Ավիկ Տէյիրմենճյանին ու մաղթեց ստեղծագործական նորանոր վերելքներ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ