ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Հայերս սովորություն ունենք բնակվելու կամ մեր ազգային գլխավոր արժեքները ի պահ դնելու երկրագնդի ամենաանհանգիստ վայրերում. Կովկասն ու Մերձավոր Արեւելքը պատմականորեն խիստ անկայուն տարածաշրջաններ են եղել, որտեղ քաղաքական հակառակորդ ուժեր միշտ էլ բախվել են իրարՙ անուղղակի վնասներ պատճառելով նաեւ Հայաստանին եւ հայերին:
Ցեղասպանությանը հաջորդած տարիներին մեծ թվով վերապրողներ հանգրվանեցին միջինարեւելյան երկրներում, որոնք երկար ժամանակ անվտանգ եւ ապահով ապաստարաններ դառնալուց հետո հետզհետե սկսեցին վատթարանալ, կորցնել կայունությունը եւ սպառնալ տեղի հայկական բավական ամուր հիմքերի վրա դրված համայնքներին:
Այսպես, Եգիպտոսի, Իրաքի, Իրանի, Հորդանանի եւ Լիբանանի երբեմնի բարգավաճ հայկական համայնքները մեկը մյուսի հետեւից սկսեցին նոսրանալՙ դառնալով իրենց նախկին վիճակի սոսկ կմախքը: Այսօր Սիրիայի հերթն է հասել, որտեղ հայկական համայնքը շարունակում էր ապրել աշխույժ կյանքով:
Վերոնշյալ բոլոր երկրներում, բացի գուցե Եգիպտոսից, հայերի ներկայությունը առնչվում է ցեղասպանության շրջանին: Միակ վայրը, որտեղ հայերը հանգրվանել են մոտ 2000 տարի առաջ, Երուսաղեմն է: Հնէաբանական պեղումները ցույց են տվել, որ հայերն այդ սուրբ երկրում ապրել են նույնիսկ քրիստոնեությունից, այսինքնՙ մեր թվարկությունից առաջ, իսկ Երուսաղեմի հայոց հոգեւոր առաջնորդ Աբրահամ պատրիարքը, 7-րդ դարում Մեքքա մեկնելով, Մուհամմեդ մարգարեից ձեռք է բերել անկախ պատրիարքության հրովարտակ, որով Երուսաղեմի հայոց պատրիարքությունն անջատել է հունականից:
Երուսաղեմը հրաշքների երկիր լինելով, կարելի է ասել, որ հայոց պատրիարքարանի գոյատեւումն այնտեղ այդ հրաշքներից մեծն է: Մեր պատմական փորձառությունը լավ հիմք է տալիս մեզՙ վատաբանելու օսմանյան իշխանավորներինՙ փոքրամասնական հպատակների հանդեպ իրենց դրսեւորած վերաբերմունքի համար, որը միայն երբեմն, այն էլ իրենց շահերից ելնելով, կարող էր դրական լինել: Այդ հազվադեպ երեւույթներից մեկը Ֆաթիհ Սուլթան Մուհամմեդի պարագան է, որը 1453-ին նվաճելով Կոստանդնուպոլիսը, խրախուսում է, որ Ստամբուլում հիմնադրվի հայոց պատրիարքությունըՙ ի հակակշիռ հունականի:
Երկրորդը Երուսաղեմում հունական, լատինական եւ ռուսական հակամարտող շահերին որպես հակակշիռ օսմանյան սուլթանի պաշտպանությունն էր տեղի հայոց պատրիարքարանին, որը մինչեւ Առաջին աշխարհամարտի ավարտը գտնվում էր Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության խնամակալության եւ հսկողության ներքո:
19-րդ դարում կնքված «Ստատուս քվոյի» համաձայնագիրը Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիներին իրավունքներ եւ առավելություններ էր շնորհել: Հայերը օգտվելով դրանից, երկար ժամանակ կարողացան պահպանել իրենց իշխանությունը քրիստոնեական թաղամասի մեկ քառորդ մասի վրա: Բայց այսօր ներքին եւ արտաքին պատճառների հետեւանքով նրանք իրենց այդ դիրքը կորցնելու վտանգի առաջ են կանգնած:
Ըստ նախագահ Քլինթոնի օրոքՙ 2000 թվին Քեմպ Դեյվիդում ձեռք բերված համաձայնության, եթե Արեւելյան Երուսաղեմը դառնա պաղեստինյան պետության մայրաքաղաքը, ապա քրիստոնեական եւ մահմեդական հատվածները պետք է մնան պաղեստինյան վերահսկողության ներքո: Ըստ նույն համաձայնությանՙ հրեաներին իրավունք է վերապահվում հայկական թաղամասով անցնելու եւ աղոթելու «լացի պատի» մոտ:
Հակառակ վերջին շրջանում նախագահ Բարաք Օբամայի կատարած հայտարարություններին, պաղեստինյան անկախ պետության կազմավորումը դեռեւս քաղաքական պատրանք է մնում, մինչդեռ իսրայելական կառավարությունը շարունակում է փաստացի հաստատվել գրավյալ տարածքներում ի հաշիվ քրիստոնեական եկեղեցիների: Պաղեստինյան այդ գրավյալ տարածքները արդեն շատ երկար ժամանակ են կրում իրենց վրա գլխավոր հարվածը հրեական էքսպանսիայիՙ տարածքների ընդարձակման քաղաքականության, որը շարունակվում է ի հեճուկս միջազգային ընդվզումների կամ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերի:
Այդ քաղաքականությունը թափանցում է նաեւ քրիստոնեական թաղամասը: Եվ ինչքան ձգձգվի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, տարածքների զավթումը այդ շրջաններում եւ Երուսաղեմում շարունակելու է դառնալ փաստացի իրականություն:
2005 թվին հույն պատրիարք Իրինեոսը Երուսաղեմի Ջաֆֆա Գեյթ կոչված հատվածում մի հողատարածք վաճառեց Իսրայելինՙ վրդովմունք առաջացնելով ինչպես Հունաստանի, այնպես էլ աբողջ աշխարհի հույների շրջանում: Վաճառքը նախատեսում է 198 տարով վարձակալության տալ այդ հողատարածքը: Նմանատիպ այլ գործարքները 99 տարվա համար են, բայց գործնականորեն այդ բոլոր պայմանավորվածությունները համարվում են վերջնական վաճառքներ, քանի որ ոչ ոք չի կարող կռահել, թե ինչ կպատահի այդ ժամկետների ավարտին:
Հայերն էլ են զոհ դարձել նման կասկածելի գործարքների, եւ միակ բացատրությունը, որ պատրիարքարանը կարողանում է տալ, այն է, թե իրենք «խաբված են եղել»:
Հայերի կալվածքներն ու եկեղեցիները գտնվում են գլխավոր վայրերում եւ լավ «թիրախ» են հետագա գործարքների համար:
Պատմության այս վճռորոշ ժամանակաշրջանում, երբ հայերի գոյության խնդիրը սուրբ քաղաքում վտանգված է, պատրիարքությունն ու միաբանությունը գտնվում են շփոթ կացության մեջ: Ամբողջ համայնքի ուշադրությունը բեւեռված է 94-ամյա պատրիարք Թորգոմ Մանուկյանի վատառողջության վրա:
Իր ծաղկուն շրջանում Երուսաղեմի հայկական բնակչությունը 25 հազար էր հաշվվում: Այսօր նվազել է եւ դարձել հազարից էլ պակաս: Մեծ թվով հայերի ներկայությունը կնպաստեր բարոյական աջակցություն ցուցաբերելուն պատրիարքարանին, որն իր գործերը տնօրինում է առանց արտաքին միջամտության, միաբանությանը ստատուս քվոյով տրամադրված իշխանության շնորհիվ:
Հույները, ռուսներն ու Վատիկանը միշտ էլ միջամտել եւ թիկունք են կանգնել իրենց համապատասխան պատրիարքարաններին Երուսաղեմում: Մեր դեպքում, միայն Սբ Հակոբյանց միաբանությանն է իրավունք վերապահվում (ստատուս քվոյով) կատարելու նման քայլեր: Այդ իրավասությունն այնքան մեծ է, որ միաբանության վերջին կոնկլավին (փակ ժողովին) Էջմիածնի բարձրաստիճան հոգեւորականներին չթույլատրվեց մասնակցել, եւ գերագույն պատրիարք Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը հանձնվեց միաբանությանըՙ ընթերցվելու համար:
Բացի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունից, որն, ինչ խոսք, վնասում է հայկական շահերին, կուլիսներում գոյություն ունի (արդեն ինչքան ժամանակ է) նաեւ էջմիածնական եւ անթիլիասական խմբավորումների հակամարտությունը, որն առավել ուժգնանում է հոգեւորականների անձնական փառասիրությունների հետեւանքում:
Մարտի 15-ը նշանակված էր որպես վերջնաժամկետ պատրիարքի տեղապահ ընտրելու, բայց այդ թվականը եկավ-անցավ, եւ ոչ մի բան չձեռնարկվեց, հակառակ այն փաստին, որ պատրիարքի առողջությունը գնալով ավելի է վատթարանում: Այս դանդաղկոտությունը կամ ձգձգումը վտանգավոր եւ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ:
Պատրիարքարանի ներքին կանոնադրությունը պետք է փոփոխության ենթարկվեր, որպեսզի հնարավոր լիներ ընտրել տեղապահ, բայց ցարդ ոչ մի հաղորդագրություն չի հրապարակվել այդ առնչությամբ:
Դարերի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում ծվարած հայերն իրենց սիրահոժար նվիրատվություններով նպաստել են ստեղծելու Երուսաղեմի ներկայիս հարստությունը: Բայց 1914-ից ի վեր, երբ Օրմանյան պատրիարքն Ստամբուլից ուղեւորվել էր Երուսաղեմՙ ստուգելու պատրիարքարանի կանոնախախտումները, ոչ մի հաշվետվություն ցարդ չի ներկայացվել Սբ Հակոբյանց միաբանության կողմից:
Քրիստոնեական եկեղեցիները հարկելու իսրայելական կառավարության վերջերս որդեգրած քաղաքականությունը էլ ավելի է բարդացնելու հայոց պատրիարքարանի շուրջն ստեղծված իրավիճակը, սակայն այս վտանգը նույնպես չի սթափեցնում միաբանությանըՙ կարգի բերելու սեփական տունը:
Տեղապահության հնարավոր թեկնածուների միջեւ մրցակցությունը շարունակվում է: Այն բարձրաստիճան հոգեւորականները, որոնք կարող են ապահովել պատրիարքարանի կայունությունը, խուսափում են պատասխանատվությունից, մինչդեռ բոլոր մյուսները, գոտեպնդված ամենատարբեր հավակնություններով, իրենց ձեռնհաս են համարում ստանձնելու այդ պաշտոնըՙ հետագայում պատրիարք դառնալու ակնկալիքներով:
Անձնական եւ խմբակցային մրցակցությունը գերիշխում է, մինչ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը սպառնում է մեր կենսական շահերին եւ հետապնդում տիրանալու մեր դարեր շարունակ խնամքով պահպանված կալվածքներին:
Շտապողականության ոչ մի նշույլ: Ամեն ինչ քողարկված է:
Երուսաղեմում հայոց պատրիարքարանը անորոշ վիճակում է:
Թարգմ. Հ. Ծ.