ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երեւանում մեկնարկել է «Անցանկալի ելքերն ու բարդությունները պլաստիկ վիրաբուժության մեջ» թեմայով համաժողովը: Երեկ Երեւանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ համաժողովի բացումը, որից հետո պլաստիկ վիրաբուժության թեմայով ասուլիս կազմակերպվեց: Համաժողովի կազմակերպիչները պլաստիկ վերականգնողական ու էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիան (AAPRAS) ու պետական բժշկական համալսարանն են: Անցկացվում է Պլաստիկ վիրաբույժների միջազգային համադաշնության (IPRAS), Եվրոպայի պլաստիկ վիրաբույժների համադաշնության ու էսթետիկ վիրաբույժների միջազգային ասոցիացիայի հովանու ներքո: Համաժողովին, որը տեւելու է մինչեւ հունիսի 30-ը, կմասնակցեն 20 երկրի 150 պլաստիկ վիրաբույժներ: Այս օրերին Հայաստանում կազմակերպվում են միջազգային փորձագետների դասախոսություններ, զեկուցումներ ու քննարկումներ պլաստիկ վիրաբուժության թեմայով: Այնուհետեւ համաժողովի նյութերը կամփոփվեն տպագիր ժողովածուով: Համաժողովի աշխատանքներին ծանոթանալու ու դրանք լուսաբանելու համար կազմակերպիչները հրավիրել էին նաեւ լրագրողների:
Ասուլիսի ժամանակ բժիշկ Արմեն Հովհաննիսյանը նախ անդրադարձավ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության անցյալին ու ներկայիս հնարավորություններին: Նրա խոսքով` մեր երկրում պլաստիկ վիրաբուժությունն արդեն 25 տարվա պատմություն ունի. «Սակայն թե՛ մեզանում, թե՛ ամբողջ աշխարհում սա համարվում է դեռեւս երիտասարդ մասնագիտություն»: Մարդիկ հաճախ շփվում են պլաստիկ վիրաբուժության էսթետիկ կողմին, սակայն պակաս կարեւոր չէ եւ դրա բուժական կողմը: Հայաստանում պլաստիկ վիրաբույժներն անգնահատելի դեր խաղացին հատկապես Սպիտակի երկրաշարժից ու Ղարաբաղյան պատերազմից տուժածների կյանքում: «Հետագայում մեր երկրում սկսեց զարգանալ նաեւ պլաստիկ վիրաբուժության էսթետիկ կողմը», նշեց բժիշկ Հովհաննիսյանը:
Անշուշտ, արտաքինն ավելի գեղեցիկ դարձնելու համար պլաստիկ վիրաբույժներին մարդիկ հիմա ավելի շատ են դիմում, քան նախկինում, ինչը պայմանավորված է ոչ միայն էսթետիկ ճաշակի բարձրացմամբ, այլեւ վիրաբուժության այս ճյուղի նվաճումներով: Արմեն Հովհաննիսյանը, գոհունակությամբ խոսելով հայ պլաստիկ վիրաբույժների մասնագիտական որակներից, նշեց. «Չնայած մեր մասնագետները բավականին բարձր որակավորում ունեն, սակայն դա չի նշանակում, որ մենք էլ սովորելու բան չունենք»:
Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան, որը ստեղծվել է 2006 թվականին, իր առջեւ խնդիր է դրել շարունակ կատարելագործելու հայ մասնագետներին: Մեր երկրի 3 հիվանդանոցում կա պլաստիկ վիրաբուժության 3 խոշոր բաժանմունք: Արմեն Հովհաննիսյանի փոխանցմամբ` դրանք «Քանաքեռ-Զեյթուն», «Էրեբունի» բժշկական կենտրոններում են եւ թիվ 1 համալսարանական կլինիկայում: Ինչպես բժշկության շատ ճյուղերի, պլաստիկ վիրաբուժության դեպքում էլ, ինչպես տեսնում ենք, հիմնական ներուժն ու հնարավորությունները կենտրոնացված են մայրաքաղաքում:
Անկախ ամեն ինչից, թեմային առնչվող համաժողովները, այնուամենայնիվ, կարեւոր են, քանի որ փորձի փոխանակումը նաեւ բարձրացնում է բժիշկների մասնագիտական որակները: Այս օրերին Հայաստանում են տարբեր երկրների լավագույն պլաստիկ վիրաբույժները, որոնք հայ մասնագետների հետ մասնակցում են համաժողովին: Այսինքն` միջոցառումը նաեւ կրթական առաքելություն ունի:
Ասուլիսի ընթացքում IPRAS-ի ներկայացուցիչներն էլ անդրադարձան IPRAS-ի հումանիտար առաքելությանը: Օրինակ` կանայք կանանց համար նախաձեռնության շրջանակներում IPRAS-ի կին վիրաբույժները ճանապարհորդում են տարբեր երկրներում ու օգնություն ցույց տալիս պլաստիկ վիրաբուժության կարիք ունեցող կանանց: Սա IPRAS-ի հումանիտար ծրագրերից է: Իսկ IPRAS-ի նախագահ Մարիտա Այզենման Քլայնը, խոսելով հայ պլաստիկ վիրաբույժների աշխատանքից, նշեց. «Այս ոլորտում շատ լավ աշխատանք եք կատարել, ուստի ուրիշ երկրների համար կարող եք օրինակ ծառայել»: