Որ Հայաստանում լրագրողներին հաճախ անհարգալից են վերաբերվում, դա նորություն չէ: Նույնիսկ երբեմն նման վերաբերմունքն անցնում է բոլոր սահմանները: Սակայն նախ անդրադառնամ հայերիս բնորոշ ուշանալու հատկությանը: Ուշանալու «երեւույթը» մեզանում համատարած է, շատերն անգամ ուշանալիս ներողություն չեն խնդրում: Գերմանացիները, որոնք հայտնի են որպես ճշտապահ ազգ, ասում են` ուշանալ նշանակում է խաբել: Այս տրամաբանությամբ, սակայն, հայերս չենք առաջնորդվում: Լրագրողը տարբեր մասնագետների շարքում միգուցե ամենաճշտապահը չէ, բայց ճշտապահներից է, հետեւաբար փոխադարձ ճշտապահություն պահանջելու իրավունք էլ ունի:
Օրերս գնացել էի ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի արտահերթ նիստին, որը սկսվեց 25 րոպե ուշացումով: Լրագրողներիս հրավիրել էին ժամը 18.00-ին, սակայն նիստը սկսվեց 18.25-ին, մինչդեռ լրագրողները հենց նույն օրը պետք է նյութ պատրաստեին: Եթե կազմակերպիչներին լրագրողները չհիշեցնեին ուշացման մասին, երեւի թե նիստն ավելի ուշ սկսվեր: Լրագրողների հանդեպ անհարգալից վերաբերմունքի մի այլ օրինակ էլ բերեմ. կոնկրետ տեղ ու ժամ ես պայմանավորվում հարցազրույցի համար, սակայն հարցազրույց տվողը երբեմն ոչ միայն ուշանում է, այլեւ հրաժարվում հարցազրույց տալուց: Մի անգամ նման իրավիճակում հայտնվել եմ նաեւ ես: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող մի բժշկի հետ պայմանավորվել էի հարցազրույցի համար, բայց պարզվեցՙ բժիշկը հարցազրույց տալ չի կարող, փոխարենը պետք է բարեխոսեր գլխավոր ինֆեկցիոնիստին: Նրա բարեխոսությունը, սակայն, 10 կոպեկի արժեք չունեցավ. ո՛չ Արա Ասոյանը հարցազրույց տվեց, ո՛չ էլ բարեխոսող բժիշկը: Արա Ասոյանի չհամաձայնելը միանգամայն նորմալ էր, որովհետեւ նրա հետ նախօրոք չէին պայմանավորվել: Մի անգամ էլ «Էրեբունի» բժշկական կենտրոնում գլխավոր էնդոկրինոլոգը հրաժարվեց պայմանավորված ժամին հարցազրույց տալուց, քանի որ սպասող հիվանդները շատ էին, իսկ էնդոկրինոլոգը շտապում էր: Իհարկե, հիվանդների առողջությունն ավելի կարեւոր է, բայց դա չի նշանակում, որ լրագրողի հանդեպ կարելի է անհարգալից լինել. կարելի էր պայմանավորվել այնպիսի ժամի, որ հարցազրույցը չխանգարեր հիվանդներին:
Մեզանում տարածված մի վատ սովորության նույնպես կուզենայի անդրադառնալ. տարբեր նիստերի, միջոցառումների ժամանակ տաղտկալի, երկարաշունչ ելույթները տարիներ շարունակ համատարած են: Օրինակ` մի նիստի ժամանակ զեկուցողն իր «անհամ» ելույթով այնպես էր ձանձրացրել ներկաներին, որ դահլիճում նստածները զանգում էին զեկուցողի բջջային հեռախոսին, որպեսզի վերջինս գոնե զանգերից սթափվեր: Ձանձրալի ելույթների պատճառով միջոցառման բուն ասելիքն ու թեման կորչում են: Օրերս նույն իրավիճակն էր նաեւ ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի նիստում, երբ կարեւոր ասելիքն այնքան ձգձգվեց, որ լրագրողները ստիպված եղան լքել դահլիճը: Եթե ամեն զեկուցող ամբիոնի մոտ բարձրանա հաստածավալ թղթապանակով ու ժամերով պատմական ակնարկներ կարդա, ապա այդպես ոչ միայն կչարաշահի լրագրողների, առհասարակ, ներկաների համբերությունը, այլեւ կկորցնի ողջ միջոցառման հետաքրքրությունը: Հոբելյանական երեկո, գիտաժողով, թե կոնֆերանսՙ զերծ չեն երկարաշունչ ելույթներից: Հաճախ տպավորություն է ստեղծվում, թե կան մարդիկ, որոնք հազիվ ամբիոն ու արտահայտվելու վայր են գտնում: Ինչեւէ, հաշվի առնելով իրենց լսողների հորանջող ու ձանձրույթ արտահայտող դեմքերը եւ հրավիրված լրագրողների սուղ ժամանակը` լավ կլինի, որ ելույթ ունեցողները «չընկնեն սար ու ձոր» եւ խոսեն բուն թեմայից հնարավորինս սեղմ ժամանակում:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ