ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նիկոլ Փաշինյանը երեկ նախագահ Սարգսյանի` ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ժամանակ արած դիտարկումն («պատերազմ սկսվելու դեպքում` Ադրբեջանն առավելություն կունենա») անվանեց ամենախայտառակ հայտարարություն, որը եթե մի ուրիշն ասեր, իշխանական «վերլուծագանգները» նրան պատառ-պատառ կանեին, մինչդեռ լռություն է: Նա կրկին օգտագործեց «ավազակապետական, մոնղոլ թաթարական իշխանություն» որակումները, նշելով, թե միթե՞ ավազակապետերի հետ բանակցում են. «Հանցագործների հետ բանակցում են ոչ թե հանցագործների սիրույն, այլ պատանդ վերցրած մարդկանց, հայրենիքի սիրույն», ասաց նա` նշելով, որ երկխոսությունը վերջին հնարավորությունն է` Հայաստանում հաստատված իշխանությունը փոխելու երկխոսության ճանապարհով: Ավելացրեց նույնիսկ, թե եթե երկխոսությունն արդյունք չի տալիս, հանցագործներին պետք է վերացնել գրոհով:
Ելույթ ունեցավ նաեւ Սարգիս Հացպանյանը, որն, ի թիվս այլ բաների, հայտնեց, որ ընդդիմության ու Տեր-Պետրոսյանի` իր քաղաքացիության հարցը լուծելու կոչն արդյունք է տվել, իրեն կանչել եւ մեկ տարվա ժամանակավոր կացության դիմում են գրել տվել, բայց դրանից հետո էլ ինքը պայքարելու է Հայաստանի ապագայի համար: Կազանի հանդիպումը, Սասուն Միքայելյանի կարծիքով ցույց է տվել, որ բանակցություններն Ադրբեջանին ձեռնտու տարբերակով են ընթանում, Հայաստանը սպասողի դիրքում է, ինչից չի շահելու, եւ պետք է գիտակցել պահի լրջությունն ու տունտունիկ չխաղալ, իշխանությունն էլ թող հեռանա ու նոր տունտունիկ խաղա:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի աչքին էլ երեւում է, որ ժողովուրդը հեռանկար չի տեսնում եւ ծայրահեղ գործողությունների պատրաստ է: Նա վիճակը չշտկվող անվանեց, առողջացումը` օլիգարխիայի շահերին հակասող, իշխանությունը արտաքին վարկային աջակցության հույս եւս չունի, իսկ Ղարաբաղի հարցում փաստաթղթի ստորագրումը հղի է վտանգներով: Այնպես որ` իշխանության համար փակուղի է, եւ նա ստիպված է երկխոսում ընդդիմության հետ: Իսկ իշխանության ժամանակ ձգելու եւ սեզոնային գործոնով ՀԱԿ-ի ճնշումը նվազեցնելու մղումը զուրաբյանականները հասկանում են եւ դա թույլ չեն տա` երկխոսության եւ բուն բանակցությունների համար իշխանությանը տալու են կոնկրետ ժամանակ, որը սպառվելուց հետո, արդյունք չլինելու դեպքում, ժողովուրդը հավաքվելու եւ մնալու է այնքան, մինչեւ իշխանությունը հեռանա: Մնում է Զուրաբյանին հարցնել, որտե՞ղ տեսավ ժողովուրդ, հանրահավաքավորը անցած նվազ հանրահավաքավորից կրկնակի քիչ էր: «Գրի հրամանագիր, ներկայացրու էդ մարդկանց որպես բանագնաց, ու կգանք, կբանակցենք», ասաց Արամ Սարգսյանը Սերժ Սարգսյանին` նախագահ Սարգսյանի վերջին ուղերձի առիթով:
Տեր-Պետրոսյանն անդրադարձավ միայն երկխոսելու եւ մարտի 1-ի թեմային, Կազանի հանդիպումը չվերլուծեց` մինչեւ անհրաժեշտ տեղեկություններ ունենա, եւ, բացի այդ, որեւէ լուծում ՀԱԿ-ի համար ընդունելի կլինի, եթե այն կընդունի Ղարաբաղը: Մարտի 1-ի զոհերի սպանության քննության ակտիվացումը, կամ այն, ինչ տեղի է ունենում Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո, Տեր-Պետրոսյանին չի բավարարում, եւ այժմ ՀԱԿ-ն իր ուշադրությունը կենտրոնացնելու է մարտի 1-ի հետաքննության վրա: Նա նշեց, թե Սերժ Սարգսյանն ինչ-որ պատճառներով չի կարողանում կողմնորոշվել երկխոսության հարցում, բայց անորոշությունը կհաղթահարվի շուտով` նրա շրջապատն է անսովոր, նրանք միայն կրակելու, բանտ նետելու են սովոր: Նախագահ Սարգսյանի ` երկխոսության համար տված անունների առումով Տեր Պետրոսյանը միայն հիշեց Տիգրան Սարգսյանի անունը` ավելացնելով. «Մյուսն ո՞վ էր», հետո էլ ասաց, թե կենդանաբանությամբ չի զբաղվում: Նրա կարծիքով իշխանությունը վաղ թե ուշ պատվիրակության մակարդակով բանակցելու է ՀԱԿ-ի հետ, իսկ վարկանիշի առումով կորցնողն իշխանությունն է, մեծ հաշվով` ժողովուրդն ու երկիրը: Նա էլի կրկնեց` սահմանադրական կարգի հաստատում եւ արտահերթ ընտրություններ մաղթեց, որ ողջախոհությունը չդավաճանի ավազակախմբի պարագլուխներին եւ նրանք առաջիկա մեկ-երկու ամսում կողմնորոշվեն արտահերթ ընտրությունների հարցում: Թե չէ` ի՞նչ... սեպտեմբերին երկխոսություն պահանջելու ժամկետը ավարտված կհամարեն, եւ կմնա մեկ պահանջ` Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Անեկդոտը, կարծում ենք, բոլորը հիշեցին: Երկու ընկեր ընկնում են փոսն ու չեն կարողանում մինչեւ ուշ երեկո դուրս գալ: Կեսգիշերին տանջահար ընկերներից մեկն ասում է. «Վերջին անգամ եմ փորձում` դուրս չեկա, գնում եմ տուն»: Մի խոսքով` այս բոլորին կհավատայինք, եթե «Ազատության» հրապարակում ժողովուրդ լիներ: