ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի մեկնաբանությամբ` Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե հայկական կողմը խախտել է զինադադարի ռեժիմը Նախիջեւանի հատվածում, եւ իբր թե վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող, չի համապատասխանում իրականությանը: «Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են զինադադարի ռեժիմը: Իսկ ադրբեջանական կողմի համար հրադադարի խախտումներով իրավիճակը սրելու փորձերը դարձել են ամենօրյա գործունեություն. օրինակՙ միայն հունիսի 29-ին Ադրբեջանը հրադադարը խախտել է 29 անգամ, այդ թվում` դիպուկահար զինատեսակից` 5 անգամ: Եթե ադրբեջանական կողմում իսկապես զինծառայող է վիրավորվել, ապա դա կարող է լինել ինքնավնասման կամ զինծառայողների միջեւ անհանդուրժողականության դրսեւորում: Եթե ադրբեջանական կողմն ունի այլ փաստարկներ, ապա կարող է դիմել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար», ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հ. Ա.