Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին արժանացած իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր եվ Սիմին, ամուսնալուծություն» ֆիլմը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցույթում է: Սա ռեժիսորի առաջին մրցանակը չէ Բեռլինում. դեռ 2009 թվականին իր առաջին «Էլլիի մասին» ֆիլմի համար Ասղար Ֆարհադին արժանացել էր «Արծաթե արջ»-ի: «Նադեր եւ Սիմին, ամուսնալուծություն»-ը առաջին իրանական ֆիլմն է, որ արժանանում է Բեռլինալեի Գրան պրիին: Իսկ Նադերի եւ Սիմինի դերակատարները ստացան տղամարդու եւ կանացի լավագույն դերակատարման համար նախատեսված «Արծաթե արջեր»-ը:
«Նադեր եվ Սիմին, ամուսնալուծություն» ֆիլմն ամուսնական զույգի ու նրանց խնդիրների մասին է: Սիմինը ցանկանում է հեռանալ Իրանից, սակայն ամուսինը ստիպված է հոր հիվանդության պատճառով մնալ: Կինը նախընտրում է ամուսնալուծվել եւ դստեր հետ հեռանալ: Իսկ հետագա դեպքերի զարգացումը անակնկալի է բերում ընտանիքի բոլոր անդամներին եւ հանդիսատեսին:
«Ոսկե ծիրանի» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը` շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների` ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության` որպես գլխավոր հովանավոր, եւ ՀՀ մշակույթի նախարարության` որպես պետական աջակից:
«Ոսկե ծիրանի» մամլո կենտրոն