«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2011-06-30 | #121, 2011-07-01 | #122, 2011-07-02


ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ ՓԼՈՒԶՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր է այցելել տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը

Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 30-ին աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում:

Երեւան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի` 113-րդ եւ 118-րդ կմ-ում վնասված հատվածների, ինչպես նաեւ Շատին գյուղի ճանապարհի փլվածքի համար հստակեցվել են տեխնիկական լուծումները: Շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթվանից: Սիսիան - Գորիս միջպետական ճանապարհի հատվածի ուսումնասիրության արդյունքում հանձնարարություն է տրվել համապատասխան ստորաբաժանումներինՙ ուսումնասիրել վատ վիճակում գտնվող հատվածների հետագա շահագործման կամ վերականգնման հնարավորությունները:

Մանուկ Վարդանյանի այցի ընթացքում քննարկվել են նաեւ կապալառու կազմակերպությունների կողմից բարձրացված հարցերը:

Հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ, որ հուլիսի 1-ի դրությամբ արդեն սկսվել են Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի 365-րդ կմ-ում փլվածքի հետեւանքների վերացումը, Երեւան-Սեւան-Իջեւան 105-րդ կմ-ում ստորին հենապատի վերականգնումը, Երեւան-Սեւան-Իջեւան 83+050կմ եւ 96+450 կմ ճանապարհային պատվածքի վերականգնումը, Ծաղկաձորի մարզահամալիր 11-րդ կմ-ում սողանքային տեղամասի վերանորոգումը, Երեւան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 97+250 կմ տեղամասում (Ելփին-Չիվա հատված) գարնանային առատ տեղումների հետեւանքով առաջացած փլվածքի վերանորոգումը: Երկու տասնյակից ավելի հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատվածների եւ տրանսպորտային օբյեկտների մեծ մասի վերանորոգման նախագծային աշխատանքներն ավարտված են:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4