«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2011-06-30 | #121, 2011-07-01 | #122, 2011-07-02


ԼՈՒՍԱՎՈՐ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ

Այսօր Հայաստանում կարծես չկա մեկը, որը արտերկրում հարազատ-բարեկամ չունենա, եւ սա վաղուց արդեն նորություն չէ: Նորություն չէ նաեւ, որ արտերկիր մեկնած, այնտեղ հարմար աշխատանք գտած շատ հայեր այնտեղ են տեղափոխում ոչ միայն իրենց ընտանիքներին, այլեւ հարազատներին, ծանոթներին, ընկերներին... եւ երբ մեզանից որեւէ մեկը տանը դիտում է, ասենք, Սարատովում, մեր բարեկամների երեխաների հարսանիքի տեսագրությունը, ապա հասկանում է` «Նրանք էլ հետ չեն գա...», ոմանք անգամ` «Լավ էլ ապրում են մարդիկ, ես էլ պետք է գնամ»:

«Մենք տագնապով ենք արձանագրում, որ արտագաղթը Հայաստանից չի դադարում: Ժողովրդագրական իրավիճակը ծայր աստիճան վատթարացել է: Արտագաղթը Հայաստանից վերածվում է տնտեսական եւ ազգային աղետի», այս կերպ է սկսվում մի խումբ մտավորականների բաց նամակը` ՀՀ ԱԺ նախագահին եւ վարչապետին: Նամակը ստորագրել են Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, «Հազարաշեն» գիտական կենտրոնի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանը, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նամակը երեկ «Հայելի» մամուլի ակումբում ներկայացրին հեղինակները: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը ընդգծեց որ «արտագաղթը երկրում հասել է մի հանգրվանի, երբ լռելն այլեւս անհնար է»: «Ճիշտ է, կառավարությունը ծրագրեր է կազմում արտագաղթը կասեցնելու, կամ մեղմելու ուղղությամբ, սակայն դրանք իմիտացիա են: Արտագաղթի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում իրական վիճակը: Վերջինը հատկապես անհանգստացնող է գյուղական բնակավայրերում, մեր սահմանային բնակավայրերը ամայանում են...», նկատեց Անանյանը:

Լինելով նաեւ համալսարանիդասախոս` Կարինե Դանիելյանը հատկապես անհանգստություն հայտնեց երիտասարդների հիասթափության մակարդակից. «Մեր մագիստրատուրաների լավագույն ուսանողները հեռանկար չեն տեսնում հայրենիքում: Կարծում եմՙ հիասթափության պատճառը երկրում տիրող մթնոլորտն է, երբ տղամարդը կարող է աղբամանից բան վերցնել: Մենք այլեւս 1988-ի ժողովուրդը չենք. մարդիկ մթնոլորտից են փախչում», նշեց Դանիելյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր հերթին նկատեց. «Մարդիկ փրկություն են տեսնում արտագաղթի մեջ: Մեզանում բավական կիրառելի է դարձել «սա իմ հայրենիքը չէ» արտահայտությունը, մարդիկ ինքնաօտարվում են` «Իմ եւ նրանցը...» որակավորումներ տալով»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ընդգծեց, որ մարդկային արտագաղթից բացի «արտահանվում է նաեւ մեծահարուստների կապիտալը»: «Վերջիններս ավելի նախընտրում են առեւտրի, զվարճանքների բիզնեսը, քան աշխատատեղեր բերող արտադրությունը», ասաց Մանասերանը: Նա առաջարկությամբ հանդես եկավՙ երկրի սահմանային որոշ շրջանները դարձնել ազատ տնտեսական գոտիներ, որպեսզի «ձեռներեցներն այնտեղ ներդրումներ անեն», հետեւաբար` աշխատատեղեր ստեղծվեն. «Ափսոս է կրթել երիտասարդի, որը վաղը գործազուրկ է դառնալու»:

«Առաջարկում ենք ՀՀ ԱԺ նախագահին անհապաղ խորհրդարանական լսումներ կազմակերպել` կառավարության պատասխանատու պաշտոնյաների ներկայությամբ եւ ՀՀ մտավորականների մասնակցությամբ: Վարչապետին ու կառավարությանն առաջարկում ենք ամենամոտ ժամանակներում հասարակությանը եւ ԱԺ-ին ներկայացնել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը շտկելու կոնկրետ եւ վստահություն ներշնչող միջոցառումներ: Միաժամանակ, կոչ ենք անում մեր հայրենակիցներինՙ չլքել Հայաստանը, չնայած բոլոր դժվարություններին, մեր բոլորի համատեղ ջանքերով պայքարել եւ շենացնել մեր երկիրը», այս տողերով ավարտվում է մտավորականների նամակըՙ օրենսդիր եւ գործադիր իշխանություններին, որն արդեն երեկ ուղարկվեց:

Հրանուշ Խառատյանի խոսքերով իրենց ակնկալիքները մեծ չեն. «Լավագույն սցենարը, որ կարող է լինել` ԱԺ-ում խորհրդակցություններ հրավիրելն է», նշեց նա:

Հայաստանում այսօր քչերն ունեն աշխատանք, էլ ավելի քչերը` պատշաճ վարձատրվող աշխատանք: Այս երկու «խմբերի» մարդկանցից էլ քչերն են, որ երբ աշխատանքից վերադառնում են տուն, նկատում են, որ իրենց շենքի բնակարաններից մեկի պատուհանից էլ լույս չի վառվում... Մարդն ինչքա՞ն հիասթափված պետք է լինի սեփական հայրենիքից` ուղղակի մեկնելու անհայտ ուղղությամբ, իր հետ տանելով ընտանիքը: Այս վերջին իրողության փոփոխությունն է մեզ պետք, իսկ դա ոչ միայն բարձրագույն իշխանություններից է կախված: Այդ ժամանակ վստահաբար կունենանք լուսավոր պատուհաններ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4