«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2011-07-01 | #122, 2011-07-02 | #123, 2011-07-06


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀՍՏԱԿ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ` ՄԱՏՈՒՑՎԱԾ «ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ»

Կազանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման մասին, որ տեղի ունեցավ հունիսի 24-ին, առաջընթաց գրանցելու առումով քչերն են նշում, առավելապես բավարարվելով անարդյունք որակելու մոտեցմամբ: Ում ինչ թեզ հաստատելու անհրաժեշտություն կա, ըստ այդմ էլ ներկայացվում ու մեկնաբանվում է կազանյան հանդիպումը, ընդ որում, լավատեսության ու ընդհանրապես ակնկալիքների բացակայության ֆոնին:

Այդուհանդերձ, կազանյան հանդիպման նախապատրաստական աշխատանքների հիմնական բեռը տանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) երեկ հանդես են եկել հայտարարությամբ, ընդգծելով, որ թեեւ Կազանում հիմնարար սկզբունքների առնչությամբ վերջնական համաձայնության կողմերը չհասան, «բայց առաջընթաց եղավ»:

ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի համաձայն, համանախագահները հայտարարությամբ տեղեկացնում են, որ հուլիսի 4-ին Վիեննայում առանձին-առանձին հանդիպել են նորանշանակ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ, քննարկել ղարաբաղյան խնդրի կարգավորման «խաղաղ գործընթացը»: Զանյերի հետ քննարկվել են կազանյան հանդիպումից հետո անելիքները այն քայլերի համատեքստում, որոնք անհրաժեշտ է կատարել «ավարտին հասցնելու հիմնարար սկզբունքները որպես փոխընդունելի խաղաղ կարգավորման շրջանակ»:

«Կազանի հանդիպման արդյունքը, ներառյալ բանակցված կարգավորման ձգտելու կողմերի հաստատումը, խթան է, որ կողմերը պետք է օգտագործեն հասնելու սկզբունքների համաձայնեցմանը հնարավորինս շուտ», նշվում է հայտարարության մեջ, շեշտադրմամբ, որ դեռեւս առկա դժվարությունները չպետք է կողմերին «հետ պահեն հիմնարար սկզբունքներն ընդունելուց եւ առաջ գնալու դեպի խաղաղ գործընթացի պայմանագրի նախագծի նախապատրաստում»:

Համանախագահները, հիշեցնելով մայիսի 26-ին Դովիլում ստորագրված Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի հայտարարության ընդգծումը, վերահաստատել են, որ հարցի լուծման հետագա ձգձգումը միայն կարող է հարցականի տակ դնել կողմերի պատրաստակամությունըՙ հասնելու համաձայնության: Ողջ հայտարարության համատեքստում հենց այս շեշտադրումը հստակորեն ցույց է տալիս ոչ միայն համանախագահների, այլեւ համանախագահող երկրների դժգոհությունը կազանյան հանդիպումից ու այդպես էլ չգրանցված արդյունքից:

Ամեն դեպքում, հենց այդ հետաձգումն էլ թույլ չտալու համար համանախագահները տեղեկացրել են, որ արդեն ծրագրել են քննարկումներ ունենալ Մոսկվայում եւ տարածաշրջան այցելել մոտ ապագայում: Մոսկովյան քննարկումներին մասնակցելու համար էլ երեկ Մոսկվա է մեկնել Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4