«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2011-07-01 | #122, 2011-07-02 | #123, 2011-07-06


Ի՞ՆՉԸ ԿՀԱՋՈՐԴԻ ԿԱԶԱՆԻՆ

Հայոց մամուլը շնչահեղձ եղավ Կազանի հանդիպման մեկնաբանություններից: Ասենք, որ ռուսաստանյան լրատվամիջոցները եւս հանգամանորեն քննության առան երեք պետությունների ղեկավարների բանակցությունների արդյունքները: Դեռ մինչեւ լայնորեն տարփողվող միջոցառումը այստեղ չէին ընդունում «հերթապահ» լավատեսների կանխագուշակությունները ղարաբաղյան կարգավորման խնդրում «ճեղքման» հասնելու վերաբերյալ. չափից դուրս հակադիր են կողմերի դիրքորոշումները: Ափսոսանք է հայտնվում, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւիՙ Նոբելյան խաղաղության մրցանակին հավակնելու հնարավորությունները խիստ նվազեցին (դրական տեղաշարժեր չկան նաեւ Լիբիայում ձեռնարկվող միջնորդական առաքելության մեջ): Թեեւ, ով գիտի, սարկազմով նշվում է, որ Բարաք Հուսեյնովիչը նման պատվի արժանացավՙ միաժամանակ պատերազմելով Իրաքում եւ Աֆղանստանում:

Ինչեւէ, երեւի Հայաստանում բոլորից լավ գիտեն, թե ինչու ձախողվեցին կազանյան բանակցությունները: Սակայն արժե ուշադրության առնել Ռուսաստանում արծարծվող մի քանի տեսակետներ, որոնք փորձում են բացահայտել խնդրի կարգավորման եթե չասենք անկարելիությունը, ապա գոնե դրա ծայրահեղ դժվար իրագործումը: Գլխավորն, իհարկե, կոնֆլիկտի լուծման ընդհանուր փիլիսոփայությունն է, որը պիտի տա առաջադրվող հարցերի պատասխանները: Ռուսաստանը, Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ը համատեղ են աշխատում բանակցային գործընթացում: Սակայն Կովկասում այս միջնորդ սուբյեկտների ունեցած շահերի ու նպատակների տարբերությունները, երկու պետությունների հետ նրանց ընթացիկ հարաբերությունների ներանկախ օրակարգերը, վերջիններիս ռեսուրսների նկատմամբ առկա տարբեր հավակնությունները հակասական են դարձնում կարգավորման ուղիների որոնումները: Համոզիչ չի համարվում այն հավաստումը, թե իբր հակամարտության լուծումը առավելապես վստահված է Մոսկվային: Այդ դեպքում որտեղի՞ց լույս աշխարհ եկան Ադրբեջանի տասը նոր առաջարկությունները, որոնց մասին, ըստ հայկական կողմի, նախնական պայմանավորվածություններ չեն եղել: Ճիշտ է, բանակցությունների գերգաղտնի բնույթը կարող է միայն ենթադրություններ առաջացնել այս կամ այն մասնակցի «օբյեկտիվության» շուրջը: Տեղին է հիշեցվում, որ Մոսկվան չի կարողանում Եվրոմիության ու ԱՄՆ-ի հետ լեզու գտնել նույնիսկ հակահրթիռային համատեղ համակարգ ստեղծելու բնավ էլ ոչ տարածաշրջանային հարցում:

Ակնհայտ է համարվում նաեւ այն պարագան, որ Ղարաբաղի խնդիրը միջնորդներն օգտագործում են որպես ազդեցության արդյունավետ միջոց ե՛ւ Երեւանի, ե՛ւ Բաքվի վրա: Նրանք երեքն էլ թերեւս միասնական են մի հարցումՙ կանխել ռազմական բաց հակամարտությունը, որի հետեւանքները կարող են ավերիչ լինել ոչ միայն երկու պետությունների համար: Նման սուբյեկտիվ մոտեցումները, միախառնվելով խնդրի քաղաքական, էթնիկական ու կրոնական հիրավի բազմաբարդ ու յուրահատուկ բնույթին, տեսանելի ու կոնկրետ չեն դարձնում, ասենք, ուժ չկիրառելու վերաբերյալ իրավականորեն պարտադրող համաձայնագրի կնքումը, գրավված տարածքների ապառազմականացման կարգը, Լեռնային Ղարաբաղի «միջանկյալ» կարգավիճակի որոշումը եւ այլն: Ի դեպ, անորոշ, կիսատ-պռատ է համարվում հենց այդ կարգավիճակի հարցը, առավել եւս, երբ ժամանակակից միջազգային իրավունքը չի տնօրինում նման մոդելի: Զավեշտական կամ անեկդոտիկ են հնչում Հարավային Տիրոլի օրինակը ու հատկապես ղարաբաղցի հայերին «գերինքնավարական» ադրբեջանական քաղաքացիություն շնորհելու առաջարկները (ժամանակին նման կարգի խոստումներն ի՜նչ տվեցին վրացիներին):

Տարածքային հավասարակշռություն ստեղծելու իմաստով ինքնուրույն թեմա է համարվում խաղաղարար ուժեր մտցնելու առաջարկը: Հառնում են զգայուն հարցերՙ ինչպիսին կլինի դրանց ազգային կազմը, ինչ վայրերում կտեղաբաշխվեն դրանք, ինչ միջազգային մանդատ կունենան ու այդ ամենին ինչպես կարձագանքեն անմիջական հարեւանները եւ այլն: Եվ այն դեպքում, երբ հատկապես արաբական երկրների իրադարձությունների ֆոնի վրա ՄԱԿ-ը թե ԵԱՀԿ-ն իրենց հեղինակությունն ու կարողությունները դարձրել են կասկածելի:

Անողոք է հնչում այն տեսակետը, ըստ որի չի կարելի որոշակի պայմանների դեպքում բացառել ադրբեջանցիների կողմից էթնիկական զտման դիմելու գայթակղությունը, ինչի նկատմամբ, ցավոք, «առաջադեմ» միջազգային հանրությունը հաճախ է աչք փակում, ելնելով կարճաժամկետ քաղաքական կամ այլ կոնյունկտուրայից: Համենայն դեպս մեր ժամանակների միջազգային պրակտիկան ավելորդ վստահություն դրսեւորելու առիթներ չի տալիս:

Այդուհանդերձ, ինչն են ընդունելի համարում ռուս փորձագետները ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում: Առկա իրավիճակիՙ ստատուս քվոյի պահպանումը: Անշուշտ, միջնորդները հանդես կգան նոր կամ նորացված նախաձեռնություններով, ինչը, սակայն, ժամանակ կպահանջի: Ադրբեջանը իհարկե կշարունակի Հայաստանին «տնտեսապես խեղդելու» քաղաքականությունը, իր զինված ուժերի արդիականացումըՙ փքաշուք զորահանդեսների անցկացումով: Բայց Հայաստանն էլ ի վիճակի է վերազինվել արդյունավետ ռազմական գործողություններ վարելու մակարդակով: Այնպես որ, ռուս մասնագետներից շատերի կարծիքով, հակամարտող երկու կողմերի ռազմական կարողության հաշվեկշռումը կմնա տարածաշրջանային կայունության պահպանման ներկա առանցքային գործոնը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4