«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2011-07-01 | #122, 2011-07-02 | #123, 2011-07-06


ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Հուլիսի 5-ի առավոտյան «Էրեբունի» բժշկական կենտրոնում դադարեց բաբախել ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, անկրկնելի երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի սիրտը: Վերջերս, իր 80-ամյա հոբելյանի առիթով, Վահագն Ստամբոլցյանը համերգային շրջագայություններ էր ունենում մեր հանրապետության տարբեր մարզերում: Հունիսի 17-ին Կապանում գտնվելու ժամանակ երգեհոնահարի ինքնազգացողությունը վատացել էր եւ նրան տեղափոխել էին տեղի բժշկական կենտրոն, ապաՙ Երեւան: Վերջին երեք օրերին երաժշտի սիրտն աշխատում էր 18 տոկոսով, բայց գիտակցությունը տեղն էր, «Ազգին» հաղորդեցին բժշկական կենտրոնի բժիշկները: Ցավոք, նրան փրկել չհաջողվեց:

Մեծ էր Վահագն Ստամբոլցյանի ավանդը երգեհոնային երաժշտության տարածման գործում, նրա ունեցած դերըՙ անգնահատելի:

Հայաստանում 60-ական թվականների ազգային հոգեւոր-մշակութային վերազարթոնքի շարժման մեջ մեծ է, շատ մեծ է Վահագն Ստամբոլցյանի դերը ոչ միայն երգեհոնային երաժշտության դարավոր արժեքները մեր հասարակությանը մատուցելու, այլեւ ընդհանրապես մեզ հոգեւորին առնչելու գործում: Անկրկնելի Լուսինե Զաքարյանի հետ նրա համերգներն ազգային-հոգեւոր պոռթկումների լավագույն պահեր են պարգեւել այդ ժամանակաշրջանի սերունդներին:

Հանգիստ աճյունիդ, սիրելի՛ արվեստագետ:

Մ. Մ.

«Ազգը» ցավակցում է տիկնոջըՙ մեր թերթի հեղինակներիցՙ արվեստաբան Աստղիկ Ստամբոլցյանին, մյուս հարազատներին, երաժշտասեր մեր ողջ հասարակությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4