«Երգի ճանապարհը սկսել եմ Սրբոց Վարդանանց երգչախմբին անդամակցելով: Այնտեղ հագեցրի հայկական երգերի հանդեպ ունեցած իմ ծարավը: Երգչախումբը մեծ ազդեցություն ունեցավ իմ կյանքում», «Էրմենիհաբեր» լրատու կայքին տված հարցազրույցում ասել է թրքահայ երգչուհի Սիբիլ Պեկտորոսօղլուն , որի «Նամակ» երգըՙ անցյալ տարվա վերջերին թողարկված իր նոր ալբոմից, վերջերս «հիթ» է դարձել Թուրքիայում եւ դրա տեսահոլովակը հաճախակի ցուցադրվում է հանրային հեռուստատեսությամբ: «Հուրիեթի» փոխանցմամբ դա առաջին հայկական երգն է, որ հեռարձակվում է Թուրքիայի գլխավոր հեռուստակայանով:
Հովհաննես Շիրազի բառերի հիման վրա գրված «Նամակ» երգը երգչուհու «Սիբիլ» ալբոմից է, որտեղ տեղ են գտել նաեւ «Կիլիկիա» եւ «Տեր ողորմեա» հայերեն երգերը:
«Ալբոմը, որը ես թողարկեցի ազգականների օժանդակությամբ, իմ կյանքի երազանքն էր: Այն շատ լավ ընդունվեց ժողովրդի կողմից: Դրական արձագանքներ եղան, եւ չնայած հայերեն բառերը չեն հասկանում, մարդիկ հաճախակի ցանկանում են լսել «Նամակը», նշել է երգչուհին:
Սիբիլը ծնվել է եւ այժմ էլ ապրում է Ստամբուլում: 2001 թվին այցելել է Հայաստան: Ալբոմի երգերի մշակումը կատարել է ավելի քան 40 տարվա պոպ երաժշտության ասպարեզում փորձառություն ունեցող հայտնի երաժիշտ Չենք Թաշկանը, որի իսկական անունն է Մաժակ Թոսիկյան:
Հ. Ծ.