Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում («Ձիթողցոնց տուն») շաբաթ օրը բացվեց Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի գործերի անհատական ցուցահանդեսը: Մայրաքաղաքում կազմակերպված հունիսյան ցուցադրությունից հետո 80-ամյա վարպետի աշխատանքները նրա հայրենի քաղաքում ներկայացնելը պատահական չէր: Ինչպես նախօրյակին եւ բացման ժամանակ նշեց ցուցահանդեսի կազմակերպիչը` արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը , ներկայացված գործերը մեր առջեւ բացում են նկարչի ներաշխարհը, նրա սերը հայրենի հողի, հատկապես իր ծննդավայրի, Շիրակ աշխարհի հանդեպ: Նա մի ներկայացուցիչն է մեր արվեստագետների, նկարիչների 1960-ականների այն հրաշալի սերնդի, որը հայ մշակույթի վերածննդի խորհուրդն ուներ:
Գյումրիում ցուցադրված են ընդամենը երկու տասնյակ յուղաներկ եւ ջրաներկ աշխատանքներ, որոնց մեծագույն մասը ստեղծվել է վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ նկարիչն ապրում է հայրենիքից հեռու: Բայց նկարների թեման Հայաստանը, հայրենի եզերքն է` արվեստագետի խոհերի ու ապրումների աշխարհը, որից նա երբեք չի հեռացել: «Աղբյուրի մոտ», «Գարուն», «Արաքսի ափին», «Իրինդ», «Հառիճ», «Ջրաղաց Ախուրյանի ափին» եւ այլ գործերը, տարբեր նատյուրմորտները ոչ միայն մտերմիկ-հայկական են, այլեւ դրանք դիտելիս տեսնում ես, Շահեն Խաչատրյանի բնորոշմամբ, գույնի «պնդությունը», ամրությունը, գույնի հնչողությունը եւ գույնի ներդաշնակումների մեջ հնչող լույսը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ