Ինչպես երեկ տեղեկացրել է «Ազգը» , ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 5-6-ը իր ռուս գործընկերոջ հրավերով գտնվում էր Մոսկվայում: Հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումից հետո, սա, փաստորեն, ԼՂ հիմնահարցի շուրջը առաջին բարձրաստիճան հանդիպումն էր, եւ մանավանդ Մոսկվայից շատ կարեւոր էր լսել հանդիպման պաշտոնական գնահատական: Հանդիպումից հետո, ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Լավրովը նշել է. «Նախարար Նալբանդյանի հետ մենք հաստատեցինք, որ Կազանում նախագահները հայտարարել են կարեւոր հարցերում դիրքորոշումների համաձայնեցման մասին, որոնք նպաստում են հակամարտության վերջնական լուծմանը»: Ավելի «կոնկրետանալով»` ՌԴ ԱԳ նախարարը նշել է. «Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որպես միջնորդ, որը գործում է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համաձայնությամբ եւ աջակցությամբ, ավարտել է իրավիճակի վերլուծությունը կազանյան հանդիպումից հետո եւ մոտ ժամանակներս հետագա քայլերի վերաբերյալ որոշում կընդունի»:
Հետաքրքրական է Լավրովի անդրադարձը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության հարցին, որը Բաքուն ամեն կերպ փորձում է բարձրացնել: Լավրովը նախ ընդգծել է. «Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար հանդիպումներ են ունենում հակամարտության կողմերի հետ` այցելելով Երեւան, Բաքու եւ Ստեփանակերտ»: Իհարկե, մինչ այս էլ հասկանալի էր, թե ինչու եռանախագահներից ոչ ոք հակամարտության «երկու» կողմ չի նշում, այլ կողմեր, բայց նման պարզաբանում, թե կողմերը քանիսն են ու «երրորդն» ով է, դեռ կարծես թե չէր հնչել` այն էլ ՌԴ ԱԳ նախարարից: Այնուհետեւ Լավրովը շեշտել է, որ հակամարտության խաղաղ բանակցությունների նման վճռորոշ փուլում Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունը ապակառուցողականություն է. «Որպես կանոն նման խոսակցությունները ցրում են ուշադրությունը բուն խնդրից, ինչը ապակառուցողականություն է»: Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը ընդգծել է, որ «Իմաստազուրկ է ԼՂ հիմնահարցը տեղափոխել այլ ատյաններ` զանազան խորհրդարանական ասամբլեաներ կամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա: Ոչ մի խորհրդարանական ասամբելա կոչված չէ լուծելու հակամարտություն: Հետեւաբար խելամիտ չէ այսօր խոսել Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունից: Մենք համակարծիք ենք համանախագահների հետ, որ առկա ձեւաչափը, որը բավական արդյունավետ գործել է վերջին տարիներին, պետք է պահպանել», ընդգծել է Նալբանդյանը:
Հատկանշական է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները մանրակրկիտ չեն անդրադարձել Լավրով-Նալբանդյան հանդիպմանը, միայն վերջիններիս համար ելույթ է ունեցել երգիչ, Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին. «Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը առաջիկայում կլինի Մոսկվայում, նախատեսված է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցելությունը Բաքու», «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` նշել է Բյուլբյուլօղլին:
Հ. ԱՖՅԱՆ