Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Ինչպես տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից` Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկա, որտեղ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը նախատեսում է նորարարական տեխնոլոգիայի ներդրմամբ Արարատի ոսկու արդյունահանման նորՙ «Ալբիոն» ֆաբրիկայի կառուցումը, որը շահագործման կհանձնվի 2013թ.: Մինչ «Գեոպրոմայնինգ» ընկերության գործունեության արդյունքներին եւ ֆաբրիկայի շինարարական նախագծերին ծանոթանալը նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել աշխատանքային պայմաններին եւ արտադրական գործընթացին: Նախագահ Սարգսյանին ներկայացվել է, որ «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի ներդրումն ուղղված է ձեռնարկության արտադրական արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապեսՙ նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա զգալի չափով մեծացնել մետաղի կորզումը Սոթքի հանքավայրի դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից: Զեկուցվել է, որ, իբր, արտադրության արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները համապատասխանում են միջազգային բնապահպանական չափանիշներին:
«Գեոպրոմայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը եւ «Էքստրատա» ընկերության ներկայացուցիչ Մայք Հորնը ստորագրել են համաձայնագիրՙ
«Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի օգտագործման լիցենզիան Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկային տրամադրելու վերաբերյալ, այնուհետեւ տեղի է ունեցել նոր ֆաբրիկայի հիմնարկեքի արարողությունը:
Աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանն Արարատի մարզպետարանում մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ քննարկել է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները:
Հ. Ա.